Մատչելիության հղումներ

ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդները «մանրազնին ուսումնասիրում են օրենսդրությունը, լրատվական դաշտը և բուն ընտրարշավը»


Լուսանկարը՝ ԱԺ լրատվականի
Լուսանկարը՝ ԱԺ լրատվականի

ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի (ԺՀՄԻԳ) դիտորդական առաքելությունը արդեն չորս շաբաթ աշխատում է Հայաստանում՝ թիմեր տեղակայելով Երևանում և մարզերում: Այդ մասին հայտնել է առաքելության ղեկավար դեսպան Յան Պետերսենը այսօր Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանի հետ հանդիպման ժամանակ:

Պետերսենի փոխանցմամբ՝ առաքելության անդամները հանդիպումներ են ունեցել Հայաստանի նախագահի, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի, քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչների և քաղաքացիների հետ: Նա փաստել է, որ դիտարկվող բոլոր երկրներում առաքելությունը դիտարկումն անցկացնում է ստանդարտ մեթոդաբանությամբ և կարևորում դիտարկման նույն ձևն ամենուր:

Առաքելության ղեկավարի խոսքով՝ մանրազնին ուսումնասիրվում են երկրի օրենսդրությունը, լրատվական դաշտը և բուն ընտրարշավը: Հաջորդ շաբաթ առաքելությանը կմիանան 250 կարճաժակետ դիտորդներ և 110 խորհրդարանականներ՝ աշխարհի տարբեր երկրներից: Յան Պետերսենը նշել է, որ իրենք համագործակցում են բոլոր դիտորդների հետ և երկու ամիս հետո կհրապարակվի վերջնական զեկույցը:

Դիտորդական առաքելության ղեկավարը նշել է, որ իրենք խորհրդարանական ընտրությունների հաջորդ օրը հանդես կգան մամուլի ասուլիսով՝ ամփոփելով իրենց դիտարկումները և տալով միասնական գնահատական, սակայն Երևանում կմնան մինչև ապրիլի 14-ը:

Ազգային ժողովի հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդագրության համաձայն՝ Գալուստ Սահակյանը հանգամանալից պատասխանել է Յան Պետերսենին և առաքելության քաղաքական վերլուծաբան Դանիելա Դիակոնուին հետաքրքող բոլոր հարցերին, որոնք վերաբերել են Ընտրական օրենսգրքին, խորհրդարանական կառավարման համակարգի ներդրմանը և ռեյտինգային ընտրակարգին:

Ազգային ժողովի նախագահը կարևորել է դիտորդական առաքելությունների գործունեությունը Հայաստանում ընտրությունների նախապատրաստման և անցկացման փուլում: Նրա խոսքով՝ դրանք նպաստում են ժողովրդավարության զարգացմանը և ընտրական համակարգի կատարելագործմանը:

«Մենք բարեխղճորեն ուսումնասիրում ենք դիտորդական առաքելությունների դիտողություններն ու գնահատականները և փորձում ենք իրականություն դարձնել այն առաջարկությունները, որոնք ներկայացնում են դիտորդները», - վստահեցրել է Հայաստանի խորհրդարանի խոսնակը:

Սահակյանը փաստել է, որ Ընտրական օրենսգրքի մշակման, ինչպես նաև ընտրությունների որակի բարձրացմանն ուղղված աշխատանքների ընթացքում Հայաստանը մշտապես համագործակցել է Վենետիկի հանձնաժողովի և ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի հետ: Նա կարևորել է Եվրամիության կողմից կատարված ներդրումն ընտրությունների կազմակերպման գործում և շնորհակալություն հայտնել այն միջազգային կառույցներին, որոնք իրենց ներդրումն են ունեցել Հայաստանում ընտրական համակարգի բարեփոխման հարցում:

ԱԺ նախագահը նշել է, որ Ընտրական օրենսգրքի բարեփոխումն ուղղված է ոչ միայն ընտրական համակարգի կատարելագործմանը, այլև ընտրական գործընթացի նկատմամբ հանրության վստահության բարձրացմանն ու ամրապնդմանը:

Գալուստ Սահակյանը հավաստիացրել է, որ Հայաստանի իշխանությունները պատրաստակամ են միջազգային չափանիշներին համապատասխան ընտրություններ անցկացնելու նպատակով համագործակցել բոլոր դիտորդական առաքելությունների հետ և ակնկալում են մանրակրկիտ ու անաչառ դիտարկում, ինչպես նաև ընտրությունների անկողմնակալ գնահատում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG