Մատչելիության հղումներ

Եվրոպական ներդրումային բանկը շահագրգռված է շարունակել ՀՀ կառավարության հետ համագործակցությունը


Վարչապետ Կարեն Կարապետյանն ընդունել է Եվրոպական ներդրումային բանկի (ԵՆԲ) փոխնախագահ Վազիլ Հուդակին:

Ըստ կառավարության պաշտոնական կայքէջի, հանդիպմանը ներկա է եղել նաև Հայաստանում Եվրոպական պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին:

Վարչապետը բարձր է գնահատել ԵՆԲ-ի հետ համագործակցությունը՝ ուղղված էներգետիկայի, տրանսպորտի, գյուղատնտեսության, զբոսաշրջության ոլորտներում ծրագրերի իրականացմանը: Կարեն Կարապետյանը կարևորել է ԵՆԲ-ի փոխգործակցությունը նաև մասնավոր հատվածի ներկայացուցիչների հետ և ավելացրել, որ կառավարությունը որդեգրել է հստակ քաղաքականություն՝ իրականացնելու բարեփոխումներ բացառապես բոլոր ոլորտներում: «Մեր քայլերն ուղղված են լինելու բիզնեսի համար բարվոք, կանխատեսելի ու թափանցիկ դաշտի ապահովմանը», - նշել է գործադիրի ղեկավարը:

Վազիլ Հուդակն ընդգծել է, որ ԵՆԲ-ն շահագրգռված է շարունակելու Հայաստանի կառավարության հետ համագործակցությունը նախանշված բոլոր ուղղություններով. ծրագրեր կիրականացվեն գործարար հատվածի համար՝ համայնքներում տարբեր նախագծեր կյանքի կոչելու նպատակով:

ԵՆԲ-ի փոխնախագահը նշել է, որ այդ ուղղությամբ արդյունավետ քննարկումներ են ունեցել նաև կառավարության պատասխանատու գերատեսչությունների ղեկավարների հետ:

Կարեն Կարապետյանը ողջունել է սերտ փոխգործակցության ուղղությամբ ԵՆԲ-ի պատրաստակամությունը և ավելացրել, որ կառավարությունը նախատեսում է մարզային համայնքների կառավարման լուրջ բարեփոխումներ, որոնք թույլ կտան բարձրացնել արդյունավետությունն ու թափանցիկությունը, տարբեր պետական ծառայություններում ներգրավել մասնավոր ներդրողների և այլն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG