Մատչելիության հղումներ

Հայ հեղափոխական դաշնակցությունը, ամփոփելով նախընտրական քարոզարշավը, հայտարարում է՝ իրենց վարկանիշը ցածր չէ։

Լրագրողների հետ հանդիպմանը ՀՅԴ նախընտրական շտաբի ղեկավար Աղվան Վարդանյանը խորհուրդ տվեց սպասել ևս երկու օր․ - «Թող այդ դրամը չլինի, կեղծ ամբոխավարությունը չլինի և տեսնենք՝ ով ինչքան է»:

Դաշնակցության քարոզարշավն, ի տարբերություն այլ ուժերի, մեկ անձի վրա հիմնված չէր և առանձնանում էր մնացածից, ասաց Վարդանյանը։ Նա հիշատակեց քարոզարշավի սկզբում որոշ ուժերի կիրառած բառապաշարը․ - «Տարբեր արտահայտություններ եղան՝ կաշիներդ կքերթեմ, մաշկներդ կհանեմ, ականջներդ կկտրեմ, քաղաքական աղբ․․․ կարծում եմ՝ այս բառապաշարը մեր քարոզչության մեջ երբեք չեք հանդիպի, որովհետև մենք իսկապես իբրև ծանրակշիռ քաղաքական կուսակցություն միշտ փորձել ենք խնդիրների մասին խոսել, ուղղությունների մասին խոսել, առաջնահերթությունների մասին խոսել և ոչ թե փորձել այլ մեթոդներով ձայն շահել»:

Անդրադառնալով ընտրական օրենսգրքի փոփոխություններն՝ դաշնակցական գործիչը հույս հայտնեց, որ այս ընտրություններին կմասնակցեն նաև այն քաղաքացիները, ովքեր նախորդ ընտրություններին չեն մասնակցել, քանի որ այս անգամ ընտրակեղծիքների դեմ տարբեր մեխանիզմներ են ներդրված։ Վարդանյանը շեշտեց, որ ընտրացուցակների հրապարակումը, ինչպես նաև վերահսկողական նոր մեխանիզմների կիրառումը նվազեցնում է տեղամասերում ընտրախախտումներ անելու հնարավորությունը․ - «Մեր հարյուր հազարավոր այն քաղաքացիները, ովքեր չէին վստահում ընտրություններին, ովքեր չէին գնում ընտրության, առնվազն նրանց մի մասը այս ընտրություններին կմասնակցի: Գիտեք՝ այս մարդիկ ինքնուրույն մարդիկ են, մտածող մարդիկ են, ազնիվ մարդիկ են, մտահոգ մարդիկ են, և նրանք երբեք ընտրակաշառք չեն վերցնի: Եթե նրանք ընտրակաշառք վերցնեին, նախորդ ընտրություններին էլ կգնային: Ես հույս ունեմ, որ նրանց գոնե մի մասը կտեսնի այս փոփոխությունների նշանները և կհավատա, որ հնարավոր է ընտրություններով բան փոխել»:

Դաշնակցության համամասնական ընտրացուցակի երկրորդ համարը զբաղեցնող Աղվան Վարդանյանը քննադատեց մրցակից ուժերի կողմից միլիարդավոր դոլարներ Հայաստան բերելու խոստումը՝ նշելով, դա կարող է անել դաշնակցությունը։ Հիշեցնենք,՝ նման խոսում է տվել նաև Դաշնակցության գործընկեր, իշխող Հանրապետականի ղեկավար անդամ վարչապետ Կարեն Կարապետյանը։

«Հայաստանը կդառնա ներդրումների համար հուսալի միջավայր, ներդրումներ կլինեն, եթե այն փոփոխությունները, որ մենք սկսել ենք Հայաստանում, իրականություն դառնան, իշխանությունը դառնա վստահելի, հսկայական փոփոխություններ լինեն մաքսային, հարկային ոլորտներում, օրենսդրության մեջ», - նշեց նա:

Հայ հեղափոխական դաշնակցության ընտրացուցակը գլխավորող Արմեն Ռուստամյանն էլ նշում է՝ իրենց սրտով չէր վարկանիշային թեկնածուների առկայությունը, և սա նսեմացրեց այս ընտրությունների քաղաքական մակարդակը․ - «Ամեն մեկն ունի իր շրջանակը՝ խնամի-ծանոթ-բարեկամական, և գնալով համոզվեցինք, որ գրեթե դատարկ տեղ չի մնում անկախ ընտրողներ ունենալուն: Անտեր ձայն չկա՝ պարզ ասած, և շատ դժվար է այդ պարագայում քաղաքականացնել ընտրապայքարը»:

Դաշնակցական գործիչն անդրադարձավ նաև առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորած Կոնգրես-ՀԺԿ դաշինքի հրապարակած խաղաղության ծրագրին։ Ասաց, որ Ղարաբաղի հարցով Լևոն Տեր-Պետրոսյանի առաջարկները համահունչ են պաշտոնական Բաքվի դիրքորոշումներին:

«Այն հայեցակարգը, որ այսօր Լևոն Տեր-Պետրոսյանն է ասում, բացարձակապես չի համատեղվում Ղարաբաղի ժողովրդի պատկերացումների հետ: Այսինքն, ո՞վ է իրավունք տվել որևէ մեկին, լինի դա Լևոն Տեր-Պետրոսյանը, թե որևէ մեկը, անտեսի ժողովրդի կարծիքը: Բա ի՞նչ ժողովրդավարությունից եք խոսում, ի՞նչ եք ասում՝ անելու ենք այն, ինչ Ղարաբաղի ժողովուրդն է ուզում: Ղարաբաղի ժողովուրդը բազմիցս ձեզ ասել է ինչ է ուզում», - ընդգծեց Ռուստամյանը:

Նշենք, սակայն, որ Կոնգրես-ՀԺԿ դաշինքի ներկայացուցիչները հայտարարել են, որ իրենք չեն խոսում հող հանձնելու մասին։ Ավելին՝ Կոնգրեսի առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը նշել է, որ իրենք աջակցում են այն ծրագրին, որի շուրջ բանակցում է Դաշնակցության գործընկեր Հանրապետական կուսակցությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG