Մատչելիության հղումներ

Մոլդովան մայիսին կդիմի ԵԱՏՄ-ին` դիտորդի կարգավիճակ ստանալու խնդրանքով


Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոն, արխիվ
Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոն, արխիվ

Եվրամիության Արևելյան գործընկերության ծրագրի ամենաակտիվ մասնակիցներից մեկը` Մոլդովան, մայիսին պաշտոնապես դիմելու է Եվրասիական տնտեսական միությանը (ԵԱՏՄ)` դիտորդի կարգավիճակ ստանալու խնդրանքով: Այս մասին երեկ նախկին խորհրդային հանրապետությունների` Քիշնևում հավատարմագրված դեսպանների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնը:

Եվրասիական տնտեսական միության հետ կապերի սերտացմանն ուղղված առաջին քայլերը ռուսամետ գործչի համբավ ունեցող Դոդոնը պատրաստվում է ձեռնարկել արդեն հաջորդ շաբաթ:

«Ես [հետխորհրդային հանրապետությունների] դեսպաններին հրավիրեցի մասնակցելու ապրիլի 3-4-ը Քիշնևում կայանալիք միջազգային համաժողովին, որի ընթացքում նախատեսվում է համագործակցության հուշագիր ստորագրել Մոլդովայի և Եվրասիական տնտեսական միության միջև: Մայիսին արդեն պաշտոնական դիմում կներկայացնենք` Եվրասիական միությունից դիտորդ պետության կարգավիճակ հայցելով», - Ֆեյսբուքի իր էջում հանդիպման ավարտին գրել էր Մոլդովայի նախագահը:

Իգոր Դոդոնի հայտարարությունը երկրի քաղաքական շրջանակներում բավական բուռն արձագանքի արժանացավ: Դեսպանների և նախագահի հանդիպումից մի քանի ժամ անց հայտարարությամբ հանդես եկավ Մոլդովայի խորհրդարանի խոսնակ Անդրիան Կանդուն` պնդելով, թե Եվրասիական տնտեսական միության հետ հաջորդ շաբաթ կնքվելիք հուշագիրը խորհրդարանի կողմից չի վավերացվի:

Մոլդովայի վարչապետ, Եվրամիության հետ կապերի խորացման կողմնակից Պավել Ֆիլիպը ևս բավական կոշտ արձագանքեց նախագահ Դոդոնի նախաձեռնությանը:

«Եվրասիական տնտեսական միության հետ հուշագրի ստորագրումը, ինչպես նաև այդ կառույցում դիտորդի կարգավիճակ ստանալը նպատակահարմար չէ, քանի որ դա մեր երկրին որևէ շոշափելի քաղաքական կամ տնտեսական օգուտ չի բերի: Հակառակը՝ այդ քայլերը կարող են խաթարել մեր երկրի հասարակական-քաղաքական առանց այդ էլ փխրուն կայունությունը», - նախագահին ուղղված նամակում գրել է Մոլդովայի վարչապետը` կոչ անելով ԵԱՏՄ անդամ պետությունների հետ համագործակցությունը զարգացնել բացառապես ԱՊՀ ձևաչափում:

«Մոլդովան իրավական բոլոր լծակներն ունի այդ պետությունների հետ երկկողմ մակարդակում համագործակցելու համար: Մասնավորաբար, Հայաստանի հետ այս տարիների ընթացքում 16 համաձայնագիր է ստորագրվել, Բելառուսի հետ` 109, Ղազախստանի հետ՝ 34, Ղրղըզստանի հետ` 31: Ռուսաստանի Դաշնության հետ ստորագրված երկկողմ պայմանագրերի թիվը հասնում է 168-ի», - նշել է մոլդավական կառավարության ղեկավարը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG