Մինսկի կենտրոնում ոստիկանությունը թույլ չի տալիս ընդդիմադիրներին «Ազատության օրվա»՝ Բելառուսական Ժողովրդական Հանրապետության ստեղծման 99-ամյակին նվիրված երթն իրականացնել:
Ինչպես տեղեկացնում է БелаПАН անկախ լրատվական գործակալությունը, առավոտից ոստիկանության աշխատակիցները հատուկ տեխնիկայի միջոցով արգելափակել են ակտիվիստների հավաքատեղին՝ Բելառուսի Գիտությունների ակադեմիայի հրապարակը: Արգելափակվել է երթևեկությունը, փակվել է մետրոյի երեք կայարան:
Լրատվամիջոցների տեղեկություններով՝ շաբաթ օրը Մինսկում զանգվածաբար ձերբակալվում են այն անձինք, ովքեր փորձում են մասնակցել ավանդական երթին: Ձերբակալվածների թվում են ընդդիմադիր առաջնորդներ, ակտիվիստներ: