Կենտրոնական ընտրական հանձնաժողովը (ԿԸՀ) շաբաթ օրը արտահերթ նիստում մերժեց «Ելք» դաշինքի պատգամավորի թեկնածուներ Նիկոլայ Բաղդասարյանի և Արտակ Զեյնալյանի դիմումը՝ Հայաստանի իշխող Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) խորհրդարանական խմբակցության պատգամավոր, պատգամավորի թեկնածու Առաքել Մովսիսյանի լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ:
Իրավաբաններն ապացույցներ էին ներկայացրել հրապարակված տեսանյութի առնչությամբ, որտեղ Ծաղկալանջ գյուղում ճանապարհը ասֆալտապատելու դիմաց Առաքել Մովսիսյանն ակնկալում էր ստանալ տվյալ և հարևան գյուղի ձայները: Ըստ այդմ, նրանք պահանջում էին բավարարել դիմումը՝ դատարան հայցադիմում ներկայացնելու համար:
Հիշեցնենք, ավելի վաղ ԿԸՀ-ն հաղորդագրություն էր տարածել, որ խախտման վերաբերյալ անմիջապես տեղեկացրել են Հանրապետական կուսակցության լիազոր ներկայացուցիչներին և պահանջել դադարեցնել խախտումն ու հետագայում օրենքի նման խախտումներ թույլ չտալ։
ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը պնդեց, որ ավելի խիստ պատիժ կիրառելու համար պետք է ապացուցել, թե ինչ ազդեցություն կունենա կատարվածը ընտրությունների արդյունքների վրա: Արձագանքելով՝ Նիկոլայ Բաղդասարյանն ասաց, որ «ձայների դիմաց խոստացված ասֆալտն արդեն կա և այն չի վերացվելու»:
Այօրվա արտահերթ նիստում նաև «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ» հասարակական կազմակերպության դիմումները մերժվեցին: Դրանցից մեկը նորից առնչվում էր ՀՀԿ պատգամավորի թեկնածու Առաքել Մովսիսյանին, մյուսը՝ «Ծառուկյան» դաշինքի առաջնորդ Գագիկ Ծառուկյանին, ով մարտի 10-ին քարոզարշավի ընթացքում հավաքի մասնակիցներից մեկին աշխատանք էր խոստացել: Երրորդ դիմումով էլ կազմակերպությունը պահանջում էր խախտման մասին նախազգուշացում ներկայացնել ՀՀԿ անդամ, վարչապետ Կարեն Կարապետյանին, ով, ըստ դիմումատուի, քարոզչություն է իրականացրել աշխատանքային ժամին:
ԿԸՀ-ն մերժեց այս դիմումները՝ հիմնավորելով, որ հասարակական կազմակերպությունը իրավասու չէ այդպիսի դիմումներ ներկայացնել: