Մատչելիության հղումներ

«Եվրոպան թող իր խնդիրներով զբաղվի»․ Թուրքիայի վարչապետ


Թուրքիայի վարչապետ Բինալի Յիլդրըմը Եվրամիությանը կոչ է արել չմիջամտել իր երկրի սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի գործընթացին:

«Եվրոպան թող իր խնդիրներով զբաղվի», - հայտարարել է Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը:

Մինչ այդ եվրոպական մի շարք երկրներ, այդ թվում՝ Գերմանիան և Շվեդիան, հայտարարել են, որ թուրքական հատուկ ծառայությունները լրտեսություն են իրականացնում արտերկրում՝ նախագահ Ռեջեփ Էրդողանի ընդդիմախոսներին բացահայտելու և ճնշելու համար:

Գերմանական լրատվամիջոցները, վկայակոչելով երկրի բարձրաստիճան պաշտոնյաների խոսքերը, հայտնում են, որ Թուրքիայի ազգային հետախուզական կազմակերպության ղեկավար Հաքան Ֆիդանը փետրվարին մասնակցել է անվտանգության հարցերով մյունխենյան համաժողովին, որի ընթացքում հանդիպում է ունեցել գերմանացի պաշտոնակից Բրունո Քալի հետ և նրան փոխանցել անցյալ տարի Թուրքիայում հեղաշրջման փորձ կազմակերպելու մեջ մեղադրվող իսլամական գործիչ Ֆեթուլլահ Գյուլենի՝ Գերմանիայում բնակվող ենթադրյալ համակիրների ցուցակ, որի մասին Քալը տեղեկացրել է դաշնային կառավարությանը, դատախազությանը և այլ իրավապահ մարմինների:

Գերմանիայում ենթադրում են, որ տվյալները հավաքագրվել են ապօրինի ճանապարհով, այդ թվում՝ թաքնված տեսախցիկների միջոցով: Ցուցակում, բացի անուն-ազգանուններից, կցված է նաև հեռախոսահամար, հասցե, լուսանկար:

Գերմանիայի իրավապահները այս գործով հետաքննություն են սկսել: Գերմանիայի ներքին գործերի նախարար Թոմաս դե Մեզյերը հայտարարել է, թե Բեռլինը մտադիր չէ աչք փակել իր երկրում օտարերկրյա լրտեսության վրա:

«Գերմանիայի տարածքում լրտեսական գործունեությունը քրեորեն պատժելի է և անընդունելի», - մասնավորապես հայտարարել է գերմանացի պաշտոնյան՝ ընդգծելով, որ թուրքական հատուկ ծառայությունների նման գործունեությունը վտանգում է թուրք-գերմանական հարաբերությունների ապագան:

«Անկախ այն բանից, աջակցում են գերմանացի թուրքերը Գյուլենի շարժմանը, թե ոչ, Գերմանիայում գործում է գերմանական օրենքը և օտար պետությունների հատուկ ծառայությունները չեն կարող հետևել մեր քաղաքացիներին», - շեշտել է Գերմանիայի ներքին գործերի նախարարը:

Բեռլինի և Անկարայի միջև այս աննախադեպ սկանդալը ծագել է Եվրոպայում նախօրեին մեկնարկած թուրքական սահմանադրական հանրաքվեի ֆոնին. քվեարկությանը մասնակցում է Թուրքիայի մոտ երեք միլիոն քաղաքացի, որոնց կեսը Գերմանիայում է:

Համաթուրքական հանրաքվեի նպատակն է երկրի խորհրդարանական կառավարման համակարգը փոխել նախագահական հանրապետության․ չեղարկել վարչապետի պաշտոնը և ձևավորել դատավորների և դատախազների Գերագույն խորհուրդ։ Առաջարկվող փոփոխությունների համաձայն, երկրի նախագահը իրավունք է ստանում հայտարարել արտակարգ դրություն, ինքնուրույն նշանակել նախարարներին և ցրել խորհրդարանը։

Եվրոպական մի շարք երկրներ հանրաքվեի նախաշեմին արգելել են իրենց երկրներում անցկացնել քաղաքական ակցիաներ, ինչը հանգեցրել է Թուրքիայի և եվրոպացի ղեկավարների միջև շարունակվող կոշտ դիմակայության: Նախագահ Էրդողանը թուրք նախարարների քարոզչական հանդիպումներն արգելելու համար Գերմանիային ու Հոլանդիային մեղադրել էր «նացիստական վարքագիծ» դրսևորելու մեջ: Այդ համեմատությունը եվրոպական երկու երկրները բացարձակապես անընդունելի են համարել և խստորեն դատապարտել, սակայն դրանից հետո՝ անցած կիրակի, Էրդողանը ելույթ է ունեցել Ստամբուլում՝ սուր քննադատելով Շվեյցարիային ու Գերմանիային և դարձյալ օգտագործել է «նացիստ» որակումը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG