Մատչելիության հղումներ

Ռուսաստանը հերքում է Սիրիայի քրդաբնակ շրջաններում ռազմակայան ստեղծելու մասին լուրերը


Սիրիա - «Ժողովրդական պաշտպանության ուժերի» աշխարհազորայինները Թուրքիայի հետ սահմանի մոտակայքում, արխիվ

Թուրքիան Մոսկվայից հնչող հավաստիացումներին այնքան էլ չի հավատում:

Արդյո՞ք Ռուսաստանը պատրաստվում է ևս մեկ ռազմաբազա հիմնել Սիրիայի տարածքում` այժմ արդեն երկրի հյուսիսային քրդաբնակ շրջաններում: Այս թեման ակտիվ քննարկումների առարկա դարձավ շաբաթասկզբին, երբ սիրիացի քրդերի առաջատար կառույցին` «Ժողովրդական պաշտպանության ուժերին» մոտ կանգնած լրատվամիջոցները տեղեկություն տարածեցին, որի համաձայն, Ռուսաստանի զինված ուժերին պատկանող մի քանի զրահամեքենաներ և մի քանի տասնյակ զինծառայողներ ժամանել են քրդաբնակ Աֆրին քաղաքի հարակից շրջան:

Քրդական Rudaw կայքը նույնիսկ 30-վայրկյանանոց տեսանյութ էր հրապարակել, որում հստակ երևում էր, թե ինչպես են ռուսաստանցի զինծառայողները մուտք գործում քաղաք:

Արևմտյան լրատվամիջոցներից այս իրադարձությանն առաջինն անդրադարձավ Reuters գործակալությունը՝ նշելով. - «Ռուսական ուժերի տեղակայումը կարող է կանխել Թուրքիայի հարձակումը Աֆրինի ուղղությամբ: Անկարան թշնամաբար է տրամադրված այդ քաղաքը վերահսկող «Ժողովրդական պաշտպանության ուժերի» հանդեպ` դրանք համարելով Քրդական բանվորական կուսակցության բաղկացուցիչ մի մաս»։

Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունն արդեն հերքել է Սիրիայի քրդաբնակ շրջաններում ռազմակայան ստեղծելու մասին լուրերը: Ռուսաստանի ռազմական գերատեսչության պնդմամբ՝ Աֆրինում են տեղակայվել Հալեպում գործող «Հակամարտ կողմերի հաշտեցման կենտրոնի» ներկայացուցիչները, որոնց նպատակն է կանխել քրդական ուժերի և Թուրքիայի հովանավորության ներքո գործող «Ազատ սիրիական բանակի» ջոկատների միջև բախումները:

Թուրքիայում, սակայն, Մոսկվայից հնչող հավաստիացումներին այնքան էլ չեն հավատում: Թուրքիայի բանակային հրամանատարությանը մոտ կանգնած աղբյուրները Hurriyet-ին փոխանցել են, որ Ռուսաստանը Անկարային չի տեղեկացրել իր զինծառայողներին թուրք-սիրիական սահմանի անմիջական հարևանությամբ գտնվող Աֆրինում տեղակայելու մասին:

Քրդաբնակ շրջաններում տիրող իրավիճակը մոնիտորինգի ենթարկելու նպատակով զորքերի տեղաշարժի վարկածը ևս թուրք զինվորականներին համոզիչ չի թվում: «Աֆրինում իրավիճակը բավական հանդարտ է, ուստի մոնիտորինգային հատուկ խմբեր տեղակայելու անհրաժեշտություն չկար», - թուրքական թերթին են փոխանցել Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբի աղբյուրները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG