ՀՅԴ նախընտրական ցուցակում ընգրկված Կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը, համաձայն Կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացված գույքի և եկամուտների հայտարարագրի, 2016-2017 ընթացքում ունեցել է 55 միլիոն դրամ և 7 հազար եվրո եկամուտ, որի մեծ մասը ստացվել է բիզնեսից։ Միևնույն ժամանակ, հայտարարագիր ներկայացնելու պահին, դաշնակցական նախարարի հաշվին առկա է եղել 7 միլիոն դրամ, 20 հազար դոլար, 115 հազար եվրո և 165 հազար ռուսական ռուբլի։
ՀՅԴ ցուցակի 9-րդ հորիզոնականը զբաղեցնող Սպարտակ Սեյրանյանի տարեկան եկամուտը կազմել է 3 միլիոն դրամ, հայտարարագրի ներկայացման օրը նա իր հաշվին ունեցել է 80 հազար դոլար գումար։ Դաշնակցության նախընտրական ցուցակի առաջին հորիզոնականը զբաղեցնող Արմեն Ռուստամյանի կարողությունն ավելի համեստ է՝ մեկ տարում 8 միլիոն դրամ եկամուտ ստացած Ռուստամյանը հայտարարագրել է նաև 22 միլիոն դրամ, 15 հազար դոլար և 6 հազար եվրո։
Ցուցակի երկրորդ տեղը զբաղեցնող Աղվան Վարդանյանն, ըստ հայտարարագրի, անշարժ և շարժական գույք չունի։ Եկամուտը գոյացել է բացառապես պատգամավորական աշխատավարձից՝ մոտ 7 միլիոն դրամ։ Միևնույն ժամանակ, նրա բանկային հաշվին եղել է 9 միլիոն դրամ և 24 հազար դոլար։ Ընտրացուցակի երրորդ տեղը զբաղեցնող տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը հայտարարագրել է 47,5 միլիոն դրամ եկամուտ: աշխատավարձից բացի, մեկ տարվա ընթացքում նա գումար է վաստակել նաև շահաբաժիններից։
Համաձայն կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացված փաստաթղթերի, բնապահպանության դաշնակցական նախարար Արծվիկ Մինասյանն ավելի քիչ կարողություն ունի, քան նրա իրավախորհրդատու, Սևանի տարածաշրջանում որպես վարկանիշային թեկնածու առաջադրված Իշխան Սաղաթելյանը։ Դաշնակցության ընտրացուցակի 6-րդ հորիզոնականը զբաղեցնող Մինասյանի մեկ տարվա եկամուտը գոյացել է աշխատավարձից՝ 10 միլիոն դրամ։ Իսկ նրա դրամական հաշվին առկա է եղել մոտ 5 միլիոն դրամ։ Մինչդեռ, նրա իրավախորհրդատու Իշխան Սաղաթելյանը, որն իր եկամուտները չի հայտարարագրել, խոշոր գումար է ունեցել իր բանկային հաշվին՝ 63 միլիոն դրամ, 150 հազար դոլար, 25 հազար եվրո։
Պակաս կարողությունների տեր չէ նաև դաշնակցության խմբակցության պատգամավոր Կարեն Շախմուրադյանը։ Մեկ տարվա ընթացքում նա ստացել է 64 միլիոն դրամ եկամուտ, միևնույն ժամանակ, հայտարարագիրը ներկայացնելու պահին իր հաշվի վրա նա ունեցել է 51 միլիոն դրամ, 93 հազար դոլար և 4 հազար եվրո։ Պատգամավորական աշխատավարձը Դաշնակցության մեկ այլ թեկնածու, պատգամավոր Արմեն Բաբայանի եկամտի փոքր մասն է կազմել։ Մեկ տարվա ընթացքում նա ստացել է 60 հազար դոլար փոխառություն։ Բացի այդ, նրա հաշվին առկա է եղել 215 հազար դոլար և 5 միլիոն դրամ։
Դաշնակցության ընտրացուցակի 13-րդ տեղը զբաղեցնող, անկուսակցական, բժշկական համալսարանի դասախոս, հայտնի վիրաբույժ Արտավազդ Սահակյանը 17 միլիոն դրամի եկամուտ է հայտարարագրել, հաշվին էլ ունի 451 հազար դոլար։