Մատչելիության հղումներ

Արտակ Զեյնալյան․ ԿԸՀ-ն ստանձնել է ՀՀԿ-ի պաշտպանի դերը


ԿԸՀ-ն Հանրապետական կուսակցության գրանցումը ուժը կորցրած ճանաչելու հայցով չի դիմի դատարան:

Ժամեր շարունակ քննարկելով «Ելք» դաշինքի պահանջը՝ հանձնաժողովն այն մերժեց միաձայն:

«Ելք» դաշինքի ներկայացուցիչ Արտակ Զեյնալյանն «Ազատությանը» փոխանցեց, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշումը բողոքարկելու դատարանում:

Դիմումի հիմքում ՀՀԿ-ի համար ընտրողների ցուցակներ կազմող դպրոցների և մանկապարտեզների տնօրենների աղմկահարույց ձայնագրությունն էր: Հղում անելով Իրազեկ քաղաքացիների միավորման հետաքննությանը՝ դաշինքի ներկայացուցիչները պնդեցին, թե վարչական ռեսուրսը համակարգված ծառայեցվել է իշխանական կուսակցությանը:

ԿԸՀ-ն այլ կարծիքի էր․ - «Նկատի ունենալով այն հանգամանքը, որ ցուցակների կազմումը, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից սույն որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումներին, իրավական հիմնավորումներին և վարչական վարույթով առկա փաստական հանգամանքներին համապատասխան, չի գնահատվում որպես հանրային ռեսուրսի չարաշահում՝ ուստի հիմնազուրկ է այն միայն մեկ կուսակցության օգտին ծառայեցնելու փաստարկը»:

«Կենտրոնական ընտրական հանձնաժողովն անաչառ չէ», - դիմումի քննարկման ժամանակ հայտարարեց «Ելք»-ի ներկայացուցիչ Արտակ Զեյնալյանը: - «Դպրոցները և մանկապարտեզները ընտրվել են պատահականության սկզբունքով․ որ հեռախոսահամարին պատասխանել են, այդ տնօրենի հետ իրականացվել է խոսակցությունը: Եվ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը փոխանակ պարզի՝ արդյո՞ք այն ավելի մեծ ընդգրկվածություն ունի թե ոչ, ընդամենը ստանձնել է Հանրապետական կուսակցության պաշտպանի դերակատարությունը»:

Երկու օր առաջ ԿԸՀ-ն մերժել է «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի նույնաբովանդակ պահանջը:

Հատ-հատ հրապարակելով 114 դպրոցների ու մանկապարտեզների տնօրենների խոսքի բովանդակությունը՝ «Ելք» դաշինքի ներկայացուցիչներից Նիկոլայ Բաղդասարյանը միջնորդեց ԿԸՀ-ի հայեցողությամբ հրավիրել նրանցից գոնե հինգին՝ հայտարարելով, որ այդ դեպքում ինքը կապացուցի, որ նախորդ [ՕՐՕ-ի դիմումի կապակցությամբ] որոշման մեջ արտահայտած տեսակետը, թե տնօրենները չեն զբաղվել նախընտրական քարոզչությամբ, չի համապատասխանում իրականությանը: Հանձնաժողովը չբավարարեց միջնորդությունը:

Հանձնաժողովը «Ելք»-ի ներկայացուցիչներին հնարավորություն էր տվել ծանոթանալ դպրոցների ու մանկապարտեզների տնօրենների՝ ԿԸՀ ներկայացրած բացատրություններին: «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքին վերաբերող ԿԸՀ որոշումը, թե հանրային ռեսուրսը չի կիրառվել ՀՀԿ-ի օգտին, նաև այդ հայտարարությունների վրա էր հիմնված:

«Դատարկ թղթի տակ են ստորագրել․․․ Կնիք չկա, ամսաթիվ չկա, բովանդակությունն էլ գրեթե նույնն ա: Ընտրական հանձնաժողովը պահանջում է բացատրություն, թե եղելության վերաբերյալ տարբեր տեղ նստած մարդիկ գրում են դիմում՝ իրարից անկախ, ու նույն ձևակերպումները, նույն բառերը», - ասաց Նիկոլայ Բաղդասարյանը:

Նա ԿԸՀ-ին առաջարկեց լսել նաև «Արմլուր» կայքում օրերս հրապարակված Սյունիքի մարզի Խոզնավար համայնքի դպրոցի տնօրենի և ուսուցիչներից մեկի խոսակցության ձայնագրությունը, որից, ըստ «Ելք»-ի ներկայացուցչի, երևում է, որ տնօրենը իր լիազորությունները կատարելիս զբաղվել է նախընտրական քարոզչությամբ: Ավելին՝ կարծելով, թե ԲՀԿ-ի ընտրող է, ճնշում է գործադրել նրա վրա, որպեսզի ձայնը տա Հանրապետական կուսակցությանը: ԿԸՀ-ն որոշեց այդ ձայնագրությունն ուղարկել դատախազություն:

Նախորդ անգամ էլ Գյումրիի թիվ 37 դպրոցի վերաբերյալ ձայնագրությունը փոխանցեցին իրավապահներին՝ պարզելու, թե կան արդյոք հանցագործություն տարրեր:

«Ինչ վերաբերում է Սյունիքի մարզի Խոզնավար համայնքի դպրոցի տնօրենի մասով ձայնագրությունում ընտրողի ազատ կամքի իրականացմանը խոչընդոտելու հանցակազմի առկայությանը, ապա հարցի քննարկումը և իրավական գնահատականը ըստ էության դուրս է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի իրավասության շրջանակից», - նշեց Մուկուչյանը:

Թեև Կոնգրես-ՀԺԿ դաշինքը դիմում չէր ներկայացրել ԿԸՀ, դաշինքի ներկայացուցիչ Արմեն Խաչատրյանը քննարկումների ժամանակ հայտարարեց, որ իրենք միանում են «Ելք»-ի պահանջին:

Տիգրան Մուկուչյանն արձագանքեց․ - «Ձեր հայտարարությունը ի գիտություն կընդունենք․․․ և դիմումին միանալու ինստիտուտ գոյություն չունի»:

Խաչատրյանը հակադարձեց․ - «Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անգործությունը այս պահից սկսած կարող է հարցականի տակ տնել ընտրությունների լեգիտիմությունը, քանի որ կատարված վարչական ռեսուրսի ապօրինի օգտագործումը այնքան տարածված, այնքան համակարգված բնույթ ունի, որ ընդհանրապես այլևս մենք կարող ենք արձանագրել, որ կոնկրետ ազդեցություն թողել է ընտրողների կամքի վրա»:

XS
SM
MD
LG