Մատչելիության հղումներ

«Ելք» դաշինքը «Անկախ քաղաքացու մանիֆեստ» է հռչակում


«Ելք» դաշինքի առաջնորդները ասուլիսի ժամանակ, մարտ, 2017թ․

«Ելք» դաշինքն այսօր «Անկախ քաղաքացու մանիֆեստ» հռչակեց։ Դաշինքի անդամների խոսքով՝ պետք է հրաժարվել կեղծ գործոններից ու Հայաստանում հաստատել անկախ քաղաքացու իշխանությունը։ Փողը, վախը և արհեստական հեղինակությունները երեք հիմնական գործոններն են, որոնք կեղծում են ընտրությունները նախքան տեղամաս գնալը, գրված է մանիֆեստի մեջ։

«Հայաստանի Հանրապետության ինքնիշխան քաղաքացին պետք է հռչակի ամբողջ հայությանը, որ «ես անկախ եմ փողից և ընտրակաշառքից, ես անկախ եմ վախերից, ես անկախ եմ արհեստական հեղինակություններից», - հայտարարեց դաշինքի կողմից Երևանի Արաբկիր, Դավիթաշեն և Աջափնյակ համայնքներում Ազգային ժողովի պատգամավորի թեկնածու առաջադրված Հայկ Կոնջորյանը:

Կոնջորյանի խոսքով, քաղաքացիները խորհրդարանական ընտրությունների օրը՝ ապրիլի 2-ին ձեռքի մի շարժումով կարող են փակել Հայաստանի պատմության անփառունակ էջը։

Թեկնածուն անցորդներին իր հեռախոսահամարն էր բաժանում ու խոստանում ընտրվելու դեպքում մշտապես կապի մեջ լինել․ - «Ես պատրաստվում եմ լինել ձեզ համար մշտապես հասանելի: Եկե՛ք միասին Հայաստանում ստեղծենք նոր քաղաքական մշակույթ, որտեղ պատգամավորը ընտրողներին հասանելի է ոչ թե հինգ տարին մեկ, այլ՝ ամեն օր»:

Երիտասարդ թեկնածուն Կոմիտասի պողոտայում հավաքված թոշակառուներին համոզում էր, թե սերնդափոխության ժամանակ է։ Նրա խոսքով՝ հենց իրենք են փոփոխություն իրականացնողները։

«Ես ասում եմ, որ Հայաստանում ստեղծված իրավիճակից ելք կա, քանի դեռ կան մարդիկ, ովքեր պայքարում են: Ելքը՝ էդ մենք ենք, ելքը էս երիտասարդությունն է, ելքը սերնդափոխությունն է», - ասում էր նա:

Անցորդները հիմնականում ասում էին, թե ընտրությունների արդյունքին արդեն վաղուց չեն հավատում։ Նրանք սոցիալական պայմաններից էին դժգոհում ու համոզմունք հայտնում, որ ապրիլի 3-ին ավելի լավ Հայաստանում չեն ապրելու։ Ելք կա՝ պնդում էին դաշինքի անդամները։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG