Մատչելիության հղումներ

Արմեն Մարտիրոսյան. «Մենք պատրաստ ենք բոլորի հետ համագործակցել, բացառությամբ՝ ՀՀԿ-ի»


Ըստ «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» (ՕՐՕ) դաշինքի անդամ Արմեն Մարտիրոսյանի, եթե նորմալ ընտրություններ լինեն, Հանրապետական կուսակցությունը (ՀՀԿ) հինգ տոկոս ձայն էլ չի հավաքի։ Մարտիրոսյանի խոսքով՝ ՕՐՕ դաշինքի համար յոթ տոկոսն այլևս խնդիր չէ։

Մարտիրոսյան. - Եթե հինգ տոկոս հավաքի, դա հրաշալի թիվ է, բայց հինգ տոկոս էլ չի լինի։

«Ազատություն». - Կարո՞ղ եք ասել, որ ձեր դեպքում քվեարկությունից երեք օր առաջ յոթ տոկոսն այլևս խնդիր չէ։

Մարտիրոսյան. - Ի սկզբանե պարզ էր, որ խնդիր չէ, այնուամենայնիվ երեք փորձառու պետական գործիչներ են միավորվել, վերջապես, «Ժառանգություն» կա, մի կուսակցություն, որը 14 տարի հրապարակներում, փողոցներում պայքարը տանում է։ Մեր գործընկերները բոլոր այդ ժամանակահատվածում անընդհատ փոխվել են, միակ միավորը՝ քաղաքական միավորը և գործիչը՝ Րաֆֆի Հովհաննիսյանն իր թիմով, որ միշտ հրապարակում եղել է, եղել է «Ժառանգություն»-ը: Ուստի ակնհայտ էր, որ Սեյրան Օհանյանի պարագայում հաղթած հրամանատարը՝ ազատամարտիկների այդ հսկա զանգվածն իր հետ, «Համախմբում»-ը՝ պրոֆեսիոնալ անձանց, պարկեշտ անձանց միավորում, որոնք ևս պետական ծառայության բավականին փորձ ունեն, հնարավոր չէ, որ երկու կամ երեք տոկոս լիներ, ինչը ներկայացվում է հենց այն նույն հարցում անցկացնողների կողմից, ովքեր 2013 թվականին Րաֆֆի Հովհաննիսյանին հինգ տոկոս էին տալիս՝ քվեարկությունից մեկ-երկու օր առաջ, 70 տոկոսից ավել ձայն հավաքեց։

«Ազատություն». - Պարոն Մարտիրոսյան, մի հարցում էլ դուք հրապարակեցիք՝ առանց թվային պատկերի, բայց ասացիք, որ ձեր տվյալներով՝ առաջին տեղում «Ծառուկյան» դաշինքն է։ Ինչո՞ւ հրապարակեցիք այս արդյունքը, եթե դուք չէիք առաջինը։

Մարտիրոսյան. - Ինչ որ իրականությունն է՝ մենք դա ենք ասում, մենք չենք ասում այն, ինչ որ մեզ պետք է շոյի, մեզ առանձնահատուկ ձեռք տա, երկրորդը Հանրապետական կուսակցությունն էր՝ մեր այդ նույն տվյալներով, և երրորդը մենք էինք։

«Ազատություն». - Իսկ կարո՞ղ է սա նշանակել Ձեր կողմից հայտ ներկայացված՝ Ծառուկյանի հետ կոալիցիա կազմելու։

Մարտիրոսյան. - Մենք պատրաստ ենք բոլորի հետ համագործակցել, բացառությամբ՝ Հանրապետական կուսակցության, բոլորի մեջ, բնականաբար, մտնում է նաև «Ծառուկյան» դաշինքը։

«Ազատություն». - Իսկ Գագիկ Ծառուկյանից կա՞ այդ ազդակը, ի վերջո, ասում եք՝ նա է առաջին տեղում և որոշում կայացնողը, այսինքն, այդ կուսակցությունը պետք է որոշի՝ ձեզ հետ կազմում է կոալիցիա, թե՝ ոչ։

Մարտիրոսյան. - Ազդակը, կարծում եմ, ամսի 3-ից հետո կլինի, եթե այդ իրավիճակը լինի, 3-ից հետո նոր մենք պետք է տեսնենք, թե ով վերջնական արդյունքում ինչ տոկոս է ստանում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG