Մատչելիության հղումներ

ՆԱՏՕ-ի երկրների արտգործնախարարների հանդիպումը՝ Բրյուսելում, մարտի 31-ին


Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգ, արխիվ
Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգ, արխիվ

Բրյուսելում մարտի 31-ին տեղի է ունենալու ՆԱՏՕ-ի անդամ երկրների արտգործնախարարների հանդիպումը, իսկ մարտի 30-ին՝ ՆԱՏՕ-Ռուսաստան խորհրդի նիստը, որն անցկացվելու է դեսպանների մակարդակով: Այս մասին հայտնել է Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը:

ՆԱՏՕ-ի արտգործնախարարների հանդիպմանն առաջին անգամ մասնակցելու է ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը:

Պետդեպարտամենտի բարձրաստիճան պաշտոնյան լրագրողներին հեռախոսով տված ճեպազրույցի ժամանակ ասել է, որ Թիլերսոնը դաշնակիցների հետ խորհրդակցելու է դաշինքի ընդհանուր հանձնառությունների շուրջ՝ բարելավելու անվտանգության իրավիճակը Ուկրաինայի արևելքում և Ռուսաստանի վրա ճնշումներ գործադրելու անհրաժեշտությունը, որպեսզի Ռուսաստանը դադարեցնի հարևանների նկատմամբ ագրեսիան, Ուկրաինայի հետ կապված լիարժեքորեն կատարի Մինսկի համաձայնությունները:

Բրյուսելում Թիլերսոնը անդրադառնալու է նաև դաշինքի անդամ երկրների ֆինանսական հատկացումներն ավելացնելու հարցին: Սա կլինի Թիլերսոնի առաջին հանդիպումը Հյուսիսատլանտյան դաշինքի մյուս 27 գործընկերների հետ:

ՆԱՏՕ-ի արտգործնախարարների հանդիպումը նախապես պլանավորված էր անցկացնել ապրիլի 5-6-ը, սակայն այդ օրերին Թիլերսոնը չէր կարող մասնակցել հանդիպմանը: Սա որոշ մտահոգություններ էր առաջացրել ՆԱՏՕ-ի եվրոպական գործընկերների շրջանում՝ դաշինքի նկատմամբ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի հանձնառությունների հետ կապված: Սակայն հանդիպման ժամկետը փոխվեց՝ հնարավորություն տալով, որ ԱՄՆ-ի պետքարտուղարը մասնակցի դրան:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG