Մատչելիության հղումներ

Նալբանդյանը ներկա է գտնվել Քրիստոսի Սուրբ Գերեզմանի վերանորոգմանը նվիրված արարողությանը


Լուսանկարը՝ ԱԳՆ մամուլի և տեղեկատվության վարչության
Լուսանկարը՝ ԱԳՆ մամուլի և տեղեկատվության վարչության

Այսօր Երուսաղեմի Սուրբ Հարության տաճարում տեղի է ունեցել Հիսուս Քրիստոսի Սուրբ Գերեզմանի վերանորոգմանը նվիրված հանդիսավոր արարողություն, որին մասնակցել է Հայաստանի պաշտոնական պատվիրակությունը՝ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի գլխավորությամբ:

Հայաստանի արտգործնախարարության մամուլի և տեղեկատվության վարչության փոխանցմամբ՝ արարողությանը ներկա էին Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասը, այլ երկրների բարձրաստիճան ներկայացուցիչներ, քրիստոնեական եկեղեցիների առաջնորդներ, բազմաթիվ հավատացյալներ։

Առավոտյան Էդվարդ Նալբանդյանը այցելել է Երուսաղեմի Հայոց պատրիարքարան, ուր հանդիպում է ունեցել պատրիարք Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանի հետ։

Այնուհետև Նուրհան պատրիարքի և նախարար Նալբանդյանի առաջնորդությամբ հայկական թափորն ուղևորվել է Սուրբ Հարության տաճար, ուր տեղի է ունեցել Հիսուս Քրիստոսի Սուրբ Գերեզմանի վերանորոգմանը նվիրված արարողությունը:

Ելույթներով հանդես են եկել Երուսաղեմի Հայոց պատրիարքը, Հունական ուղղափառ եկեղեցու էկումենիկ պատրիարք Բարդուղիմեոսը, Հունական ուղղափառ եկեղեցու Երուսաղեմի պատրիարք Թեոֆիլոս երրորդը, Կաթոլիկ եկեղեցու Ֆրանցիսկյանների ուխտի Երուսաղեմի առաջնորդ Ֆրանչեսկո Պատոնը։ Ընթերցվել է Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին երկրորդի ուղերձը։

Սուրբ Գերեզմանը քրիստոնեական աշխարհի գլխավոր սրբավայրերից է, որտեղ խաչելությունից հետո ամփոփվել է Հիսուս Քրիստոսը: Քրիստոսի գերեզմանի, Գողգոթայի Խաչելության և մի շարք այլ սրբավայրերի վրա 4-րդ դարում Բյուզանդիայի կայսր Կոստանդինոս Մեծը կառուցեց Սուրբ Հարության տաճարը: Նախորդ տարվա մայիսին Սբ. Գերեզմանի իրավատեր երեք եկեղեցիների՝ Երուսաղեմի Հայոց պատրիարքարանի, Հունաց պատրիարքարանի և Կաթոլիկ եկեղեցու համատեղ որոշմամբ մեկնարկեցին Սուրբ Գերեզմանի վերանորոգման և վերականգնողական աշխատանքները: Դրանցում ներգրավված էին նաև հայ ճարտարապետները։ Հիսուս Քրիստոսի Սուրբ Գերեզմանը վերջին անգամ վերանորոգվել էր 1808 թվականին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG