Կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօր քննում է «Ելք» դաշինքի պահանջը Հանրապետական կուսակցության գրանցումը ուժը կորցրած ճանաչելու մասին:
Դիմումի հիմքում «Իրազեկ քաղաքացիների միավորում» կազմակերպության հրապարակած աղմկահարույց ձայնագրություններն են՝ Հանրապետականի համար ընտրողների ցուցակներ կազմող դպրոցների և մանկապարտեզների տնօրենների հետ զրույցներից: Այդ խոսակցությունների սղագրությունը կցված է ընդդիմադիր դաշինքի դիմումին:
Դաշինքի ներկայացուցիչները պնդում են, որ վարչական ռեսուրսը ծառայեցվել է իշխանական կուսակցությանը: Երկու օր առաջ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը մերժեց Օհանյան – Րաֆֆի – Օսկանյան դաշինքի ներկայացրած նույնաբովանդակ պահանջը:
«Ելք» դաշինքը ներկայացնող պատգամավորի թեկնածու, փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը պնդում է, որ նախորդ մերժման հիմքում ԿԸՀ-ն դրել էր դրույթը, որ դպրոցի տնօրենները չեն զբաղվել նախընտրական քարոզչությամբ, պարզապես իմանալով, որ այս կամ այն ուսուցիչը կամ դաստիարակը ընտրում է Հանրապետականին, նրանց ուղղակի ցուցակագրել են: Բաղդասարյանն ասաց, թե ունի ապացույց, որ այլ կուսակցության ընտրողի՝ տվյալ դեպքում «Բարգավաճ Հայաստանի» ներկայացուցչի վրա ճնշում է գործադրվել:
«Ես ուղղակի ուզում եմ այս ապացույցը ներկայացնել, ինչպես նախորդ նիստի ժամանակ ասացիք, որպեսզի քննարկման առարկա դառնա՝ արդյոք դպրոցի տնօրենները իրականում, ինչպես դուք որոշման մեջ եք գրել, իրականում քարոզչություն չեն արել, չեն օգտագործել երեխաների կախվածության փաստը՝ ճնշում գործադրել իրենց աշխատակիցների վրա, ծնողների վրա և հավաքագրել այդ ցուցակները»