Մատչելիության հղումներ

Թրամփը մտադիր է մասնակցել ՆԱՏՕ-ի անդամ երկրների ղեկավարների գագաթնաժողովին


ԱՄՆ Նախագահ Դոնալդ Թրամփը մտադիր է մասնակցել ՆԱՏՕ-ի անդամ երկրների ղեկավարների գագաթնաժողովին, որը նախատեսված է մայիսի 25-ին՝ Բրյուսելում: Այս մասին հայտնում է Սպիտակ տունը:

«Նախագահն անհամբերությամբ է սպասում ՆԱՏՕ-ի իր գործընկերների հետ հանդիպմանը, որպեսզի հաստատի մեր մեծ հավատարմությունը ՆԱՏՕ-ին և քննարկի հարցեր, որոնք շատ կարևոր են դաշինքի համար: Մասնավորապես՝ պարտականությունների հավասարաչափ բաշխումը և դաշինքի դերը ահաբեկչության դեմ պայքարում», - ասվում է ԱՄՆ նախագահի մամուլի ծառայության հայտարարությունում:

«Բացի այդ՝ ապրիլի 12-ին Թրամփը Սպիտան տանն ընդունելու է Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգին: Այդ հանդիպմանը ևս քննարկվելու են դաշինքի ամրապնդմանը, ազգային և միջազգային անվտանգության մարտահրավերներին դիմակայելուն ուղղված հարցեր», - նաև տեղեկացնում է Սպիտակ տունը:

Սպասվող այս հանդիպումներին զուգահեռ կոշտ քննադատության թիրախում է հայտնվել Միացյալ Նահանգների պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը՝ ապրիլին Բրյուսելում կայանալիք ՆԱՏՕ-ի անդամ երկրների արտգործնախարարների հանդիպմանը չմասնակցելու որոշման և Ռուսաստան այցելելու մտադրության համար. Պետքարտուղարությունում երեքշաբթի օրը տեղի ունեցած ճեպազրույցի ընթացքում լրագրողներից մեկը պնդում էր, թե իր տեղեկություններով ՆԱՏՕ-ն մի քանի ամսաթիվ էր առաջարկել Թիլերսոնին՝ որպեսզի վերջինս կարողանա մասնակցել գագաթնաժողովին, սակայն բոլորն էլ մերժվել են:

«Կարող եմ ասել, որ մենք առաջարկել ենք այլընտրանքային ամսաթվեր, թե երբ կարող է պետքարտուղարը մասնակցել, և դրանք այժմ քննարկվում են. կարևոր է հասկանալ, որ դա պարզապես ՆԱՏՕ-ի կենտրոնակայանի որոշելու հարց չէ, այդ օրերը պետք է համաձայնեցվեն քսանութ դաշնակիցների հետ», - ի պատասխան ասել է Թոները:

Նա նաև հավելել է, որ Թիլերսոնի բացակայության դեպքում գագաթնաժողովին Վաշինգտոնը կներկայացնի Թոմ Շենոնը՝ պետքարտուղարի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատարը, ով նախկինում կատարում էր պետքարտուղարի պարտականությունները:

Հյուսիսատլանտյան դաշինքի արտգործնախարարների հանդիպումը նախատեսված է ապրիլի 5-6-ը, իսկ դրան հաջորդող երկու օրերին սպասվում է Չինաստանի նախագահի այցը Վաշինգտոն, որտեղ ծրագրված են երկկողմանի բարձր մակարդակի հանդիպումներ, իսկ արդեն ապրիլի 10-11-ը Թիլերսոնը մեկնելու է Իտալիա՝ Մեծ յոթնյակի արտգործնախարարների հանդիպմանը մասնակցելու նպատակով, որտեղից էլ, ըստ անանուն աղբյուրների, մեկնելու է Մոսկվա: Վաշինգտոնն ու Մոսկվան չեն հերքում Թիլերսոնի հնարավոր այցը Ռուսաստանի մայրաքաղաք, սակայն հստակ ամսաթվեր պաշտոնապես չեն նշվում:

Մինչ այդ՝ ԱՄՆ պետքարտուղարը 2014 թվականից ի վեր առաջին անգամ հանդիպման է հրավիրել «Իսլամական պետության» դեմ Վաշինգտոնի ղեկավարած միջազգային կոալիցիայի կազմում ընդգրկված 68 երկրների արտգործնախարարների ու միջազգային կազմակերպությունների բարձրաստիճան ներկայացուցիչների:

«Մերձավոր Արևելքում Միացյալ Նահանգների գլխավոր նպատակը այդ խմբավորմանը հաղթելն է», - իր ելույթում հայտարարել է Թիլերսոնը:

Ներկայացնելով մահմեդական ահաբեկչությունը արմատախիլ անելու հարցով ամերիկյան նոր վարչակազմի պլանները՝ Թիլերսոնը նշել է, որ հաջորդ քայլը տարածաշրջանային մակարդակով «Իսլամական պետությանը» ոչնչացնելն է, բացի այդ՝ նա նաև հավելել է, որ Միացյալ Նահանգներն աշխատելու է հրադադարի միջոցով՝ «ժամանակավոր հատուկ գոտիներ ստեղծելու ուղղությամբ, որպեսզի փախստականներին հնարավորություն տրվի տուն վերադառնալ»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG