Մատչելիության հղումներ

Արթուր Բաղդասարյան․ Թաղի տղեքի ընտրություն չի սա


«Հայկական վերածնունդ» կուսակցության անդամներն այսօր Հայաստանը փոխելու իրենց «30 քայլերը» Վեդիի բնակիչներին էին ներկայացնում։

Երեք տարի Ազգային ժողովի նախագահի, իսկ 2008-ի մարտի 1-ից հետո նախագահ Սերժ Սարգսյանի հետ կոալիցիոն համաձայնությամբ Ազգային անվտանգության խորհրդի նախագահի պաշտոնը զբաղեցրած Արթուր Բաղդասարյանն այսօր իշխանությանը քննադատեց՝ ասելով, թե այն թափանցիկ չի գործում ու հաշվետու չէ ժողովրդին։

Իշխող Հանրապետականի հետ շուրջ 6 տարվա համագործակցության փորձ ունեցող Բաղդասարյանը, ով պատասխանատվությունը ժամանակին ինքն է կրել, ասաց, թե մեկ ուժը մշտապես իշխանություն կամ ընդդիմություն լինել չի կարող․ - «Մենք ասում ենք, որ դա հակասում է տարրական քաղաքագիտական տրամաբանությանը: Մենք չենք պայքարում, և ես վստահ եմ, որ մեր հետ այն 8 ուժերը ևս չեն պայքարում, որպեսզի Հայաստանում դառնան ընդդիմություն: Որովհետև ընդդիմությունը հնարավորություն չի տալիս քո ծրագրերը կյանքի կոչել: Մենք մեր կյանքով ապացուցել ենք, որ մենք պաշտոնից, աթոռից կախված մարդիկ չենք: Այո, ունեցել եմ պաշտոն, բայց չեմ ունեցել լիազորություն իմ երազանքները, իմ ծրագրերը կյանքի կոչելու համար: Ի վերջո ոչ ոք չի կարող բռնանալ մեր ձգտումների ու երազանքների վրա»:

Կուսակցության անդամ, պատգամավոր Իշխան Խաչատրյանն ևս իշխանությանը քննադատեց: Գովեստի խոսքեր էլ հնչեցրեց, սակայն՝ սեփական կուսակցության հասցեին․ - «Այն աշխատանքները, որ տարածաշրջանում եղել են, մշտապես բարձրաձայնվել են Ազգային ժողովում: «Հայկական վերածնունդ» խմբակցությունը եղել է փոքրամասնություն, բայց ամենաակտիվ քաղաքական ուժն է եղել»:

Տարածքային ցուցակով առաջադրված ազգային փոքրամասնության ներկայացուցիչ Շամո Բաթոյանին կուսակցության հատկապես գյուղատնտեսությանն առնչվող ծրագրերը գովաբանեց: Նրա կարծիքով, Ազգային ժողովի խոսափողից հենց գյուղացու ձայնը պետք է հնչի․ - « Ես այդ խոսափողը կտրամադրեմ գյուղին, գյուղացուն և գյուղի կյանքին»:

«Հայկական վերածնունդ» կուսակցության առաջնորդ Արթուր Բաղդասարյանի փոխանցմամբ, իրենք բազմաթիվ «լուսավոր գաղափարներ» ունեն։

«Եթե ցանկանում եք, որ վարձատրվող բանակ ունենաք, գյուղատնտեսության ապահովագրությունը գործի, վարկերն էլ 5 տոկոսով տրվեն, ձեր քվեն մեզ տվեք», - ասաց նա։ - «Թաղի տղեքի ընտրություն չի սա: Մինչև հիմա տենց ա էղել, դրա համար էլ էս օրին ենք: Ժողովենք մեր կոլեկտիվ խելքը, սիրելի հայրենակիցներ, համախոհներ: Բացատրենք մեր կողքի ընկերներին, մարդկանց, որ իսկապես Հայաստանում շատ արագ կարելի է վճռական փոփոխություններ իրականացնել»:

Արթուր Բաղդասարյանն այսօր նաև հեղափոխության կոչ արեց, սակայն՝ «գաղափարների ու գոհիների հեղափոխության»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG