Կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացրած գույքի և եկամուտների հայտարարագրում, մասնավորապես, նշված են տեղեկություններ Ծառուկյանի ունեցած կահույքի մասին: Դրանք տեղ են գտել «թանկարժեք գույք» ենթաբաժնում: Ըստ այդմ՝ միայն 2 ճաշասենյակի կահույքի գինը կազմում է ավելի քան 170 հազար եվրո, իսկ 8 ննջասենյակի կահույքի համար Ծառուկյանը վճարել է ավելի քան 640 հազար եվրո։
2016-2017 թվականներին Գագիկ Ծառուկյանի ձեռք բերած մետաքսե վարագույրի գինը կազմել է 252 հազար եվրո։ 6 շենք և շինություն, 9 հողամաս, 12 ավտոմեքենա հայտարարագրած Ծառուկյանին պատկանող թանկարժեք գույքի շարքում տեղ են գտել նաև ադամանդե քարերով 3 ոսկե մատանիները, որոնց համար Գագիկ Ծառուկյանը վճարել է մոտ 5 միլիոն դոլար։ 43 ընկերություններում բաժնեմասեր ունեցող մեծահարուստ գործարար պատգամավորի մեկ տարվա եկամուտն էլ, ըստ հայտարարագրի, կազմել է մոտ 2.5 միլիարդ դրամ, 600 հազար դոլար և 300 հազար եվրո։
Գագիկ Ծառուկյանից հետո նրա ղեկավարած դաշինքում իր կարողությամբ աչքի է ընկնում «Մաքս Գրուպ» կոնցեռնի խորհրդի նախագահ Խաչիկ Մանուկյանը։ Հայտարարագիր ներկայացնելու պահին նրա դրամական միջոցները կազմել են 2,5 միլիարդ դրամ։
Զգալի միջոցներ է հայտարարագրել նաև նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի որդին՝ Արտաշատի քաղաքապետ Արգամ Աբրահամյանը։ «Ծառուկյան դաշինքի» 9-րդ հորիզոնականը զբաղեցնող Աբրահամյանի եկամուտները 2016-2017-ին կազմել են 170 միլիոն դրամ։ Հայտարարագիրը ներկայացնելու պահին նրա դրամական միջոցները կազմել են 300 միլիոն դրամ և 250 հազար դոլար։ Այս ամենից զատ, Արտաշատի քաղաքապետը հայտարարագրել է նաև 1 ավտոմեքենա, 2 շինություն և 3 հողամաս։
Վերահսկիչ պալատ նախագահ, «Ծառուկյան դաշինքի» ցուցակի երկրորդ հորիզոնականը զբաղեցնող Իշխան Զաքարյանի միակ եկամուտը, ըստ հայտարարագրի, 9 միլիոն դրամ կազմած աշխատավարձն է։ Բայց իր հաշվին նա ունեցել է նաև 33,5 հազար եվրո, 5,5 հազար դոլար և 4 միլիոն դրամ։
«Ծառուկյան դաշինքի» ցուցակում երրորդ տեղը զբաղեցնող Նաիրա Զոհրաբյանը ևս մեկ տարվա ընթացքում միայն մեկ աղբյուրից է եկամուտ ստացել՝ պատգամավորական աշխատավարձը, որը կազմել է մոտ 9 միլիոն դրամ։ Բայց նրա հաշվին այդ հայտարարագրի ներկայացման պահին եղել է 53,5 հազար դոլար և 10,000 եվրո գումար։ Իր հաշվին կլորիկ գումար է ունեցել դաշինքի անդամ՝ պատգամավոր Միքայել Մանուկյանը՝ 330,000 դոլար, ընդ որում՝ նրա տարեկան եկամուտը պատգամավորական աշխատավարձից բացի կազմվել է նաև շինությունների վարձակալությունից ստացված գումարներից, ընդհանուր առմամբ՝ 18 միլիոն դրամ։
Գյումրու նախկին հանրապետական քաղաքապետ, այժմ «Ծառուկյան դաշինքի» 17 համարը զբաղեցնող Վարդան Ղուկասյանն, ըստ ԿԸՀ ներկայացված հայտարարագրի, 2016-2017-ին ոչ եկամուտ է ունեցել, ոչ էլ դրամական միջոցներ։ Դրամական միջոցներ չի ունեցել նաև Գյումրիում դաշինքի թեկնածու Վարդևան Գրիգորյանը՝ նրա տարեկան եկամուտը մեկ տարում կազմել է 3 միլիոն դրամ՝ դասախոսական աշխատանքից։
ՀՀՇ կուսակցության նախագահ, «Ծառուկյան դաշինքի» 6-րդ համարը զբաղեցնող Արարատ Զուրաբյանն, ըստ հայտարարագրի, որևէ տեղ չի աշխատում, բայց «Ապսիդա» ընկերությունից ստացված նրա տարեկան եկամուտը կազմել է 22 միլիոն դրամ։ Իր հաշվին էլ Զուրաբյանն ունեցել է 57,5 միլիոն դրամ և 78 հազար դոլար։
Խոշոր գումար է հայտարարագրել դաշինքի անդամ, սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի խորհրդական Հայկ Ղուկասյանը։ Նրա տարեկան եկամուտը թեև կազմվել է 363 հազար դրամի չափով աշխատավարձից, սակայն, հայտարարագիրը ներկայացնելու պահին պաշտոնյան իր հաշվի վրա ունեցել է 54 միլիոն դրամ, 350 հազար դոլար և 45 հազար եվրո գումար։