Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ը փոխում է դիրքորոշումը Ասադի հարցում


ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Նիքի Հեյլի, արխիվ

Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի պաշտոնանկության վրա կենտրոնանալն այլևս առաջնայնություն չէ Միացյալ Նահանգների համար, հայտարարել է ՄԱԿ-ում ԱՄՆ ներկայացուցիչը՝ միաժամանակ դատապարտելով Ասադի կողմից մարդու իրավունքների ոտնահարումները սեփական ժողովրդի նկատմամբ:

Նիքի Հեյլին ընդգծել է, որ Ամերիկայի համար առաջնային կլինի սիրիացիների կյանքը դեպի լավը փոխելու հնարավորություններ գտնելը։

Ամերիկացի բարձրաստիճան դիվանագետի այս հայտարարությունը հնչում է Միացյալ Նահանգների պետքարտուղարի Անկարայում հնչեցրած նույնաբովանդակ հայտարարության ֆոնին: Ռեքս Թիլերսոնը երեկ թուրք պաշտոնակից Մևլութ Չավուշօղլուի հետ համատեղ ասուլիսին հայտարարել է, թե Բաշար Ասադի «կարգավիճակի կամ հեռանալու հարցը պետք է վճռի սիրիական ժողովուրդը»:

«Ես կարծում եմ, որ նախագահ Ասադի կարգավիճակը երկարաժամկետ կտրվածքով պետք է վճռի Սիրիայի ժողովուրդը», - մասնավորապես ասել է պետքարտուղար Թիլերսոնը:

Այսպիսով, կարելի է արձանագրել, որ Սիրիայի նախագահի հարցում պաշտոնական Վաշինգտոնի դիրքորոշումը կտրուկ փոփոխության է ենթարկվել: Բարաք Օբամայի վարչակազմը, հիշեցնենք, պնդում էր, որ սիրիական հակամարտությունը չի կարող կարգավորվել, մինչև Ասադը չհեռանա պաշտոնից: Այս դիրքորոշման կողմնակիցն է շարունակում մնալ սիրիական պատերազմում Վաշինգտոնի գլխավորած կոալիցիայի անդամ Մեծ Բրիտանիան: ՄԱԿ-ում այդ երկրի մշտական ներկայացուցիչ Մեթյու Ռայքրոֆթի համոզմամբ՝ սիրիացի ժողովուրդը «բավական հստակ էր արտահայտել իր կարծիքը այն մասին, թե ում է ցանկանում և ում չի ցանկանում տեսնել իր ղեկավարի պաշտոնում»:

«Վեց տարի առաջ այդ հակամարտությունը սկսվել է Ասադի դեմ խաղաղ ցույցերից: Ողբերգությունն այն է, որ նա ընդունակ չէր լսելու ցուցարարներին և ճնշել է այդ ելույթները՝ պատերազմ սկսել գոյատևելու համար», - հայտարարել է բրիտանացի բարձրաստիճան դիվանագետը:

Սիրիական ընդդիմությունը, իր հերթին, շտապել է վերահաստատել՝ Ասադը պետք է հեռանա: «Այդ հարցում ընդդիմության դիրքորոշումը մնում է անփոփոփոխ: Ասադի մասնակցությունը երկրի ապագայի հարցում անընդունելի է», - հայտարարել է Սիրիայի հարցով ընթացող բանակցությունների կողմերից՝ Բարձրագույն կոմիտեի ներկայացուցիչ Մունզեր Մախոսը:

Սիրիայում չդադարող պատերազմի ֆոնին, այդուհանդերձ, բանակցությունները շարունակվում են: Ավարտին է մոտեցել ՄԱԿ-ի հովանու ներքո Ժնևում ընթացող բանակցությունների հինգերորդ փուլը, սակայն կողմերն առայժմ առանձնացնում են ընդամենը մեկ դրական ձեռքբերում՝ բանակցությունների փաստը․ հակամարտության կարգավորման հարցում առայժմ որևէ առաջընթաց չի արձանագրվել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG