Պաշտոնական Թեհրանը պատրաստ է Իրանի տարածքում գտնվող ռազմակայանները տրամադրել Ռուսաստանին` Մերձավոր Արևելքում ռուսական զինուժի կողմից իրականացվող գործողություններին օժանդակելու նպատակով: Այս մասին այսօր Մոսկվայում հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը:
«Ռուսաստանը Իրանի տարածքում ռազմաբազաներ չունի: Մենք, սակայն, [Մոսկվայի հետ] լավ հարաբերություններ ունենք և ժամանակ առ ժամանակ, երբ Ռուսաստանին անհրաժեշտ կլինի ահաբեկչության դեմ պայքարում օգտագործել իրանական ենթակառույցները, մենք համապատասխան որոշում կկայացնենք», - Reuters-ի Մոսկվայի թղթակցի հետ զրույցում նշել է Իրանի արտգործնախարարը, ով Ռուսաստան է ժամանել նախագահ Հասան Ռոհանիի ղեկավարած պատվիրակության կազմում:
Իրանի նախագահը Մոսկվա ժամանեց երկուշաբթի` օրվա երկրորդ կեսին: Երեկոյան կողմ արդեն նրան ընդունեց Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը:
«Ներկայումս մեր երկրների միջև շատ բարեհոգի, զարգացման միտում ունեցող հարաբերություններ են հաստատվել, և Ձեր այցը դրանք խորացնելու, գործընկերային հիմքի վրա դնելու հնարավորություն է ստեղծում: Միջազգային հարաբերությունների ներկա վիճակը, ինչպես նաև երկկողմ առևտրատնտեսական հարաբերությունները քննարկելու հնարավորությունն ինձ համար պատիվ է և ուրախություն», - դիմելով Իրանի նախագահին` ասում էր Ռուսաստանի վարչապետը:
Ռոհանիի համոզմամբ էլ՝ մոսկովյան իր այցը կարող է նոր խթան հանդիսանալ երկկողմ հարաբերությունների զարգացման ճանապարհին:
«Ուրախ ենք, որ մեր հարաբերություններում վերջին տարիներին հստակ դրական դինամիկա է ձևավորվել: Հուսով եմ, որ իմ այս այցի ընթացքում մեր հարաբերություններում նոր շրջադարձային փուլի ի հայտ գալու ականատեսը կդառնանք: Հուսով եմ, որ միջազգային ասպարեզում մեր կողմից իրականացվող համատեղ քայլերը կնպաստեն խաղաղության և կայունության հաստատմանը», - նշում էր Իրանի նախագահը:
Արևմտյան և ռուսական աղբյուրների փոխանցմամբ, Հասան Ռոհանիի մոսկովյան բանակցությունների հիմնական թեմաները երկուսն են` Սիրիայում ստեղծված կացությունն ու տնտեսական համագործակցությունը Մոսկվայի և Թեհրանի միջև: Ռուսաստանի տնտեսական զարգացման նախարարության տվյալներով՝ 2016 թվականին ռուս-իրանական երկկողմ ապրանքաշրջանառության ծավալները կրկնապատկվել են: Դրան զուգահեռ, սակայն, իրանական կողմը լուրջ ակնկալիքներ ունի, որ բանակցությունների ընթացքում հնարավոր կլինի պայմանավորվածություններ ձեռք բերել ռուսական արտադրության մի շարք նորագույն զինատեսակների ձեռքբերման շուրջ: Reuters-ի տեղեկություններով՝ իրանական կողմը լրջորեն մտածում է հատկապես Су-30 մակնիշի կործանիչների և Т-90 տանկերի ձեռքբերման մասին: