Մատչելիության հղումներ

«Իշխանություններն են կազմակերպել տեղեկատվական արշավ մեր ընտանիքի դեմ», - «Ազատության» հետ զրույցում, անդրադառնալով իր և իր ընտանիքի վերաբերյալ մամուլում հնչող քննադատություններին, հայտարարեց «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի ցուցակը գլխավորող պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի կինը՝ Ռուզաննա Խաչատրյանը, ով ևս մասնակցում էր դաշինքի երեկվա հանրահավաքին։

Խաչատրյանն ասաց, որ, անհրաժեշտության դեպքում փաստեր կներկայացնի, որոնք կապացուցեին, թե ովքեր են եղել դրա կազմակերպիչները։

«Ազատություն». - Տիկին Ռուզաննա, Դուք ինչո՞ւ որոշեցիք գալ Ազատության հրապարակ, մասնակցել այս հանրահավաքին։

Խաչատրյան. - Ես միշտ Սեյրան Օհանյանի զինակից, գաղափարակից և կյանքի ընկերն եմ, որտեղ կլինի ինքը, այնտեղ կլինեմ ես։

«Ազատություն». - Մտավախություններ չունե՞ք նրա ընդդիմադիր գործունեության հետ կապված, որ ճնշումներ կլինեն իր նկատմամբ. մամուլն ամեն օր գրում է, որ նույնիսկ կարող է իրեն ձերբակալեն։

Խաչատրյան. - Արհամարհում եմ այդպիսի արտահայտությունները, և խորհուրդ կտամ մամուլին այդպիսի սադրիչ գործողություններով չզբաղվել։

«Ազատություն». - Տիկին Ռուզաննա, Դուք էլ քիչ չեք հայտնվում մամուլի ուշադրության կենտրոնում և այդ քննադատության թիրախում, Դուք ինչպե՞ս կարձագանքեք։

Խաչատրյան. - Ես այսօր նաև գտնում եմ, որ իշխանությունը պետք է փոխվի, որովհետև իշխանության ղեկին գտնվում են մարդիկ, որոնք կազմակերպում են այդ տեղեկատվական տեռորը՝ ընտանիքների և հատկապես կանանց հանդեպ, որոնք ունեն մանկահասակ երեխաներ։ Եվ ես դեռ, եթե անհրաժեշտություն լինի, մամուլով ելույթ կունենամ և կներկայացնեմ որոշակի փաստեր, որոնք կապացուցեին, թե ովքեր են եղել դրա կազմակերպիչները։

«Ազատություն». - Այսինքն՝ արշավ է Ձեր դեմ եղել։

Խաչատրյան. - Միանշանակ և իշխանության կողմից։

«Ազատություն». - Տիկին Ռուզաննա, իսկ քննադատությունը, որ Դուք ճոխ, շվայտ ծախսեր եք անում, սա չե՞ք ընդունում։

Խաչատրյան. - Դրա պատասխանները Դուք էլ գիտեք՝ ընտանիքը եթե գեղեցիկ է, դա չի նշանակում, որ մեծ գումարներ են այդտեղ ներդրված։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG