Մատչելիության հղումներ

Փոլադ Բյուլ-բյուլ օղլին՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի թեկնածու


Փոլադ Բյուլ-բյուլ օղլու, արխիվ

ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի պաշտոնի համար առաջադրվել է նաև Ռուսաստանում Ադրբեջանի դեսպան Փոլադ Բյուլ-բյուլ օղլու թեկնածությունը:

Մինչև Ռուսաստանում դեսպան նշանակվելը, հիշեցնենք, նա Ադրբեջանի մշակույթի նախարարն էր, դեռ խորհրդային ժամանակներից հայտի երգիչ, երգահան, դերասան:

Նրա առաջադրվելու մասին մարտի կեսերին հայտնել էր Ադրբեջանի արտգործնախարարությունը:

ՄԱԿ-ը պաշտոնապես հայտնել է, որ Փոլադ բյուլ-բյուլ օղլուն ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի թեկնածուներից մեկն է։ ՄԱԿ-ը հաղորդել է, որ ինը թեկնածու կա, մյուս թեկնածուները Վիետնամից, Գվատեմալայից, Եգիպտոսից, Իրաքից, Քաթարից, Չինաստանից, Լիբանանից և Ֆրանսիայից են:

Հաջորդ ամիս, ապրիլին ՅՈՒՆԵՍԿՕ-ի գործադիր խորհրդի նիստում անցկացվելու են հարցազրույցներ բոլոր թեկնածուների հետ: Հոկտեմբերին տեղի է ունենալու փակ, գաղտնի քվեարկություն, իսկ նոյեմբերին ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր համաժողովը ընդունելու է վերջնական որոշումը:

ՅՒՆՌՍԿՕ-ի ներկայիս ղեկավարի, գլխավոր տնօրեն Իրինա Բոկովայի լիազորությունների ժամկետն ավարտվելու է այս տարեվերջին:

Հայաստանյան լրատվամիջոցները հաղորդել են, որ ավելի քան երկու տասնյակ ոչ կառավարական կազմակերպություններ պատրաստվում են նամակ հղել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշին՝ մտահոգություն հայտնելով որ Փոլադ Բյուլ-բյուլ օղլուն կարող է դառնալ ՅՈՒՆԵՍԿՕ-ի ղեկավար:

Նամակում ներկայացվելու է Ադրբեջանի տարածքում հայկական պատմամշակութային հուշարձանները ոչնչացնելու Ադրբեջանի վարած քաղաքականությունը, ինչպես նաև հիշեցնելու են Փոլադ Բյուլ-բյուլ օղլուի հայտարարությունները Լեռնային Ղարաբաղի հակամարտությունն ուժի միջոցով լուծելու կոչերը։

Անցած երեքշաբթի կայացած ասուլիսում «Հանուն մարդկային կայուն զարգացման» ոչ կառավարական կազմակերպության ղեկավար Կարինե Դանիելյանը նշել է, որ, հաշվի առնելով այդ ամենը Փոլադ Բյուլ-բյուլ օղլուն չի համապատասխանում ՅՈՒՆԵՍԿՕ-ի ղեկավար լինելու թեկնածության պահանջներին:

Ռուսաստանցի կինոռեժիսոր և պրոդյուսեր Յուլի Գուսմանը, ռուսական լրատվամիջոցներից մեկին տված հարցազրույցում ասել է, թե Փոլադ Բյոլ-բյուլ օղլուն ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի իդեալական թեկնածու է: Գուսմանն ասել է, թե նրա ընտրությունը հրաշալի կլինի Ռուսաստանի համար՝ նշելով, որ Ռուսաստանը կարող է ազդեցություն ունենալ, միաժամանակ ոչ մեկը Ռուսաստանին չի մեղադրել մեծապետական շովինիզմի մեջ:

ՅՈՒՆԵՍԿՕ-ն ՄԱԿ-ի կրթական, գիտական և մշակութային հարցերով կառույցն է, որը հիմնադրվել է 1945 թվականի աշնանը: Կազմակերպության կենտրոնակայանը գտնվում է Փարիզում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG