Մատչելիության հղումներ

ՀՀԿ-ականները վստահեցնում են՝ գտել են երկրի առողջացման դեղատոմսը և գլխավոր վիրաբույժին


Հանրապետականի քարոզարշավը գյուղերից մեկում, մարտ, 2017թ․

Մոտ երկու տասնամյակ իշխանության ղեկը ստանձնած հանրապետականները վստահեցնում են, թե գտել են երկրի առողջացման դեղատոմսը։ Կուսակցության ցուցակի առաջնորդներից բժիշկ Արա Բաբլոյանն այսօր Արագածոտնի մարզում հայտարարեց, թե ի վերջո գտել են նաև հանրապետության գլխավոր վիրաբույժին։

«Հանրապետականը փոխեց բովանդակությունը, նա գնահատեց, որ ինքը պետք է սկսի բարեփոխումները իրենից և գտնի այն գլխավոր վիրաբույժին, որը կարող է բուժել մեր տնտեսությունը, մեր հասարակությունը, մեր պետությունը, և ահավասիկ ես խոսքը տալիս եմ մեր գլխավոր վիրաբույժին՝ պարոն վարչապետին», - ասաց Բաբլոյանը:

Երկիրը առողջացնող հանրապետականների «վիրաբույժը» հարթակին մոտեցավ փոքր-ինչ հիվանդ, խզված ձայնով ներկայացրեց ծրագրերը, բայց խոստացավ նոր որակի Հայաստան։

«Ներողություն եմ խնդրում իմ ձայնի համար, ուղղակի մրսացրել եմ», - ելույթը այսպես սկսեց Կարեն Կարապետյանը, ապա շարունակեց․ - «Մենք ինչպես այս վեց ամիսը պարբերաբար հաշվետվություն ենք տվել, գալու ենք և ձեր առաջ պատասխան ենք տալու: Ձեզ լավ տրամադրություն, ուռա՛»:

Կարապետյանը աշտարակցիներին վստահեցրեց, թե նոր կառավարության օրոք տնտեսությունն ակտիվացել է։ «Մենք ունենք արդյունաբերության աճ 16․1 տոկոս, ընդ որում՝ այս 16․1 տոկոսի մեջ մենք ունենք 107 տոկոս՝ հանքարդյունաբերություն, 109 տոկոս՝ գյուղատնտեսություն, 130 տոկոս՝ մետալուրգիա, 147 տոկոս՝ IT [տեղեկատվական տեխնոլոգիաների] ոլորտ, 150 տոկոս՝ խմիչքների արտադրություն», - ասաց նա:

Ոլորտ առ ոլորտ թվարկելով տնտեսական աճի ցուցանիշները՝ վարչապետն ինքը շտապեց հայտարարել, որ արձանագրված աճը միայն թվերում է արտացոլվում՝ շարքային քաղաքացիներն առայժմ դրանց ազդեցությունը չեն զգա․ - «Անտրամաբանություն չկա, որ կա տնտեսական թվերի աճ և մեր կյանքի որակի փոփոխություն չկա, որովհետև մենք պետք է անցնենք մի ժամանակահատված, երբ որ տնտեսության այ էս թվերը բերում են նրան, որ մեր կյանքը չի վատանում <...>, և մենք կամաց-կամաց գալու ենք հասնենք այն հագեցման կետին, որից հետո կյանքի որակը փոխվելու է»:

Վարչապետից բացի, հանրապետականների նախընտրական ծրագիրը մանրամասնեց նաև արդարադատության նախարարը։ Ցուցակի երրորդ հորիզոնականը զբաղեցնող Արփինե Հովհաննիսյանը հայտարարեց, որ գյուղատնտեսության զարգացման համար մշակել են հատուկ ծրագիր։

«Այս պահի դրությամբ, պետական բյուջեից հատկացված է 120 միլիոն դրամ, որը ուղղվելու է գյուղատնտեսական տեխնիկայի ձեռքբերման տոկոսների սուբսիդավորմանը՝ 9 տոկոսից 7 տոկոսը պետությունը վերցնում է իր վրա և հնարավորություն է տալիս գյուղացուն կամ գյուղացիական աշխատանքով զբաղվողին, գյուղացիական տնտեսությանը՝ 2 տոկոսով ձեռք բերել գյուղատնտեսական տեխնիկա», - ասաց Հովհաննիսյանը:

Արագածոտնի մարզում, ըստ նախարարի, կարևորելու են նաև տուրիզմի զարգացումը։ Մինչև տարեվերջ ակնկալում են մարզում 44 միլիոն դոլարի ներդրում, մոտ հազար աշխատատեղ։

«Սաղմոսավան համայնքում կմեկնարկի իր տեսակի մեջ յուրահատուկ տուրիստական կենտրոն, և շարժվող կամուրջը, պտղատու այգիները և այլն՝ իրենք հնարավորություն կտան իրականում ցույց տալ ոչ միայն Հայաստանի Հանրապետությանն ու հարակից, տարածաշրջանի երկրներին, այլև առհասարակ աշխարհին ցույց տալ՝ ինչ ունենք մենք, որ միայն մենք գիտենք, բայց մենք ուզում ենք իրականում ցույց տալ, որ բոլորը տեսնեն՝ մենք ինչ ունենք», - նշեց Արփինե Հովհաննիսյանը:

Կարեն Կարապետյանի գլխավորությամբ հանրապետականներն այսօր եղան նաև Եղվարդում ու Ապարանում:

Հանրապետական կուսակցության քարոզարշավի գլխավոր դերակատարությունը ստանձնած վարչապետն այսօր ևս բնակավայրից բնակավայր էր շրջում ծառայողական մեքենայով, իսկ նրան ուղեկցում էին պետավտոտեսչության մի քանի գումարտակներ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG