Մատչելիության հղումներ

Էրդողանն անցել է Արևմուտքին ուղղված բացահայտ սպառնալիքների


«Եթե Արևմուտքը չփոխի իր քաղաքականությունը, եվրոպացիները չեն կարող իրենց ապահով զգալ աշխարհում»,- այսօր հայտարարել է Թուրքիայի նախագահը:

Ֆաշիզմի հետ աղմկահարույց համեմատություններից հետո Թուրքիայի նախագահը հիմա էլ անցել է հստակ սպառնալիքների. «Եթե Արևմուտքը չփոխի իր քաղաքականությունը, եվրոպացիները չեն կարող իրենց ապահով զգալ աշխարհում»,- այսօր Անկարայում հայտարարել է Ռեջեփ Էրդողանը՝ առանց ասածը մանրամասնելու:

«Եթե շարունակեք ձեզ այսպես պահել, վաղն աշխարհի որևէ անկյունում, որևէ եվրոպացի, Արևմուտքի որևէ ներկայացուցիչ, չի կարող փողոցում ապահովել քայլել: Եթե որոշեք բռնել այս վտանգավոր ճանապարհը, վնասներն ամենամեծը կլինեն: Մենք՝ թուրքերս, կոչ ենք անում Եվրոպային՝ հարգել ժողովրդավարությունը, մարդու իրավունքներն ու ազատությունը»,- սպառնացել է Թուրքիայի նախագահն ու շարունակել՝ «Թուրքիան այն երկիրը չէ, որին կարող եք այս ու այն կողմ հրել, դուք մեր երկրի արժանապատվության ու պատվի հետ չեք կարող խաղալ՝ մեր նախարարներին վտարելով»:

Ավելի վաղ Էրդողանը պնդել էր, թե ապրիլի 16-ի սահմանադրական հանրաքվեից հետո պաշտոնական Անկարան արմատապես փոխելու է վերաբերմունքը Բրյուսելի նկատմամբ: Ի պատասխան, Եվրամիության ընդարձակման հարցերով հանձնակատար Յոհաննես Հաննը երեկ զգուշացրել էր՝ այս քայլերով Թուրքիայի անդամակցությունը դառնում է ավելի ու ավելի անիրատեսական:

Այսօր էլ Գերմանիայի նորընտիր նախագահ Ֆրանկ Վալտեր Շտայնմայերն է երդմնակալությունից անմիջապես հետո թուրք գործընկերոջը դիմել: «Նախագահ Էրդողան, մի՛ ոչնչացրեք այն ամենը, ինչ դուք, այլոց օժանդակությամբ, կառուցել եք այսքան ժամանակ: Մենք ակնկալում ենք լարվածությունը մեղմելու վստահելի ազդակներ: Վե՛րջ տվեք նացիզմի հետ ձեր համեմատություններին: Մի՛ կտրեք կապերն այն մարդկանց հետ, որոնք, մեզ նման, ուզում են համագործակցել Թուրքիայի հետ: Հարգե՛ք օրենքի գերիշխանությունը, մամուլի և լրագրողների ազատությունը»,- նախագահի պաշտոնում իր առաջին ելույթում հայտարարել է Շտայնմայերը՝ հավելելով․ «Այսօրվա Թուրքիան այն երկիրը չէ, որի հետ Գերմանիան սերտ հարաբերություններ ուներ տասնամյակներ առաջ, երբեմնի ջերմ այդ հարաբերությունները վտանգի տակ են հիմա»:

Տեղական աղբյուրներն, ի դեպ, հաղորդում են, որ Գերմանիայի կառավարությունն անցած կես տարվա ընթացքում 11 անգամ արդեն մերժել է զենք-զինամթերք մատակարարելու՝ Անկարայի խնդրանքները: «Բունդեսթագ»-ի ձախակողմյան պատգամավորներից մեկի հարցմանն ի պատասխան, Էկոնոմիկայի նախարարությունը պարզաբանել է՝ Թուրքիային զենք չեն տրամադրում, քանի որ մտավախություն ունեն, որ Էրդողանի վարչակազմն այն կարող է օգտագործել ներքին բռնաճնշումները սաստկացնելու կամ քրդերի դեմ պայքարելու համար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG