Մատչելիության հղումներ

Ֆլինը պատրաստ է պատմել ռուսների հետ կապերի մասին, եթե իրեն անձեռնմխելիություն տրվի


Մայքլ Ֆլին, արխիվ
Մայքլ Ֆլին, արխիվ

Նախագահ Թրամփի ազգային անվտանգության հարցերով նախկին խորհրդականը հրաժարական էր ներկայացրել անցած ամիս՝ ընդամենը մի քանի շաբաթ պաշտոնավարելուց հետո, երբ պարզ դարձավ, որ նա շփումներ է ունեցել ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպանի հետ, սակայն, այդ մասին որոշ տեղեկություններ գաղտնի է պահել ոչ միայն հանրությունից, այլև Միացյալ Նահանգների փոխնախագահից:

Միացյալ Նահանգների նախագահի ազգային անվտանգության հարցերով նախկին խորհրդական Մայքլ Ֆլինը հայտարարում է, թե տեղեկություններ ունի Դոնալդ Թրամփի շրջապատի և ռուսների միջև հնարավոր շփումների մասին և պատրաստ է ներկայացնել դրանք, սակայն, պայմանով, որ իր անձեռնմխելիությունը երաշխավորվի:

«Գեներալ Ֆլինն, անշուշտ, պատմելու բան ունի և շատ կուզեր այդ ամենը ներկայացնել, եթե հանգամանքները թույլ տան»,- հայտարարել է Ֆլինի փաստաբան Ռոբերտ Քելները՝մանրամասնելով․ «Դրա համար նախագահ Թրամփի նախկին խորհրդականին անհրաժեշտ է պաշտպանություն քրեական անարդար հետապնդումից»: «Բանական որևէ մարդ ցուցմունք չի տա այսչափ քաղաքականացված մթնոլորտում, երբ վհուկների որս է»,- նաև ասել է փաստաբանը՝ հիշեցնելով Կոնգրեսից հնչող հայտարարությունները՝ գեներալին քրեական պատասխանատվության ենթարկելու մասին:

Նախագահ Թրամփը պաշտպանել է իր նախկին խորհրդականի առաջադրած պայմանը: «Մայքլ Ֆլինը պետք է անձեռնմխելիություն պահանջի, սա ամենաիսկական և աննախադեպ ծավալների հասնող վհուկների որս է, որն իրականացվում է լրատվամիջոցների ու դեմոկրատների կողմից՝ ընտրություններում խոշորագույն պարտությունն արդարացնելու համար»,- գրել է Սպիտակ տան ղեկավարը «Թվիթեր»-ում:

Ֆլինը հրաժարական էր ներկայացրել անցած ամիս՝ ընդամենը մի քանի շաբաթ պաշտոնավարելուց հետո, երբ պարզ դարձավ, որ նա շփումներ է ունեցել ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպանի հետ, սակայն, այդ մասին որոշ տեղեկություններ գաղտնի է պահել ոչ միայն հանրությունից, այլև Միացյալ Նահանգների փոխնախագահից: Սպիտակ տունը հայտարարել էր, թե Ֆլինի արարքում հանցակազմ չկա, սակայն, նախագահ Թրամփը կորցրել է վստահությունը նրա նկատմամբ:

Ի դեպ, հրաժարականից շաբաթներ անց Ֆլինը և նրան պատկանող գրասենյակները գրանցվել էին Միացյալ Նահանգների Արդարադատության նախարարությունում, որպես օտարերկրյա գործակալներ, փաստելով, որ ավելի քան կես միլիոն դոլարի լոբբիստական աշխատանք են կատարել, որից կարող էր շահել Թուրքիայի կառավարությունը:

Այժմ, ըստ փաստաբանի, Ֆլինը բանակցում է Ամերիկայի Հետաքննությունների դաշնային բյուրոյի, Սենատի ու Ներկայացուցիչների պալատի հանձնաժողովների հետ՝ անձեռնմխելիություն ստանալու հարցով: Երեք կառույցներում էլ հետաքննություն է սկսվել՝ պարզելու, թե ինչ ազդեցություն են ունեցել ռուսները ամերիկյան վերջին ընտրությունների վրա: Կտրվի Ֆլինին անձեռնմխելիություն, թե ոչ՝ առայժմ հստակ չէ, պաշտոնական աղբյուրներն այս մասին մանրամասներ դեռ չեն հաղորդում:

Մինչ այդ ամերիկյան լրատվամիջոցները հիշեցնում են, որ ինքը՝ գեներալ Ֆլինը, նախկին պետքարտուղար, նախագահի դեմոկրատ թեկնածու Հիլարի Քլինթոնին քննադատելիս անցած տարի NBC հեռուստաընկերության եթերում պնդել էր, թե ցանկացած բարձրաստիճան պաշտոնյա կարող է ենթարկվել քրեական հետապնդման:

«Դա վերաբերում է նաև Հիլարի Քլինթոնին, նրա մերձավոր շրջապատից 5 հոգու տրվել է անձեռնմխելիություն, այդ թվում՝ աշխատակազմի ղեկավարին: Երբ քեզ անձեռնմխելիություն է տրվում, նշանակում է` դու հավանաբար ինչ-որ հանցանք ես գործել»,- ասել էր Մայքլ Ֆլինը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG