Մատչելիության հղումներ

Սունդուկյանի անվան թատրոնում այսօր մեկնարկում է Music Drive Festival եռօրյա միջազգային ռոք փառատոնը, որը կազմակեպել են «Ռոք ասոցիացիան» և Մշակույթի նախարարությունը, Փառատոնի աջակիցն «Ազգային թատերական ստեղծագործական միավորումը»:

Հայաստանում առաջին անգամ է անցկացվում միջազգային ռոք փառատոն: Փառատոնին կմասնակցեն ոչ միայն ռոք խմբեր, այլ նաև այլ ոճերի հարող երաժիշտներ:

Կազմակերպիչների խոսքով, փառատոնի նպատակը ամենատարբեր ուղղություններ ու հոսանքներ ընդգրկող ժամանակակից երաժշտությունը մեր երաժշտասերներին ներկայացնելն է:

Փառատոնի երկրորդ օրը ամբողջովին կանցկացվի բացօթյա և ակումբներում։ Հայաստանի «Ռոք ասոցիացիայի» նախագահ Վարդան Մկրտչյանի փոխանցմամբ, վաղը ցերեկը ժամը 3-ից ռոք երաժիշտները կնվագեն Սունդուկյանի թատրոնի հարակից տարածքում՝ Անգլիական այգում, իսկ հետո մեր երաժիշտների հետ հանդես կգան տարբեր ակումբներում:

Հայաստանի զարգացման հիմնադրամի զբոսաշրջության գծով տնօրեն Արա Խզմալյանի խոսքով, նմանօրինակ փառատոնը մեծապես կարող է նպաստել նաև զբոսաշրջության զարգացմանը Հայաստանում․ - «Մեր հարևան վրացիները արդեն մի քանի տարի առաջ արդեն գիտեն իրենց երկիր ովքեր են գալու, և ժամանակ ունեն ազատ աշխատելու, այդ ինֆորմացիան ամբողջ աշխարհում տարածելու և զբոսաշրջիկներ հավաքելու: Մենք նոր-նոր փորձում ենք այդ կապը հաստատել: Մեր տուրօպերատորները, ցավոք սրտի, տեղյակ չեն, թե այս երկրում ինչ է տեղի ունենում մշակույթի ոլորտում: Կա գիծ մշակված՝ եկեղեցուց եկեղեցի, Խոր Վիրապից Էջմիածին, Էջմիածնից Մասիսի փեշեր: Ու քսանհինգ տարի մենք աշխատում ենք այդ նույն ուղղությամբ: Բայց ինչպե՞ս անենք, որ այսպիսի գրավիչ, հետաքրքիր պրոեկտները ընդգրկվեն մեր տուրօպերատորների փաթեթների մեջ»:

Հարցիս, թե ինչու է հենց այս նախընտրական թեժ օրերին տեղի ունենում փառատոնը և ոչ թե, ասենք, ընտրություններից հետո, Վարդան Մկրտչյանը պատասխանեց․ - «Մարդիկ, որ ուղեղները տվել են դրան, մենք իրանց չենք կարա համոզենք գան ստեղ․․․ Հիմա ընտրություն ա, հետո կարող ա ինչ-որ տոնակատարություններ են սպասվում․․․ մենք ինչ ա, անընդհատ սպասե՞նք տենանք որտեղ մի հատ արանք կա, որ կարելի ա համերգ անել․․․ Տենց չի լինի»:

Արա Խզմալյանն նույն հարցին արձագանքեց․ - «Շատ կարևոր ա, որ մեզանից յուրաքանչյուրը սովորի ապրել՝ անկախ ընտրություններից: Երկրի կյանքը բնականոն չկապել ընտրության և ընտրության արդյունքների հետ, կաթվածահար չանել ընտրությունների պատճառով: Դրա համար ես ողջունում եմ, որ հենց նախընտրական շրջանում համարձակ ձևով․․․ Մարդիկ նույնիսկ ոչ թե համարձակ, այլ չեն էլ մտածել՝ արժե թե չարժե: Կարծում եմ, թող սա օրինակ լինի բոլոր կազմակերպիչների համար: Թող սովորեն ապրել ազատ, հանգիստ նույնիսկ ընտրությունների ժամանակ»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG