Մատչելիության հղումներ

Թերեզա Մեյ․ «Մեր վճռականությունը չի սասանվի այսպիսի հարձակումներից»


Լոնդոնի ահաբեկչության հաջորդ օրը Մեծ Բրիտանիայի պետական դրոշը խորհրդարանի շենքի վրա կիսով չափ իջեցված է

«Լոնդոնի կենտրոնում երեկ ահաբեկչություն իրականացրած տղամարդը ծնվել էր Մեծ Բրիտանիայում և ժամանակին հայտնվել իրավապահների ուշադրության կենտրոնում՝ իր ծայրահեղական հայացքների պատճառով», - այսօր Մեծ Բրիտանիայի խորհրդարանում հայտարարեց վարչապետ Թերեզա Մեյը: Ժամեր անց ահաբեկչության պատասխանատվությունը ստանձնեց «Իսլամական պետություն»-ը՝ պնդելով, թե «հարձակվողը եղել է իր զինվորներից մեկը»:

Սքոթլանդ Յարդի հաղորդմամբ՝ հարձակման հետևանքով, վերջին տվյալներով, զոհվել է 4 մարդ, այդ թվում՝ ահաբեկիչը, 29-ը վիրավոր են, 7-ի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր: Ոստիկանությունը անցած գիշեր խուզարկություններ է իրականացրել տարբեր քաղաքներում, այս պահի դրությամբ՝ ձերբակալված է 8 անձ, նրանց ինքնությունն առայժմ չի բացահայտվում:

«Քննությունը այժմ էլ շարունակվում է Բիրմինգհեմում, Լոնդոնում ու Մեծ Բրիտանիայի այլ շրջաններում», - հայտարարել է Լոնդոնի հակաահաբեկչական վարչության ղեկավար Մարկ Ռոուլին:

«Երեկ ահաբեկչական այդ գործողությամբ փորձ արվեց լռեցնել մեր ժողովրդավարությունը, սակայն այսօր մենք շարունակում ենք մեր բնականոն աշխատանքը, այնպես, ինչպես արել են մեր նախորդ սերունդները և ինչպես հաջորդներն են անելու: Սա մի պարզ ուղերձ է առ այն, որ մենք վախեցած չենք, և մեր վճռականությունը չի սասանվի այսպիսի հարձակումներից: Մենք այսօր կրկին հավաքվել ենք աշխարհի ամենահին խորհրդարաններից մեկում, քանի որ գիտենք, որ ժողովրդավարությունն ու դրա դավանած արժեքները միշտ են հաղթելու», - շեշտեց Թերեզա Մեյը:

Հարձակումից հետո խորհրդարանում ունեցած իր առաջին ելույթում վարչապետը տեղեկացրեց՝ երկրով մեկ անվտանգության առավել խիստ միջոցառումներ են ձեռնարկվում, հնարավոր նոր հարձակումների վերաբերյալ տվյալներ, սակայն, առայժմ չկան:

«Մեր ունեցած տեղեկություններով՝ հարձակվողը գործել է միայնակ, նրա ինքնությունը հայտնի էր ոստիկանությանն ու հետախուզությանը, և երբ օպերատիվ գործողությունները թույլ տան, այդ տեղեկությունը կհաղորդվի հանրությանը: Այս պահին ես միայն կարող եմ հաստատել, որ նա ծնվել է Բրիտանիայում և տարիներ առաջ հետաքննվել իրավապահների կողմից՝ բռնի ծայրահեղականության առնչությամբ», - հայտարարեց Մեյը:

Արյունալի հարձակումը տեղի է ունեցել երեկ երեկոյան: Ըստ լրատվամիջոցների՝սևազգեստ մի տղամարդ, մեծ արագությամբ վարելով մեքենան Ուեսմինսթրյան կամրջով՝ դուրս էր եկել մայթ, վրաերթի ենթարկել հետիոտների՝ սպանելով երկուսին: Րոպեներ անց հանցագործը հարձակվել ու դանակահարել էր խորհրդարանի շենքը հսկող ոստիկաններից մեկին, վերջինս զոհվել էր, ինքը ահաբեկիչը սպանվել էր ոստիկանների կրակից:

Այսօր խորհրդարանում մեկ րոպե լռությամբ հարգել են զոհերի հիշատակը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG