Մատչելիության հղումներ

Վրաստանի քաղաքացիներն այսօրվանից ԵՄ երկրներ են մեկնում առանց վիզայի


Վրաստանի արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեն հայտարարել է, որ նման հնարավորություն ունեն նաև «օկուպացված տարածքների»՝ Աբխազիայի և Հարավային Օսիայի բնակիչները:

Այսօրվանից Վրաստանի քաղաքացիներն ազատորեն, առանց վիզայի, կարող են ճամփորդել Եվամիության անդամ երկրներ: Թբիլիսին սա «պատմական պահ» է որակում: Եվրամիության հետ վիզային ռեժիմի ազատականացման ծրագրի մեկնարկը Վրաստանի մայրաքաղաքում երեկ երեկոյան տոնական համերգով ու հրավառությամբ են նշել:

Վրաստանի կենսաչափական անձնագրեր ունեցող քաղաքացիներն այսուհետ 90 օրով կարող են շրջագայել ԵՄ Շենգենյան գոտու երկու տասնյակից ավելի երկրներում: Առանց վիզայի Եվրոպա մեկնած առաջին ուղևորներից մեկը երկրի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին է: «Այսօր պատմական օր է, Վրաստանի քաղաքացիների համար վերջնականապես բացվում է առանց վիզայի ճանապարհը դեպի Եվրամիություն»,- Թբիլիսիի օդանավակայանում հայտարարել է Կվիրիկաշվիլին:

Մի խումբ ուսանողների, գիտնականների, լրատվամիջոցների ներկայացուցիչների, կառավարության անդամների ուղեկցությամբ այսօր նա մեկնել է Աթենք, այնտեղից Բրյուսել: Երթուղին պատահականորոն չի ընտրվել՝ Աթենքը, որպես եվրոպական քաղաքակրթության բնօրրան, Բրուսելը, որպես ԵՄ ներկայիս կենտրոն:

Աթենքում Կվիրիկաշվիլին հանդիպում է ունեցել Հունաստանի իր պաշտոնակցի՝ վարչապետ Ալեքսիս Ցիպրասի հետ: «Ուրախ եմ, որ Վրաստանի համար այս կարևոր օրը ձեզ ընդունում է Հունաստանը»,- ասել է Հունաստանի վարչապետը՝ շնորհավորելով Վրաստանին Եվրամիության հետ վիզային ռեժիմի ազատականացման առթիվ: Աթենքում Կվիրիկաշվիլին մասնակցում է «Վրաստան՝ Եվրոպայից դեպի Եվրոպա» խորագրով համաժողովին: Բրյուսելում նա հանդիպներ է ունենալու Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկի և Եվրահանձնաժողովի ղեկավար Ժան-Կլոդ Յունկերի հետ: Ակնկալվում է նրանց համատեղ հայտարարությունը:

Թբիլիսին այժմ շնորհավորական ուղերձներ է ստանում Եվրամիությունից ու այլ երկրներից: Տոնական տրամադրություններն, այդուհանդերձ, վրաց պաշտոնյաներին չեն խանգարել՝ քաղաքացիներին զգուշացնել, որ եվրոպական այցելությունների ժամանակ խստորեն պահպանեն օրենքներն ու գործող կարգը: Վրաստանի ներքին գործերի նախարար Գեորգի Մգեբրիշվիլին հիշեցրել է, որ վերջին վեց տարիների ընթացքում Եվրամիության երկրներից 700 հազարից ավելի ռեադմիսիայի դիմում են ստացել, որոնց 95 տոկոսը բավարարվել է: Ապրիլի 4-ին Վրաստանի ներքին գործերի նախարարությունը համաձայնագիր է ստորագրելու Եվրամիության հետ: «Դա նշանակում է, որ մենք իրավապահ ոլորոտւմ Եվրամիության մասն ենք դառնալու»,- պարզաբանել է Վրաստանի ներքին գործերի նախարարը:

Վրաստանի արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեն էլ երեկ երեկոյան հրավիրած ասուլիսում ասել է, որ օրինախախտներին ոչ միայն Եվրոպայից արտաքսում է սպառնում, այլև 3 հազար եվրոյի տուգանք: Ջանելիձեն ընդգծել է, որ Վրաստանի եվրոպական ճանապարհն անշրջելի է, և որ այն դրական արդյունքներ կբերի կյանքի բոլոր ոլորտներում: Նա հայտարարել է նաև, թե Վրաստանն այժմ պետք է աշխատի Եվրամիության լիարժեք անդամ դառնալու ուղղությամբ:

Վրաստանից անջատված տարածքների առնչությամբ, Ջանելիձեն ասել է, թե Աբխազիայի և Հարավային Օսիայի բնակիչները ևս կարող են առանց վիզայի մեկնել Եվրամիության երկրներ: «Առանց վիզային ռեժիմի ճամփորդելու արտոնությունը հասանելի կլինի նաև օկուպացված տարածքներում բնակվող մեր քաղաքացիների համար»,- ընդգծել է Վրաստանի արտգործնախարարը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG