Մատչելիության հղումներ

ԱՄՆ պետքարտուղարը գովել է ԻՊ-ի դեմ պայքարում Անկարայի կեցվածքը


Ռեքս Թիլերսոն և Մևլութ Չավուշօղլու, Անկարա, 30-ը մարտի, 2017 թ․
Ռեքս Թիլերսոն և Մևլութ Չավուշօղլու, Անկարա, 30-ը մարտի, 2017 թ․

Մի շարք հարցերում երկու երկրների միջև եղած լուրջ տարաձայնությունները, սակայն, մնում են չհարթված:

Թուրքիան և Միացյալ Նահանգները քննարկում են Սիրիայի տարածքում «կայունացման գոտիներ» ստեղծելու հնարավորությունը: Այսօր այս մասին Անկարայում հայտարարել է պաշտոնական այցով Թուրքիայում գտնվող՝ Միացյալ Նահանգների պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը: Ամերիկյան դիվանագիտության ղեկավարի խոսքով, «Իսլամական պետության» դեմ պայքարն անհնարին կլիներ առանց Թուրքիայի «գործուն աջակցության»:

«Վերջին 18 ամիսներին ամերիկյան զորքերին թուրքական ռազմակայաններից օգտվելու հնարավորության տրամադրումը հանգեցրեց նրան, որ «Իսլամական պետության» դեմ իրականացվող գործողությունների քանակն ավելացավ 25 տոկոսով: Թուրքական կառավարությունը վերջ տվեց Իրաք և Սիրիա մեկնող օտարերկրյա զինյալների ներթափանցմանը: Ավելին՝ թուրքական բանակը կարողացավ մաքրել Սիրիայի հետ սահմանը` հետ մղելով ԻՊ-ի զինյալներին այդ շրջաններից», - ասել է Թիլերսոնն իր թուրք պաշտոնակից Մևլութ Չավուշօղլուի հետ համատեղ ասուլիսի ժամանակ:

Միացյալ Նահանգների պետքարտուղարի խոսքով, Անկարան և Վաշինգտոնը հաստատակամ են «Իսլամական պետություն» խմբավորման դեմ համատեղ պայքար ծավալելու հարցում: «ԱՄՆ-ն և Թուրքիան պետք է դժվար որոշումներ կայացնեն Սիրիայում «Իսլամական պետության» դեմ պայքարի առումով: Անկարան և Վաշինգտոնը [ԻՊ-ի կենտրոն] Ռաքքայի ազատագրման մի շարք հնարավորություններ ու այլընտրանքային տարբերակներ են քննարկում: Վերջնական որոշում, սակայն, դեռ չի կայացվել»,- հավելել է ԱՄՆ պետդեպի ղեկավարը:

Ներկայումս Վաշինգտոնի և Անկարայի միջև Սիրիայում ծավալվող գործողությունների համատեքստում առկա գլխավոր տարաձայնությունը «Իսլամական պետության» դեմ մղվող պայքարում Թուրքիայում բնակվող քրդերի դերակատարությունն է: Պաշտոնական Անկարան պնդում է, որ Սիրիայի քրդերին միավորող «Ժողովրդական պաշտպանության ուժերն» ահաբեկիչներ են և հանդիսանում են Աբդուլա Օջալանի ստեղծած «Քրդական բանվորական կուսակցության» տեղական մասնաճյուղը: Վաշինգտոնը, մինչդեռ, ակտիվորեն աշխատում է սիրիացի քրդերի հետ:

«Այդ համագործակցությունը տխրեցնում է մեզ և բացասական ազդեցություն թողնում թուրք-ամերիկյան հարաբերությունների վրա»,- Անկարայում կայացած ասուլիսի ժամանակ հայտարարել է Թուրքիայի արտգործնախարարը:

«Մենք պետք է նոր լիցք ու եռանդ հաղորդենք մեր հարաբերություններին: Նախկինում առկա էին որոշակի խնդիրներ, որոնք խաթարում էին մեր հարաբերությունները: Դրանցից հատկապես հիշատակեմ Սիրիայի խնդիրն ու այն աջակցությունը, որ ամերիկացիները ցուցաբերում էին այնտեղ գործող «Ժողովրդական պաշտպանության ուժերին»,- հավելել է Չավուշօղլուն:

Այսօր կայացած բանակցությունների ընթացքում կողմերը չեն շրջանցել նաև Սիրիայի նախագահ Բաշար Ասադի հետագա ճակատագրի հետ կապված հարցը: «Ես կարծում եմ, որ նախագահ Ասադի կարգավիճակը երկարաժամկետ կտրվածքով պետք է վճռի Սիրիայի ժողովուրդը»,- հայտարարել է Ռեքս Թիլերսոնը:

Վաշինգտոնն ու Անկարան այռայժմ չեն կարողանում ընդհանուր հայտարարի գալ նաև մեկ այլ վիճահարույց գործչի` Միացյալ Նահանգներում բնակվող իսլամիստ քարոզիչ Ֆեթհուլա Գյուլենի ճակատագրի շուրջ, որին թուրքական իշխանությունները մեղադրում են 2016-ի հուլիսյան անհաջող հեղաշրջումը կազմակերպելու մեջ: Թուրքական կողմի նախաձեռնությամբ, Գյուլենի շուրջ ստեղծված կացությունը ևս այսօրվա բանակցությունների առանցքային թեմաներից մեկն է դարձել:

«Թուրքիան ակնկալում է, որ Միացյալ Նահանգները Գյուլենի արտահանձնման ուղղությամբ հստակ քայլերի կդիմեն: Վաշինգտոնը պետք է դիտարկի նաև Գյուլենի ազատազրկման հնարավորությունը մինչ նրա արտահանձնման հարցի հստակեցումը»,- այսօր հայտարարել է Մեվլութ Չավուշօղլուն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG