Մատչելիության հղումներ

Այսօր մամլո ասուլիս էին հրավիրել «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի առաջնորդները:

Սեյրան Օհանյանի ղեկավարած նախընտրական դաշինքը զենքի միջոցով քաղաքական հարցերի լուծումը չի խրախուսում: Անդրադառնալով Սամվել Բաբայանին վերագրվող՝ «Իգլա» տեսակի զենքի ներկրման մեղադրանքին և մամուլում շրջանառվող տեղեկություններին, թե այդ զենքով կարող էր քաղաքական հարց լուծվել, այս մասին այսօր հրավիրած մամլո ասուլիսում հայտարարեցին դաշինքի ղեկավար անդամներ Սեյրան Օհանյանն ու Վարդան Օսկանյանը:

«Զենքի հետ կապված խնդրում մենք մնում ենք նույն տեսակետին, որ չենք խրախուսում: «Իգլա»-ի հետ կապված՝ նախևառաջ, ո՞վ է այդ մարդը, որը մաքսանենգ ճանապարհով այդ «Իգլա»-ն բերել է այլ երկրից: Թող էդ մարդը հայտնվի, թող էդ մարդը տեղեկություններ տա, որովհետև այն, ինչ որ մենք տեսել ենք նկարների մեջ, դա պարզապես մի, կարելի է ասել, խողովակատիպ գործիք է, առանց տարբեր մեխանիզմների, որը երբևիցէ կրակելու հնարավորություն այդ վիճակում չի կարող ունենալ»,- ասաց Սեյրան Օհանյանը:

Վարդան Օսկանյանն, իր հերթին, հավելեց․ «Ինչ վերաբերում է ուժի օգտագործմանը, մենք դա երբեք չենք խրախուսել, չենք խրախուսելու: Բայց, հավասարապես, նաև մենք խիստ դատապարտում ենք իշխանության կողմից կիրառվող բռնությունները, քաղաքական մենաշնորհը, կուսակցապետությունը: Էդ կոնտեքստում նայել, երբ որոշ մարդիկ, ելնելով նման հիասթափությունից, գնում են ինչ-որ ուժի օգտագործման: Բայց նորից եմ կրկնում, մեր դաշինքը երբեք չի խրախուսել ու չի էլ խրախուսելու զենքի որևէ ձևի օգտագործումը»:

Սեյրան Օհանյանը ևս մեկ անգամ շեշտեց՝ Սամվել Բաբայանը որևէ առնչություն չունի իրեն վերագրվող մեղադրանքի հետ, և ինչպես փաստաբանն է պնդում, դա հաստատող որևէ փաստ գոյություն չունի, Բաբայանն էլ չի ընդունել, որ նման արարք է կատարել:

«Որևիցէ մի առնչություն ինքը չունի և չեմ կարծում, թե նա կարող էր այսպիսի փոքր խնդիրներով զբաղվել, մանավանդ այս ժամանակահատվածի հետ կապված: Եթե կան տեղեկություններ, էդ տեղեկություները թող տան, որպեսզի մենք էլ իմանանք: Եթե չկան այդ տեղեկությունները, ապա գոնե այս ժամանակահատվածի համար մենք գտնում ենք, որ դա քաղաքական հետապնդում է և՛ Սամվելի նկատմամբ, և՛ նաև մեր դաշինքի նկատմամբ, որն անընդունելի է այս նախընտրական քարոզարշավի ընթացքում»,- ասաց Սեյրան Օհանյանը:

Ավելի վաղ, գլխավոր դատախազությունը հաղորդագրություն էր տարածել, որում ընդգծել էր, թե Սամվել Բաբայանը և մյուս 2 կալանավորված անձինք ընդունել են իրենց առնչությունը նշված զենքերի ապօրինի շրջանառությանը և տեղեկություններ հայտնել դրա հանգամանքների վերաբերյալ: Բաբայանի փաստաբանը, մինչդեռ, հակադարձելով այդ հաղորդագրությանը, ասել էր՝ դատախազությունը Բաբայանի ցուցմունքը մեկնաբանել է այնպես, ինչպես մեղադրող կողմին է ձեռնտու:

Այսօր, արձագանքելով այս հակասությանը, Սեյրան Օհանյանը շեշտեց, որ իրենք հավատում են փաստաբանին՝ «Հաշվի առնելով Հայաստանում եղած դատաիրավական համակարգը, պնդում եմ․․․ որովհետև գործընթացներն այնպիսիսն են, որ միշտ էլ նրանք եղել են տարբեր ուժերի ազդեցության տակ: Մենք փաստաբանին ենք հավատում»:

Լրագրողների դիտարկմանը, թե ինչպես է դաշինքն անընդունելի համարում զենքի միջոցով հարցերի լուծումն այն դեպքում, երբ խոստանում է իշխանության գալու պարագայում ազատ արձակել «Սասնա ծռերին», որոնք հենց զենքի միջոցով էին փորձում հարց լուծել, Սեյրան Օհանյանը պատասխանեց, թե նրանք այդ քայլին գնացել են ճարահատյալ:

«Նրանք այդ խնդիրն իրականացրել են ճարահատյալ վիճակում: Գիտենք, որ մեր երկրի վիճակն ինչպիսին է: Այդ օրերին ժողովրդի մեծ մասը համագործակցեց, և այն հանրահավաքները, որոնք տեղի ունեցան մեր հայրենակիցների կողմից, հենց աջակցություն էր»,- ասաց Սեյրան Օհանյանը:

Ուշագրավ է, որ այսօր նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանն էլ «Սասնա ծռերին», ինչպես նաև կալանավորված Ժիրայր Սեֆիլյանին համարեց քաղաքական բանտարկյալներ, նրանց շարքին դասելով նաև Սամվել Բաբայանին: «Սամվել Բաբայանը քաղաքական բանտարկյալ է, ինչպես Ժիրայր Սեֆիլյանը, Անդրիաս Ղուկասյանը, «Սասնա ծռերի» տղաները: Իհարկե, «Սասնա ծռերի» հետ կապված, ընդունում եմ, որ այնտեղ ոստիկանների մահի խնդիր կա, և պետք է արդար դատավարություն լինի, դա հասկանալի է, ընդունելի է, բայց մնացածի մասով կարող եմ ասել, որ նրանք քաղբանտարկյալներ են»,- ասաց Վարդան Օսկանյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG