Մատչելիության հղումներ

Սարգսյան․ «Ընտրեք ում ուզում եք, բայց հիշեք․․․»


Երևան, Մարզահամերգային համալիր, 31-ը մարտի, 2017 թ․
Երևան, Մարզահամերգային համալիր, 31-ը մարտի, 2017 թ․

Իշխող Հանրապետականն ամփոփեց քարոզարշավը

Իշխող Հանրապետականի առաջնորդ, նախագահ Սերժ Սարգսյանն այսօր, ամփոփելով իր ղեկավարած ուժի նախընտրական քարոզարշավը, Մարզահամերգային համալիրում ունեցած ելույթում քաղաքացիներին կոչ արեց ապրիլի 2-ին ընտրություն կատարել և ոչ թե ընտրել Հանրապետականին, այլ «ում ուզում են»: Սերժ Սարգսյանը, սակայն, զգուշացրեց՝ քվեաթերթիկ ընտրելիս քաղաքացին ընտրելու է նոր զինատեսակներ, ինչպես նաև այն ուժին, որը պետք է լուծի Ղարաբաղի խնդիրը:

Հայաստանի նախագահը պատահական չհամարեց այն, որ ընտրությունների օրը համընկել է ապրիլյան քառօրյա պատերազմի մեկնարկի հետ: «Այս համընկնումը որքան պատահական, այնքան էլ ոչ պատահական է թերևս: Մեզնից յուրաքանչյուրը քվեաթերթիկ է ընտրելու, ու շատ կարևոր է, որ ընտրելիս հստակ գիտակցի, որ քվեաթերթիկը նաև բանալի է, բանալի դեպի նոր զինատեսակներ, զրահատեխնիկա և սահմանին կանգնած զինվորի անվտանգության հետևողականորեն ավելացում: Ընտրել քվեաթերթիկ, նշանակում է ընտրել, թե ովքեր և ինչպես են լուծելու մեր թիվ մեկ խնդիրը՝ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը: Ովքեր են, որ պետք է խաղաղ բանակցությունների ճանապարհով հասնեն այն բանին, որ Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակը որոշվի Արցախի բնակչության կողմից: Մի սկզբունք, որից մենք երբեք չենք հրաժարվելու:

Այս միջոցառման բնույթից ելնելով, ես հիմա ձեզ պետք է կոչ անեի՝ ընտրել Հայաստանի Հանրապետական կուսակցությանը, բայց ես այդպես չեմ անի: Ես կասեմ՝ ընտրեք ում ուզում եք: Բայց ընտրելիս հիշեք զավակին բանակ ուղարկած մայրերին, ում սրտի յուրաքանչյուր հարվածը որդիների ապահով ծառայության վարկյաններն է հաշվում: Հիշեք, սահմանամերձ գյուղում հակառակորդի դիպուկահարի նշանառության տակ ամեն առավոտ պայուսակն ուսերին դպրոց շտապող փոքրիկներին, ում վստահության աղբյուրը սահմանին կանգնած զորքի մարտունակությունն է: Հիշեք այս պատկերները և ապրիլի 2-ին ընտրեք ում ուզում եք»,- հայտարարեց Սարգսյանը:

Նրա այս կոչը, սակայն, կարծես այնքան էլ չբավարարեց Հանրապետականի քարոզարշավի ողջ բեռն իր ուսերին վերցրած վարչապետ Կարեն Կարապետյանին: Նախագահի ելույթից հետո Կարապետյանն, այնուամենայնիվ, կոչ արեց ընտրել հենց Հանրապետականին: «Բայց վերջում ընտրեք մեզ»,- հորդորեց վարչապետը: Իր ելույթում արդեն ՀՀԿ-ի առաջարկած փոփոխությունների խորհրդանիշ դարձած Կարեն Կարապետյան ասաց, թե ապրիլի 2-ին ժողովուրդը որոշելու է, թե ում է վստահելու երկրի անվտանգությունն ու երեխաների ապագան՝ կոչ անելով վստահել հենց Հանրապետականին:

«Ամփոփելով քարոզարշավը, ուզում եմ ձեզ խոստովանել, որ ես ինքս ինձ հետ շատ համերաշխ եմ, որովհետև չկա մի բան, որ ասել եմ, որի համար պատրաստ չեմ պատասխան տալ: Ապրիլի 2-ին դուք որոշելու եք վաղվա Հայաստանը: Ում եք դուք վստահելու երկրի անվտանգությունը, ում եք դուք վստահելու երկրի առաջընթացը, ում եք վստահելու ձեր երեխայի վաղվա օրը: Վստահեք մեզ, մեր թիմին, Հայաստանի հանրապետական կուսակցությանը, ուռա»,- իր ելույթում հայտարարեց Կարեն Կարապետյանը:

Սերժ Սարգսյանի ղեկավարած ուժը՝ իշխող Հանրապետականը, ինչպես փակ հանդիպումով բացել էր քարոզարշավը, այնպես էլ այսօր, մամուլի համար փակ դռների ետևում, Մարզահամերգային համալիրում ամփոփեց 27 օր տևած քարոզարշավը:

Հանրապետականները խիստ ուրախ էին, տոնական, ցնծացող բազմության առաջին շարքում կանգնած նախագահ Սերժ Սարգսյանը, վարչապետ Կարեն Կարապետյանը, Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը, Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը և քաղաքապետ Տարոն Մարգարյանը ոգևորված ծափահարում էին ելույթ ունեցող հայ էստրադային երգիչներին, այդ թվում՝ «Ռեինկարնացիա» խմբին, Արման Հովհաննիսյանին և Ձախ Հարութին: ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանն ու խոսնակ Էդուարդ Շարմազնովն էլ եռանդով դրոշներ էին ծածանում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG