Մատչելիության հղումներ

Վարչապետի հայտարարությունից մեկ ամիս անց էլ Լարսին այլընտրանք ցամաքային ճանապարհ դեռ չի գտնվել


Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյան
Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյան

Վարչապետ Կարեն Կարապետյանի Թբիլիսում արած հայտարարությունից մեկ ամիս անց Հայաստանի կապի նախարարը խոստովանում է՝ «Վերին Լարսին» այլընտրանք ցամաքային ճանապարհ դեռ չի հաջողվել գտնել:

Փետրվարի վերջին Վրաստան կատարած պաշտոնական այցի և իր վրաց գործընկերոջ հետ բանակցությունների արդյունքում Կարեն Կարապետյանը հայտարարեց․ - «Եթե ձեզ հետաքրքրում է՝ արդյո՞ք լինելու է Լարսի ճանապարհի այլընտրանք, ապա վստահեցնում եմ ձեզ, որ, այո՛, լինելու է։ Մնացածի մասին կխոսենք հետագայում, փակագծերը դեռ չեմ բացում։ Մենք պայմանավորվածություն ձեռք բերեցինք ինչպես Լարսի հարցի վերաբերյալ, այնպես էլ էներգետիկ միջանցքի»:

Այսօր լրագրողների հետ հարցուպատասխանի ժամանակ Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը փոխանցեց, որ Վերին Լարսին այլընտրանքային ցամաքային ճանապարհ գտնելու ուղղությամբ դեռ աշխատում են․ - «Վստահ եղեք, աշխատում ենք էդ թեմաներով: Ուղղակի դեռ չենք հասել այն հաջողությանը, որը կարող ենք հրապարակայնորեն հայտարարել»:

Նախարարը հավաստիացրեց, որ կառավարությունը քննարկում է ցանկացած այլընտրանքային տարբերակ, սակայն հրաժարվեց հայտնել լրացուցիչ որևէ տեղեկություն՝ պատճառաբանելով, թե հարցն առնչվում է ռուս-վրացական հարաբերություններին․ - «Դուք միշտ փորձում եք ուղղությունը տանել երկրորդ ճանապարհին: Այլընտրանք կարող է լինել և՛ ավիափոխադրումը, և՛ լաստանավի փոխադրումը: Այսօր կազմակերպված է լաստանավի փոխադրում, Հարավկովկասյան երկաթուղին ստացել է բավական լավ պայմաններ լաստանավի, և այսօր Հայաստանից Ռուսաստան լաստանավով տեղափոխվող բեռների արժեքը նույնիսկ կոնկրետ բեռների դեպքում շատ ավելի էժան է, քան մեքենայով Լարսով տեղափոխելը»:

Նախարարը, այդուհանդերձ, կոնկրետ թվեր չհրապարակեց:

Նշենք, որ վրաստանյան նավահանգիստներից հայաստանյան բեռները լաստանավով տեղափոխվում են առնվազն քսան տարի:

Նախարար․ «Հյուսիս-Հարավ»-ը ճիշտ չի կառավարվում

Նախարար Մարտիրոսյանն այսօր հարկադրված էր վերստին անդրադառնալ «Հյուսիս-Հարավ» ավտոմայրուղուն: Անցած հինգշաբթի՝ կառավարության նիստում վարչապետ Կարապետյանը ընդգծված խիստ արտահայտվեց նախագահ Սերժ Սարգսյանի նախաձեռնած մեգանախագծերից այդ մեկի վերաբերյալ․ - «Ինն անց կես մոստերի վրա աշխատող չկա, հինգն անց կես սաղ պերեկուր են անում․․․ Որևիցե աշխատանք չի կատարվում»:

Իսկ գործադիրի նիստից հետո Վահան Մարտիրոսյանի առաջին տեղակալը չկարողացավ նշել, թե 500 կիլոմետրանոց մայրուղին որքան կարժենա Հայաստանի քաղաքացիներին կամ Կառավարությունը ե՞րբ է մտադիր ավարտին հասցնել դեռ 2009-ից մեկնարկած «Հյուսիս-Հարավ»-ը:

Վահան Մարտիրոսյանն այսօր նույնպես չկարողացավ հստակություն մտցնել՝ երկրի համար ռազմավարական նշանակություն ունեցող ճանապարհի շինարարությունը երբ կավարտվի․ ֊ «Ես էլ հիմա կոնկրետ ժամկետ չեմ կարող նշել, թե երբ կավարտվի, բայց այն հատվածներում, որտեղ հիմա շինարարությունը գնում է, դա պայմանագրի շրջանակներում է և պայմանագրի շրջանակներում, հուսով եմ, որ կավարտվի: Ուղղակի այնտեղ հատվածներ կան, որ պայմանագրից մի քիչ հետ են ընկել: Այդ ուղղությամբ աշխատում ենք կոնկրետ կապալառուների հետ»:

«Ազատության» հարցին, թե արդյոք այս նախագիծը ձախողված չի կարելի անվանել, նախարարն արձագանքեց․ - «Ձախողված խոսքին համաձայն չեմ, համամիտ չեմ: Ուղղակի երևի ճիշտ կառավարվել կամ կառավարվում: Բնական է մենք աշխատանք ունենք այնտեղ կատարելու»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG