Մատչելիության հղումներ

Կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացված հայտարարագրերի ուսումնասիրությունից պարզ է դառնում, որ իշխող Հանրապետական կուսակցության 197 թեկնածուների շարքում ամենահարուստը պատգամավոր Հակոբ Հակոբյանն է: Վերջինս հայտարարագրել է 2 միլիարդ 260 միլիոն դրամ և 1 միլիոն 160 հազար դոլար։

Պատգամավորական աշխատավարձից բացի, իշխող Հանրապետականի հարուստ պատգամավորի եկամուտները գոյացել են բիզնեսից։ Նա մի շարք ընկերությունների, այդ թվում՝ «Երևանի գարեջուր» ՍՊԸ 50 տոկոսի, իսկ Նուբարաշենի թռչնաբուծական ֆաբրիկայի 100 տոկոսի բաժնետերն է։ Եվ 2016-2017 թվականներին ունեցել է ընդհանուր առմամբ՝ մոտ կես միլիարդ դրամ եկամուտ։

Հակոբ Հակոբյանից հետո իր կարողությամբ երկրորդ տեղում է Հանրապետականի պատգամավոր Արայիկ Գրիգորյանը։ Նրա դրամական միջոցները հայտարարագրի ներկայացման ժամանակ կազմել են 2 միլիարդ դրամ և մոտ 1 միլիոն դոլար։ Պատգամավորից բացի, նա նաև Ավշարի գինու գործարանի սեփականատերն է։ Նրա մեկ տարվա եկամուտը կազմել է 51 միլիոն դրամ, որի փոքր մասը՝ 6.5 միլիոն դրամը գոյացել է պատգամավորական աշխատավարձից:

Իր հարստությամբ աչքի են ընկնում նաև Հանրապետականի պատգամավոր, «ՍԱՍ» գրուպի 50 տոկոսի բաժնետեր Արտակ Սարգսյանը։ Նա ունեցել է մոտ 1 միլիարդ դրամ և 119 հազար դոլար գումար, իսկ եկամուտները գոյացել են ոչ միայն պատգամավորի աշխատավարձից, այլև «ՍԱՍ» գրուպի, փոխառություններից և գույքի օտարումից՝ 2016 - 2017 թվականներին նա վաստակել է ընդհանուր առմամբ 13 միլիոն դրամ, 13,500 դոլար և 14 հազար եվրո։

Բավականին հարուստ է նաև «Միկմետալ» ՓԲԸ ղեկավար Վահան Հարությունյանը։ Պատգամավոր դառնալու հավակնություններ ունեցող Հարությունյանը, ըստ հայտարարագրի, իշխող Հանրապետականի ղեկավար անդամներից ավելի շատ կարողություն ունի։ 16.5 միլիոն դրամ եկամուտ ստացած Հարությունյանը հայտարարագրի ներկայացման շրջանում՝ փետրվար ամսին ունեցել է 435 միլիոն դրամ և 600 հազար դոլար գումար։

Իշխող Հանրապետականի ղեկավար անդամ, ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանի 900 միլիոն դրամ եկամտի փոքր մասը՝ 9 միլիոն դրամը, գոյացել է պատգամավորի աշխատավարձից։ Մնացած մասը գոյացել է Սիսիանի «Բուատ» ընկերությունից, գույքի օտարումից և այլ աղբյուրներից։

«Տաշիր գրուպ» ընկերության 15 տոկոսի բաժնետեր, Հանրապետական պատգամավոր Կարեն Կարապետյանի դրամական միջոցները ստացած եկամտից 10 անգամ ավելի են։ 42 միլիոն դրամ եկամուտ ստացած գործարար պատգամավորը հայտարարագրի ներկայացման շրջանում ունեցել է 300 միլիոն դրամ և 300 հազար դոլար գումար։

Բիզնես ունենալու փաստն անընդհատ հերքող հանրապետական պատգամավոր Սամվել Ալեքսանյանն առանձնանում է իրեն պատկանող անշարժ և շարժական գույքի քանակով․ 8 հողամաս, 6 ավտոմեքենա, ավելի քան 13 հազար քառակուսի մետր մակերեսով տարբեր շենք և շինություններ հայտարարագրած իշխանական պատգամավորի տարեկան եկամուտը կազմել է 20 միլիոն 400 հազար դրամ։ Ալեքսանյանի եկամուտների միայն 31 տոկոսն է գոյացել պատգամավորի աշխատավարձից։ Մնացած մասը գոյացել է շահաբաժնից և վարձավճարից։ Բացի այդ, հայտարարագրի ներկայացման օրը Սամվել Ալեքսանյանն ունեցել է 340 միլիոն դրամ և 8000 դոլար գումար։

Իշխող Հանրապետականի պատգամավորի թեկնածու, օֆշորային սկանդալի կիզակետում հայտնված նախկին ԴԱՀԿ պետ Միհրան Պողոսյանի մեկ տարվա եկամուտը կազմել է «Քեթրին» ՍՊԸ-ից ստացված վարձակալության գումարից՝ 3 միլիոն 100 հազար դրան։ Շարժական գույք չհայտարարագրած Պողոսյանը հայտարարագրել է 34 միլիոն դրամ և 153 հազար դոլար գումար։

Իշխող Հանրապետականի ցուցակը առաջնորդող պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի կարողությունը, ըստ հայտարարագրի, համեմատաբար համեստ է։ Հյուսիսային պողոտայում 1 բնակարան ունեցող Սարգսյանի տարեկան եկամուտը կազմել է 13.5 միլիոն դրամ, հայտարարագիր ներկայացնելու օրը նա իր հաշվին ունեցել է 15 միլիոն դրամ, 90,000 դոլար և 4,000 եվրո գումար։

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն, ըստ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի փաստաթղթերի, 2016-2017-ին օտարած գույքից ստացել է 25 միլիոն դրամ եկամուտ։ 6 շենք և շինություն, 1 ավտոմեքենա հայտարարագրած Երևանի հանրապետական քաղաքապետը ընդամենը 5 միլիոն դրամի եկամուտ է ստացել, բայց նաև «Զեթ ըդն զեթ» ընկերության 50 տոկոսի փայատեր է, իր հաշվին ունեցել է 250 միլիոն դրամ, 45 հազար դոլար, 50 հազար եվրո գումար։

Հանրային ռադիոյի գործադիր տնօրեն Արման Սաղաթելյանի հայտարարագիրն աչքի է ընկնում երկու թանկարժեք ժամացույցներով՝ մեկը 25,500, մյուսը՝ 19,700 դոլար արժողությամբ։ Նրա տարեկան եկամուտը կազմել է 17 միլիոն դրամ: Իր հաշվին Հանրապետականի պատգամավորության թեկնածու Սաղաթելյանն ունեցել է 152 հազար եվրո, 32,800 դոլար և 9 միլիոն դրամ։

Մշակույթի նախարար Արմեն Ամիրյանի հայտարարագիրն էլ աչքի է ընկնում ԱՄՆ Կալիֆորնիա նահանգում գտնվող երկու տներով և մեկ շինությամբ։ 2016-2017-ի ընթացքում Ամիրյանը, բացի աշխատավարձից, ստացել է նաև 180 հազար դոլարի եկամուտ՝ վարձակալությունից։

Իշխող Հանրապետականի փոխնախագահ Արմեն Աշոտյանի եկամուտների հայտարարագիրն առանձնանում է ստացված նվիրատվություններով՝ 2016-2017-ին նա ստացել է 40 միլիոն դրամի նվիրատվություն։ Բացի այս, կրթության և գիտության նախկին նախարարի եկամուտները գոյացել են նաև 50 հազար եվրո և 10 միլիոն դրամ փոխառությունից։ Նվիրատվություն է ստացել նաև ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը՝ 10 միլիոն դրամի չափով։

Իշխող Հանրապետականի առաջին դեմքերի ցուցակում թերևս ամենահամեստ կարողությունն ունի ցուցակի 3-րդ համարը՝ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը։ Նա հայտարարագրել է 1 ավտոմեքենա։ Եկամուտը բաղկացած է բացառապես աշխատավարձից՝ ավելի քան 8 միլիոն դրամ՝ որպես նախարարի, և 1.5 միլիոն դրամ՝ որպես դասախոսի տարեկան աշխատավարձ։ Հայտարարագիր ներկայացնելու օրր արդարադատության նախարարի դրամական միջոցները կազմել են 1.5 միլիոն դրամ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG