Մատչելիության հղումներ

AP. Թրամփի նախընտրական շտաբի նախկին ղեկավարը կասկածվում է ի շահ Պուտինի աշխատելու մեջ


Փոլ Մանաֆորտ (աջից), Օլեգ Դերիպասկա, արխիվ

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի նախընտրական շտաբի նախկին ղեկավար Փոլ Մանաֆորտին կասկածում են 50 միլիոն դոլար ստանալու մեջ, որի դիմաց ամերիկացի հայտնի քաղտեխնոլոգը պարտավորվել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի շահերին ծառայող աշխատանք կատարել, այս մասին հաղորդում է Associated Press-ը։

Գործակալության տվյալներով՝ Մանաֆորտն այդ մասին 2006 թվականին համապատասխան պայմանագիր է ստորագրել ռուսաստանցի միլիարդատեր Օլեգ Դերիպասկայի հետ, որը գործել է առնվազն մինչև 2009 թվականը։ Փաստաթղթի համաձայն, Մանաֆորտին վճարվելիք ամենամյա գումարը կազմում էր 10 միլիոն դոլար։

2005 թվականին Ռուսաստանի և Միացյալ Նահանգների հարաբերությունների վատթարացման ֆոնին Մանաֆորտը մշակել է ռազմավարական մի պլան, որն, իր խոսքով, «նշանակալիորեն շահավետ կարող էր լինել» Պուտինի կառավարության համար, հայտնում է Associated Press-ը։

Մանաֆորտը չի հերքում, որ աշխատել է Դերիպասկայի համար, սակայն ընդգծում է, որ այդ աշխատանքն օրինական է եղել։ Դերիպասկան, հիշեցնենք, ռուսաստանցի ամենահարուստ գործարարներից է, Forbes-ի վերջին տվյալներով՝ նրա կապիտալը գնահատվում է 7.8 միլիարդ դոլար։ Դերիպասկան ալյումինի արտադրությամբ զբաղվող աշխարհում մեծությամբ երկրորդ՝ «Ռուսալ» ընկերության սեփականատերերից է։

Հերթական անգամ սկանդալի կենտրոնում հայտնված Սպիտակ տան ղեկավարի նախընտրական շտաբի նախկին ղեկավարը համարվում է ընտրական և քաղաքական տեխնոլոգիաների ճանաչված մասնագետ, աշխարհաքաղաքական հարցերով փորձագետ, աշխատել է ոչ միայն ամերիկացի նախագահների, այլ նաև օտարերկրյա առաջնորդների համար, այդ թվում՝ Ֆիլիպինների նախկին բռնապետ Ֆերդինանդ Մարկոսի, Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչի համար։

Ամերիկյան հատուկ ծառայությունները ներկայումս հետաքննում են Թրամփի թիմակիցների հնարավոր կապերը Ռուսաստանի հետ։ Հետաքննությունն ընթանում է մասնավորապես Մանաֆորտի նկատմամբ, լրատվամիջոցների տվյալներով՝ նրա շրջապատին կասկածում են Ռուսաստանի Անվտանգության ծառայության հետ կապեր ունենալու մեջ։

Մանաֆորտը կտրականապես հերքում է այս տեղեկությունները՝ դրանց տարածման մեջ մեղադրելով ամերիկյան Դեմոկրատական կուսակցությանը։

Մանաֆորտի դեմ մեղադրանքներ են ներկայացվում ոչ միայն հայրենիքում, այլև Ուկրաինայում, որի նախկին իշխանությունները տարիներ շարունակ օգտվել են փորձառու լոբբիստի ծառայություններից։

Ուկրաինական դատախազության համաձայն, Մանաֆորտին պատկանող ընկերությունը, ինչպես նաև մեկ այլ հայտնի վաշինգտոնյան լոբբիստական կառույց, լոբբիստական ծառայություններ են մատուցել Յանուկովիչին և նրա ղեկավարած Ռեգիոնների կուսակցությանը, ինչի դիմաց ծրարի մեջ միլիոնավոր դոլարներ են ստացել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG