Մատչելիության հղումներ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Կրեմլում ընդունել է Ֆրանսիայի ծայրահեղ աջ ուժերի առաջնորդ, նախագահական ընտրությունների թեկնածու Մարին Լե Պենին: Նախօրոք չհայտարարված այս հանդիպմանը Պուտինն ասել է, թե Մոսկվան իրեն իրավունք է վերապահում հանդիպելու ցանկացած քաղաքական գործչի հետ, ում հետ հարմար է համարում:

Հանդիպմանը Պուտինը նշել է, որ Մոսկվան չի ձգտում ազդեցություն ունենալ Ֆրանսիայի առաջիկա ընտրությունների վրա: - «Մենք չեն ցանկանում որևէ ազդեցություն ունենալ ընթացող իրադարձությունների վրա, բայց մեզ իրավունք ենք վերապահում շփվելու երկրի քաղաքական բոլոր ուժերի ներկայացուցիչների հետ»,- ասել է Պուտինը:

Այսօր ավելի վաղ, Ռուսաստանի խորհրդարանում պատգամավորների հետ հանդիպմանը Մարին Լե Պենը երկու երկրների միջև սերտ հարաբերությունների, ինչպես նաև Արևմուտքի կողմից Ռուսաստանի դեմ պատժամիջոցները վերացնելու կոչեր է արել:

Պետդումայի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում կայացած հանդիպմանը Մարին Լե Պենը ասել է. - «Աներևակայելի բան է, որ պատժամիջոցների պատճառով Ռուսաստանի և Ֆրանսիայի օրենսդիրները չեն կարող հանդիպել քննարկելու մեր քաղաքացիների կյանքին ու անվտանգությանը վերաբերող շատ կարևոր հարցեր»:

Ֆրանսիայի և Ռուսաստանի միջև «ռազմավարական և տնտեսական» համագործակցության կոչ անելով՝ նա նաև ասել է. - «Մեր աչքերի առաջ ձևավորվող նոր աշխարհը երկու գիգանտ մարտահրավերի է արդեն բախվում՝ գլոբալիզիմի և իսլամական ծայրահեղականության մարտահրավերներին»:

Մարին Լե Պենը Ռուսաստան է այցելել Պետդումայի հանձնաժողովի ղեկավարի հրավերով:

Ֆրանսիայի Ազգային ճակատ կուսակցության առաջնորդը նախկինում ևս հանդես է եկել Ռուսաստանի հետ սերտ հարաբերությունների կոչերով, նաև հայտարարելով թե Մոսկվայի կողմից Ղրիմի բռնակցումը անօրինական չի համարում:

Արևմուտքը Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ է սահմանել Ղրիմը բռնակցելու և Ուկրաինայի արևելքում իրադարձություններին միջամտելու համար:

Մարին Լե Պենի մեկօրյա այցը Մոսկվա տեղի է ունենում Ֆրանսիայի նախագահական ընտրություններից մեկ ամիս առաջ: Ապրիլի 23-ին Ֆրանսիայում անցկացվելու է ընտրությունների առաջին փուլը: Ֆրանսիայի ընտրությունները Եվրոպայի մի քանի երկրներում այս տարի անցկացվող ընտրությունների շարքում դիտարկվում են որպես Արևմուտքի վրա Ռուսաստանի ազդեցության քննություն: Շատ վերլուծաբաններ և քաղաքական գործիչներ կարծում են, որ Պուտինը ձգտում է կազմաքանդել եվրոպական և ամերիկյան հաստատությունները:

Այն բանից հետո, երբ այս հունվարին ամերիկյան հետախուզական ծառայությունները իրենց զեկույցով հայտնեցին, որ Պուտինի հանձնարարությամբ փորձ է արվել ներազդելու ԱՄՆ-ի անցած տարվա նախագահական ընտրությունների գործընթացի վրա, Արևմուտքում կասկածներ են առաջացել, որ Կրեմլը կձգտի միջամտել Ֆրանսիայի, Գերմանիայի և այլ երկրների ընտրություններին:

Մարին Լե Պենը անցյալում բազմաթիվ այցելություններ է կատարել Ռուսաստան, որոնք դրական են լուսաբանվել ռուսական պետական լրատվամիջոցների կողմից:

2014 թվականի Ֆրանսիայի նախընտրական շրջանում նրա Ազգային ճակատ կուսակցությունը Ռուսաստանի բանկից 9 միլիոն 700 հազար դոլարի վարկ էր ստացել: Կուսակցությունը ասել էր, թե ֆրանսիական բանկերը մերժել են վարկ տրամադրել:

Այս տարի ևս Ազգային ճակատի անդամները ակնկալում են միլիոնավոր դոլարներ ստանալ Ռուսաստանից Ֆրանսիայի նախագահական ու խորհրդարանական ընտրությունների ընտրարշավի համար: Այս մասին, մասնավորապես, ֆրանսիական ռադիոյով ասել է Մարին Լե Պենի տեղակալը:

Սակայն Ռուսաստանի նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը այսօր ասել է, թե Պուտինի և Մարին Լե Պենի հանդիպմանը ռուսական բանկերի կողմիզ Ազգային ճակատին ֆինանսավորելու հարց չի քննարկվել:

Ըստ Ֆրանսիայում անցկացվող նախընտրական հարցումների՝ ազգայնականների առաջնորդ Մարին Լե Պենը ընտրություններում հնարավոր է երկրորդ փուլ դուրս գա, բայց մայիսի 7-ին կայանալիք երկրորդ փուլում նա կպարտվի կենտրոնամետ թեկնածուին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG