Մատչելիության հղումներ

«Սարի թաղի» գործով անցնող Էդուարդ Զեյթունյանի կինը՝ Լալա Բերնեցյանը «Ազատությանը» փոխանցեց, որ իր ամուսինը քիչ առաջ հացադուլ է հայտարարել:

Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության խոսնակ Գոռ Ղլեչյանն «Ազատության» հետ զրույացում հաստատեց այս լուրը, ասաց՝ Էդուարդ Զեյթունյանը շուրջ երկու ժամ առաջ հացադուլ է հայտարարել:

Ըստ կնոջ՝ ամուսինն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում, ու պնդում է, որ ինքը ոստիկանին դիմադրություն ցույց չի տվել:

«Ոչ մի ոստիկան չի տուժել, դատարանում իրեն ոչ մի ոստիկան չի ճանաչել: Նա իր գազի, լույսի ու ջրի համար էր փողոց դուրս եկել, այսօր կաշին ու ոսկորն է մնացել: Չարածի համար ինչպե՞ս 5-10 տարի դատապարտվի անազատության: Ողնաշարի, սրտի ու ճնշման խնդիր ունի ամուսինս, ոչ մի բժշկական օգնություն էլ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում չի ստանում», - «Ազատությանը» փոխանցեց հացադուլ հայտարարած Էդուարդ Զեյթունյանի կինը:

Հիշեցնենք, մարտի 14-ին, «Նուբարաշեն» ՔԿՀ-ում նույն գործով անցնող Կարեն Վանոյանն էր հացադուլ հայտարարել: Ինչպես «Ազատությանը» փոխանցեց Գոռ Ղլեչյանը՝ Վանոյանը հացադուլից դուրս է եկել մարտի 17-ին:

Շուրջ կես տարի առաջ զինված խմբի կողմից Ոստիկանության ՊՊԾ գնդի տարածքի գրավումից հետո, Խորենացի փողոցից Սարի թաղ տանող ճանապարհը ոստիկանությունը փակել էր։ Սարիթաղցիները զրկված էին տրանսպորտից, չունեին նաև գազ և ինտերնետ կապ։

Հուլիսի 19-ին ոստիկանության և բնակիչների միջև տեղի ունեցած բախումները սարիթաղցիները մեկնաբանում են որպես բողոքի ձայն բարձրացնելու փորձ։ Ոստիկանությունն, իր հերթին, հայտարարում է, թե քաղաքացիները քարերով հարվածներ են հասցրել իրենց: Այս գործով տուժող է ճանաչվել 7 ոստիկան, 10 սարիթաղցի կալանավորվել է։

Գործով դատական նիստերը կշարունակվեն միայն ընտրություններից հետո։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG