Մատչելիության հղումներ

«Միայն Թրամփն է ի զորու լուծել Ուկրաինայի խնդիրը». Ռասմուսեն


ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը, արխիվ
ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը, արխիվ

Նրա խոսքով՝ ռուս-ամերիկյան կապերը բարելավվելուց առաջ պետք է վատթարանան:

Դանիայի նախկին վարչապետ և ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղար Անդերս ֆոգ Ռասմուսենի համոզմամբ, Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը կարող է վճռական միջամտությամբ կարգավորել Ուկրաինայի հակամարտությունն, ինչն, ի վերջո, օգուտ կբերի թե՛ Ամերիկային, թե՛ Ուկրաինային և թե՛ Ռուսաստանին:

«Միայն Թրամփն է ի զորու լուծել Ուկրաինայի խնդիրը», - պնդում է Ռասմուսենը հատուկ The Wall Street Journal-ի համար հեղինակած հոդվածում:

Ռասմուսենի կարծիքով՝ Թրամփը հիմա փորձում է կենտրոնանալ իր ներքին օրակարգի վրա, սակայն դրան խանգարում է ռուսների հետ նրա կապերի գործոնը:

Այդ քննարկումների ու ասեկոսեների թեման վերջնական և վճռական փակելու համար Թրամփը պետք է ներկայացնի Ռուսաստանի նկատմամբ նոր վարչակազմի քաղաքականության հստակ հայեցակարգ: Դրա լավագույն եղանակը Ուկրաինայի պատերազմի դադարեցումն է:

Ռասմուսենը կարծիք է հայտնում, որ ռուս-ամերիկյան հարաբերությունները՝ նախքան բարելավելը, կարող են վատթարանալ և պարզաբանում է. - «Կրեմլի վրա ճնշումը սաստկացնելու համար Սպիտակ տունը պետք է փոխի ուկրաինական զարգացումների դինամիկան: Դա անպայման կստանա Կոնգրեսի հավանությունը»։

Ռասմուսենը նշել է, որ «սառը պատերազմի» տարիներին նախագահ Ռոնալդ Ռեյգանը խորհրդային ղեկավար Միխայիլ Գորբաչևի հետ ուժի դիրքից էր խոսում, երբ պահանջում էր քանդել «Բեռլինի պատը»։Արևմուտքի և Արևելքի պառակտումը հիմա խորհրդանշում է ոչ թե պատը, այլ Ուկրաինայում հաստատված չափազանց վտանգավոր ստատուս-քվոն:

Մինսկի համաձայնությունները հարցի, ըստ Դանիայի նախկին վարչապետի, լուծում չեն ապահովել: Պատասխանատվությունը հիմնականում Ռուսաստանն է կրում: Պետք է նոր մոտեցում, պետք է Ամերիկայի առաջնորդությունը:

Նախքան քաղաքական կարգավորումն ընդունելը՝ Կիևը պետք է համոզվի, որ արևելյան շրջանում անվտանգության վիճակը բարելավվում է: Դա ենթադրում է ռուսական ուժերի և զինված այլ միավորումների հեռացում և պետական սահմանի նկատմամբ Կիևի հսկողության վերականգնում:

Մոսկվան դիրքավորվել է Դոնբասում, քանի որ Արևմուտքն է դրա հետ մերվել: Ամերիկան կարող է խստացնել պատժամիջոցները և պաշտպանական նշանակության զինատեսակներ ուղարկել Ուկրաինա:

Կիևն այդ դեպքում կարող է արևելյան շրջաններում անցկացնել ընտրություններ, որոնց հատուկ չի լինի Ղրիմի «անկախության հանրաքվեի» օրերին առկա վախի և ահաբեկման մթնոլորտը:

Ըստ Ռասմուսենի, Թրամփը նաև պետք է նշանակի հատուկ բանագնաց, որի պարտավորությունների մեջ կլինի Ռուսաստանի հանդեպ պատժամիջոցների կիրառումը և Դոնբասի հարցով բանակցությունները:

«Ոմանք կասեն, թե Թրամփը, իբր, կաշկանդված է և չի կարող առճակատվել ռուսների հետ, քանի որ կա ամերիկյան ընտրություններին ռուսական միջամտության գործոնը: Բայց Ռեյգանի փորձը ցույց է տալիս, որ ուժը կարող է փոխել իրավիճակը», - ասել է Ռասմուսենը՝ նշելով՝ կոշտացնելով դիրքորոշումը Մոսկվայի հարցում, Թրամփը կթուլացնի իր ընդդիմախոսների դիրքերը, այդ մեթոդով լուծելով հարցը, նա կստեղծի հետագայում ռուսների հետ կապերը բարելավելու պայմաններ, ինչը կողջունեն թե՛ ամերիկյան հանրությունը, և թե՛ Կոնգրեսը:

«Կիևի համար դա կնշանակի անվտանգության ամրապնդում, Մոսկվայի համար՝ պատժամիջոցների չեղարկում, իսկ Թրամփի համար՝ ռուսական բարդույթը վերջնականապես հաղթահարելու և իր երազած դերը ստանձնելու՝ Ռեյգանի տեսակի լիդեր դառնալու հնարավորություն», - The Wall Street Journal-ում գրել է Դանիայի նախկին վարչապետ և ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղարը, ով հիմա ղեկավարում է քաղաքական-տնտեսական խնդիրներ հետազոտող Rasmussen Global խորհրդատվական ընկերությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG