Մատչելիության հղումներ

Վրաստանի ՊՆ-ն հերքում է երկրի տարածքով Հայաստան ռուսական զինտեխնիկայի տարանցման մասին ընդդիմության պնդումները


Վրաստանի պաշտպանության նախարար Լևան Իզորիա, արխիվ

Պաշտոնական Թբիլիսին կտրականապես հերքում է ընդդիմության պնդումները, որոնց համաձայն, Ռուսաստանը Վրաստանի տարածքով Հայաստան ծանր ռազմական տեխնիկա է փոխադրում: Սկանդալը ծագեց երեկ` օրվա երկրորդ կեսին, երբ նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի կողմնակիցներին միավորող Ազգային միացյալ շարժման ներկայացուցիչները կուսակցության կենտրոնական գրասենյակում շտապ մամուլի ասուլիս հրավիրեցին:

«Այս րոպեներին Բոլնիսի շրջանում ռուսական պետհամարանիշերով բեռնատարներ են տեղաշարժվում, որոնք քողարկված կերպով զենք են տեղափոխում: Առաջին հայացքից և ամենայն հավանականությամբ դա ծանր թրթուռավոր տեխնիկա է: Ենթադրվում է, որ խոսքը ռազմական նշանակության տեխնիկայի մասին է», - հայտարարում էր Ազգային միացյալ շարժման ղեկավար անդամներից մեկը` Նուգզար Ցիկլաուրին` պնդելով նաև, որ ռուսական զրահատեխնիկան Հայաստան է տեղափոխում: Ավելին՝ Ցիկլարուին չէր բացառում, որ խոսքը «Բուկ» տեսակի զենիթա-հրթիռային համակարգերի մասին է:

«Առաջին հերթին ցանկանում ենք դիմել նախագահին և իշխանություններին` կոչ անելով շտապ կարգով հետաքննել, թե ինչ նշանակության զինամթերքի հետ գործ ունենք: Վաղը կայանալիք Անվտանգության խորհրդի նիստի ընթացքում այս հարցը պետք է քննարկման առարկա դառնա», - հայտարարում էր վրացի ընդդիմադիր գործիչը:

Ասուլիսի ընթացքում Ցիկլաուրին լրագրողներին էր ցուցադրում նաև Բոլնիսում արված լուսանկարներն ու տեսագրությունները: Դրանցում հստակ երևում էին հինգ քաղաքացիական բեռնատարներ, որոնցից յուրաքանչյուրի վրա տեղադրված էր երկուական միավոր տեխնիկա` գրեթե ամբողջությամբ ծածկված սպիտակ գույնի կտորով:

Երեկոյան կողմ արդեն Վրաստանի պաշտպանության նախարարությունը հատուկ հայտարարությամբ անդրադարձավ Ցիկլաուրիի պնդումներին:

«Տարածված տեղեկատվությունը, թե այսօր Վրաստանի տարածքով դեպի Հայաստան իբր ռուսական ռազմական տեխնիկա է տեղափոխվել, իրականությանը չի համապատասխանում: Դա քաղաքացիական տեխնիկա էր», - հայտարարում էր Վրաստանի ռազմական գերատեսչությունը` հիշեցնելով. - «Վրաստանի պաշտպանության նախարարությունը ռազմական տեխնիկայի տարանցում թույլատրելու իրավունք ունի: Այս պարագայում, սակայն, նման թույլտվություն չէր տրվել: Ինչպես հայտնի է վաղուց արդեն ո՛չ Հայաստանի և ո՛չ էլ Ռուսաստանի կողմից մեր նախարարությանը տարանցման դիմումներ չեն ներկայացվել»:

Տեղափոխվող տեխնիկայի մասին առավել մանրամասն բացատրություններով հանդես եկավ Վրաստանի խորհրդարանի պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Իրակլի Սեսիաշվիլին` հատուկ ընդգծելով, որ մարտական տեխնիկա` առավել ևս «Բուկ» հրթիռային համակարգեր, Վրաստանի տարածքով չեն տեղափոխվել։ «Բելառուսի քաղաքացիները [մեր երկրի տարածքով] իրոք ռազմական նշանակության տեխնիկա են փոխադրում: Դա սակայն մարտական տեխնիկա չէ, այլ Գազ 34 մակնիշի ռազմա-փրկարարական մեքենաներ են, որոնք նախատեսված են բացառապես փրկարարական բնույթի գործողությունների համար: Դրանց վրա որևէ զենք տեղադրված չէ», - արձագանքելով ընդդիմադիրների հայտարարություններին՝ նշում էր Սեսիաշվիլին:

XS
SM
MD
LG