Մատչելիության հղումներ

«Սամվել Բաբայանի համար կանգնելու ենք մինչև վերջ», - այսօր հայտարարեց պաշտպանության նախկին նախարար, «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի առաջնորդ Սեյրան Օհանյանը՝ Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախկին նախարարի ձերբակալությունը որակելով իրենց դաշինքի դեմ ճնշումների շարունակություն:

«Արատավոր երևույթները շարունակական են նաև մեր դաշինքի նկատմամբ՝ տարբեր բռնություններ, ստիպողական գործողություններ, Ջրառատի գործողություն, և վերջին արտահայտությունը Սամվել Բաբայանի ձերբակալումն էր, չհասկանալով, որ Սամվել Բաբայանը մեր մարտական ընկերն է, մեր գաղափարակից ընկերը», - նշեց Օհանյանը՝ շարունակելով․ - «Ես ձեր ներկայությամբ ուզում եմ ասել, որ մենք կանգնելու ենք մինչև վերջ նրա իրավունքների պաշտպանության համար և չենք թողնելու, որպեսզի այս իշխանությունները շինծու գործունեությամբ հասնեն մինչև իրենց վերջին նպատակին»:

Դաշինքի առաջնորդներից «Ժառանգություն» կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը պնդեց՝ իրենց աջակից Բաբայանը քաղբանտարկյալ է․ - «Սամվել Բաբայանը հանդիսանում է Հայաստանի իշխանությունը բռնազավթած այս խմբակի հերթական քաղաքական բանտարկյալը: Սամվել Բաբայանը նստած է իր քաղաքացիական, քաղաքական հայացքների համար, որովհետև ինքը համակիր է մեր դաշինքին: Ազատագրման օրը, եթե ընտրությամբ է, կլինի ապրիլի 2-ը, իսկ եթե չէ՝ կլինի 3-ից սկսած: Կլինի բոլոր եղանակներով սահմանադրական հեղափոխություն, որը կենթադրի քաղաքացիական և քաղաքական բոլոր ուժերի միասնություն, դիմադրության օջախներ, եթե կուսակցապետությունը նորից դիմի իր կեղծիքի մեքենային»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG