Մատչելիության հղումներ

Վիգեն Սարգսյանը հույս ունի ՀՀԿ-ի հաղթանակի դեպքում շարունակել գլխավորել ՊՆ-ն


Վիգեն Սարգսյան, արխիվ

Ռուսաստանյան ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ հանդիպմանը Հայաստանի պաշտպանության նախարարը խոսել է նաև Ադրբեջանին սպառազինության մատակարարումների մասին, ընգծելով, որ դա խախտել է հավասարակշռությունը:

Իշխող Հանրապետականի ընտրական ցուցակը գլխավորող, պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը հույս է հայտնել, որ խորհրդարանական ընտրություններում ՀՀԿ-ի հաղթանակի դեպքում շարունակելու է գլխավորել Հայաստանի ռազմական գերատեսչությունը:

Ռուսաստանյան լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ երեկ տեղի ունեցած հարցուպատասխանի ժամանակ Սարգսյանը նշել է․ «Հույս ունեմ՝ եթե ՀՀԿ-ն հաղթանակ տանի ապրիլի 2-ի ընտրություններում, իմ գործընկերներն ինձ կվստահեն՝ շարունակել իմ աշխատանքը պաշտպանության նախարարությունում: Կարծում եմ, սա առանցքային և շատ կարևոր պաշտոն է մեր երկրի պետական կառավարման համակագում՝ հաշվի առնելով առկա մարտահրավերներն ու սպառնալիքները: Աշխատանքի հսկայական դաշտ եմ տեսնում և մեծ հույս ունեմ, որ ժամանակ կգտնվի՝ իրականացանելու մի շարք բարեփոխումներ պաշտպանական ոլորտում»։

Հանրապետության նախագահի աշխատակազմը հինգ տարի ղեկավարած Վիգեն Սարգսյանն անցած աշնանը ոչ միայն գլխավորեց Հայաստանում կարևորությամբ ու ազդեցությամբ առանձնահատուկ դեր ունեցող պաշտպանության նախարարությունը, այլև զբաղեցրեց իշխող քաղաքական ուժի ընտրական ցուցակի առաջին հորիզոնականը: Խորհրդարանական նախորդ երկու ընտրություններում Հանրապետականի ընտրական ցուցակը գլխավորել է նախագահ Սերժ Սարգսյանը:

Լրատվամիջոցները չեն բացառում, որ 2018 թվականի ապրիլից հետո, երբ կավարտվի նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնավարման երկրորդ ժամակետն ու սահմանադրական փոփոխություններն ամբողջությամբ ուժի մեջ կմտնեն, վարչապետի աթոռը կարող է զբաղեցնել հենց Վիգեն Սարգսյանը:

Անդրադառնալով ղարաբաղյան հակամարտությանը, Հայաստանի պաշտպանության նախարարը հայտարարել է՝ այդ խնդրում առաջնայինը անկախ պետությունում ապրելու՝ «Արցախի ժողովրդի իրավունքի ճանաչումն է»: «Այդ չճանաչված հանրապետությունում մի ողջ սերունդ է մեծացել այն գիտակցմամբ, որ ապրում են ինքնիշխան պետությունում, իրենք են կայացնում իրենց որոշումները, և որևէ գործընթաց չկա, որը կկարղանար նրանց համոզել հակառակում:

Մենք բաց ենք բանակցային գործընթացում, ակտիվորեն մասնակցում ենք դրան, սակայն, կարծում ենք, որ լուծման ուղիների որոնումն ուղղակիորեն կապված է այդ իրավունքի ճանչման և հարգման հետ: Այս համատեքստում գոյություն ունեցող մնացած բոլոր հարցերն ածանցյալ են: Դրանք պետք է լուծվեն՝ հաշվի առնելով Լեռնային Ղարաբաղի ժողովրդի անվտանգության և ազատ զարգացման իրավունքի ապահովման անհրաժեշտությունը»,- ռուսաստանյան լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է Վիգեն Սարգսյանը:

Վերջինս խոսել է նաև Ադրբեջանին սպառազինության մատակարարումների մասին, ընգծելով, որ դա խախտել է ուժերի հավասարակշռությունը: «Այն խախտվել է, որովհետև տևական ժամանակ է, ինչ Ադրբեջանը շատ մեծ բյուջետային միջոցներ է ծախսում տարբեր երկրներում զենքերի ձեռքբերման համար, և այդ գործընթացը, բնականաբար, բերեց տարածաշրջանում սպառազինության հավասարակշռության լուրջ խախտման:

Սակայն, եթե ավելի ընգրկուն կերպով անդրադառնանք այդ հարցին, կարծում եմ, որ պետք է համաձայնել միջազգային փորձագետների այն գնահատականին, որ հավասարակշոությունը պահպանված է՝ այն իմաստով, որ Հայաստանի զինված ուժերն ունեն մի շարք առավելություններ, որոնք այս պահին թույլ են տալիս վերականգնել խախտված հավասարակշռությունը: Կարծում եմ, պետք է ինտենսիվ կերպով աշխատել, որպեսզի սպառազինությունների հավասարակշռությունը որոշակի առումով վերականգնվի»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG