Մատչելիության հղումներ

ՎՈւԱՄ անդամներն ուժգնացնում են ջանքերը «տարածքային ոտնձգությունների» դեմ պայքարում


Կիև, 27-ը մարտի, 2017 թ․
Կիև, 27-ը մարտի, 2017 թ․

Չորս երկրների վարչապետներն ու փոխվաչապետներն այսօր Կիևում մի շարք փաստաթղթեր ստորագրեցին:

Ադրբեջանը, Վրաստանը, Ուկրաինան և Մոլդովան ամրապնդում են համագործակցությունն ու պատրաստվում են «նոր էջ» բացել 20 տարի առաջ հիմնադրված կազմակերպության՝ ՎՈւԱՄ-ի գործունեության շրջանակներում: Չորս երկրների վարչապետներն ու փոխվաչապետներն այսօր Կիևում մի շարք փաստաթղթեր ստորագրեցին, որոնք, ըստ Ուկրաինայի վարչապետի, թույլ կտան արդեն այս տարվանից իրականություն դարձնել ազատ առևտրի գոտին ու ավելացնել առևտրաշրջանառությունը կազմակերպության անդամ երկրների միջև:

«Մենք այսօր տնտեսական ներուժ ունենք, որն, իմ կարծիքով, չի օգտագործվում: Թեև 2015 թվականի համեմատ մեր երկրների միջև առևտուրը մի փոքր ավելացել է, բայց վստահ եմ, որ դա չի համապատասխանում մեր հնարավորություններին, և մենք կարող ենք այս գագաթնաժողովից ու անհրաժեշտ փաստաթղթերի ստորագրումից հետո բարելավել վիճակը»,- հայտարարել է Ուկրաինայի վարչապետ Վլադիմիր Գրոյսմանը:

Տնտեսական կապերի սերտացումից բացի, չորս երկրները պարտավորվեցին ամրապնդել համագործակցությունը նաև քաղաքական ոլորտում, հատկապես՝ անդամ երկրներում առկա հակամարտությունների կարգավորման ուղղությամբ, ընդգծելով՝ դրանք պետք է լուծվեն տարածքային ամբողջականության, ինքնավարության ու միջազգայնորեն ճանաչված սահմանների շրջանակներում:

«Մենք ընդունում ենք, որ պետության տարածքը չի կարող զավթվել այլ պետության կողմից սպառնալիքի կամ ուժի գործադրմամբ, և որ որևէ տարածքային ոտնձգություն, ռազմական օկուպացիա կամ բռնազավթում չի կարող համարվել օրինական»,- հայտարարեցին չորս երկրների ներկայացուցիչներն այսօր ստորագրված համատեղ հռչակագրում:

«Սա մեր համագործակցության ամենակարևոր ուղղություններից մեկն է»,- ընդգծեց Ուկրաինայի վարչապետը, հավելելով․ «Պատմականորեն այնպես է ստացվել, որ մենք միայն լսելով չէ, որ տեղյակ ենք տարածքային ամբողջականության ոտնահարումների մասին, այդ իսկ պատճառով, մեր ջանքերի համախմբումն այս ուղղությամբ, անշուշտ, շատ կարևոր է»:

Վրաստանի վարչապետն էլ պնդեց՝ չլուծված հակամարտությունները խոչընդոտում են ՎՈւԱՄ անդամների քաղաքական, տնտեսական ու սոցիալական զարգացումը: «Տարածաշրջանային ու միջազգային մարտահրավերներն այսօր պարտավորեցնում են մեզ համագործակցել»,- հայտարարեց Գիորգի Կվիրիկաշվիլին: «Մեր առջև կանգնած մարտահրավերները՝ չկարգավորված հակամարտությունները, մեզ ստիպում են համախմբել ջանքերն ու փոխգործակցել, որպեսզի ավելի լայն միջազգային աջակցություն և համարժեք արձագանք տրվի մեր երկրների տարածքային ամբողջականության դեմ ոտնձգություններին»,- նաև ասաց Կվիրիկաշվիլին:

Մոլդովայի վարչապետն իր հերթին հայտարարեց՝ անհրաժեշտ է ՄԱԿ-ի գլխավոր վեհաժողովի օրակարգ մտցնել «ՎՈւԱՄ տարածքում սառեցված հակամարտությունների մասին» բանաձև, որում կարգավորման հիմնական սկզբունք է դիտարկվում հարգանքը երկրի տարածքային ամբողջականության ու ինքնավարության նկատմամբ:

Ադրբեջանն, ի դեպ, Կիև էր գործուղել երկրի փոխվարչապետին՝ Իսմեթ Դուրսուն Օղլի Աբասովին: Վերջինս, ի տաբերություն գործընկերների, համատեղ ճեպազրույցում այդպես էլ որևէ բառ չասաց սառեցված հակամարտությունների մասին, չդատապարտեց ոտնձգություններն ու բռնազավթումները կազմակերպության անդամ երկրների տարածքում:

Փոխարենը կենտրոնացավ Ադրեջանի տրանսպորտային ու տնտեսական հնարավորությունների վրա: «Մենք խոշորագույն տրանսպորտային ծրագրեր են իրականացնում՝ արևմուտքն արևելքին, հյուսիսը հարավին կապելու համար»,- հայտարարեց Ադրբեջանի փոխվարչապետը՝ տեղեկացնելով, որ դրանցից մեկը՝ «Բաքու-Թբիլիսի-Կարս» երկաթգիծը կգործարկվի արդեն այս տարի:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG