Մատչելիության հղումներ

Հեռուստաընկերությունները ավելի շատ լուսաբանում են ՀՀԿ-ի և «Ծառուկյան դաշինքի» քարոզարշավը


Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյան

Քարոզչության անցած ժամանակահատվածի ու դրան նախորդող երկու շաբաթների ընթացքում հեռուստաէկրաններին ավելի շատ Հանրապետական կուսակցության ներկայացուցիչներն են հայտնվել:

Երևանի մամուլի ակումբի կողմից հինգ հեռուստաալիքների մշտադիտարկումը ցույց է տվել, որ այս առումով իշխող կուսակցությունից հետ չի մնացել «Ծառուկյան դաշինքը»։ Ի տարբերություն մյուս ուժերի, դաշինքի մասին նաև ավելի շատ են դրական լուսաբանումները։

Երևանի մամուլի ակումբը դիտարկել է «Կենտրոն», «Երկիր մեդիա», «Հանրային», «Արմենիա» և «Շանթ» հեռուստաընկերությանները։

«Եթե Հանրապետական կուսակցությունը մոտավորապես հավասարաչափ է լուսաբանված տարբեր լրատվամիջոցներում, «Ծառուկյան դաշինքի» առավելությունը հիմնականում «Կենտրոն»-ի հաշվին է: Այն կուսակցությունները, որոնք առավել քիչ են լուսաբանվում, դա Կոմունիստական կուսակցությունն է, «Ազատ դեմոկրատները»», - ասաց Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը:

Հրապարակումները հիմնականում դրական լույսի ներքո են եղել, թեև վիրավորական արտահայտություններ ևս հնչել են։ Էթիկայի կանոնների 31 խախտում է արձանագրվել, որոնց գերակշիռ մասը «Կենտրոն» հեռուստաընկերության եթերում: Խախտողը միայն մեկ դեպքում է եղել ռեպորտաժի հեղինակը, մյուս դեպքերում տեսանյութում երևացող անձինք են էթիկայի կանոններ խախտում։

Երևանի մամուլի ակումբի նախագահի խոսքով, թեև լրատվամիջոցը հաճախ պատասխանատու չէ տեսանյութում հնչած կարծիքների համար, սակայն եթե դա մի թեմայի է վերաբերում ու պարբերաբար կրկնվում, ապա այստեղ կարելի է միտում տեսնել․ - «Լավագույն օրինակը այն ժամանակահատվածի համար, որը ես նշում եմ, դա պատասխանն էր «Ծառուկյան դաշինքի» ներկայացուցիչների «Ազատ դեմոկրատների» կողմից 15 կետերի քննադատության վերաբերյալ: Երբ մեկ հեռուստաալիք՝ «Կենտրոն»-ը, պատասխանը «Ծառուկյանի դաշինքի» ներկայացուցիչների այդ քննադատությանը հնչեցնում է իր հաղորդումներում տասնմեկ անգամ, դա արդեն, բնականաբար, հետևություն է ենթադրում, որ տվյալ հեռուստաալիքը որոշակի քաղաքական նպատակ է հետապնդում»:

Բորիս Նավասարդյանի խոսքով՝ ինչպես նախորդ խորհրդարանական ընտրությունների քարոզչության, այնպես էլ այս ընթացքում հեռուստաալիքները կուսակցականացված են եղել՝ նախապատվություն տալով կոնկրետ քաղաքական ուժի։ «Կենտրոն»-ն ակտիվորեն անդրադարձել է «Ծառուկյան դաշինքին», «Երկիր մեդիա» հեռուստաընկերությունը՝ Հայ Յեղափոխական Դաշնակցությանը։

Նավասարդյանի խոսքով, դա հատկապես ակնհայտ է եղել պաշտոնական քարոզչությանը նախորդող երկու շաբաթների ընթացում․ - «Կուսակցականացումը եղել է և, ցավոք, շարունակվում է: Արդեն քարոզչության շրջանում այդ երևույթը չկար, որովհետև շատ ավելի ուշադիր են, շատ ավելի պատասխանատու են զգում, որ կարող է խնդիրներ ունենան»:

Նոր ընտրակարգը դժվարություններ է ստեղծել տարածքային թեկնածուներին հավասարաչափ անդրադառնալու առումով, քանի որ նրանց թիվն այնքան մեծ է, որ դժվար է բոլորին նույն եթերաժամը տրամադրել։ Բորիս Նավասարդյանի խոսքով, դժվար է եղել նաև տարբերակել աշխատանքային ու քարոզչական հանդիպումները․ - «Հանրապետական կուսակցության երկու ամենաբարձրաստիճան դեմքերը փաստորեն ցուցակներում չեն: Դա նույնպես մեր ընտրությունների պատմության մեջ առաջին անգամն է: Բայց գոնե այդ երկուսից մեկը երևի ամենակարևոր տանող ուժն է ամբողջ քարոզարշավի: Ես նկատի ունեմ վարչապետ Կարեն Կարապետյանին: Ինքը ունեցել է այցելություններ շրջաններ, որոնք կարծես թե աշխատանքային այցելություններ են, բայց իր հանդիպումը ժողովրդի հետ Հանրապետական կուսակցության խորհրդանիշների ֆոնին է եղել»:

Մշտադիտարկումն իրականացվում է Եվրոպայի խորհրդի և Եվրոպական միության օժանդակությամբ։ Խախտումների արձանագրումը խորհրդատվական բնույթ ունի և իրավական պատասխանատվություն չի ենթադրում։

Մշտադիտարկման վերջնական արդյունքները կներկայացվեն ապրիլի 4-ին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG