Մատչելիության հղումներ

Ի տարբերություն մյուս ուժերի ծրագրերի, մեր ծրագիրն իրատեսական է․ Զուրաբյան


Լևոն Զուրաբյան, Ալավերդի, 21-ը մարտի, 2017 թ․

«Կոնգրես-ՀԺԿ» դաշինքի ներկայացուցիչներն այսօր քարոզարշավ իրականացրին Ալավերդիում:

«Կոնգրես-ՀԺԿ» դաշինքի նախընտրական ցուցակի երրորդ հորիզոնականը զբաղեցնող՝ ՀԱԿ կուսակցության փոխնախագահ Լևոն Զուրաբյանն այսօր Ալավերդիում, մի քանի տասնյակ ընտրողների հետ հանդիպմանը, ներկայացրեց Լեռնային Ղարաբաղի հարցում դաշինքի դիրքորոշումը:

«Այն պահից, երբ հաստատվում է խաղաղության պայմանագիր՝ երաշխավորված գերտերությունների կողմից, միջազգային հանրության կողմից, այլևս կարելի է Ղարաբաղի ինքնորոշումը համարել կայացած փաստ: Մենք դա ենք ուզում»,- մասնավորապես, ասաց Զուրաբյանը:

«Խաղաղություն, հաշտություն, բարիդրացիություն» կարգախոսով ընտրություններին մասնակցող դաշինքի ծրագրերի մասին խոսելիս Զուրաբյանը պնդեց՝ դրանք իրատեսական են: Մյուս քաղաքական ուժերը, ըստ Զուրաբյանի, պարզապես խոստումներ են տալիս:

«Մերը իրատեսական ծրագիր է: Կարող է իրատեսական ծրագիրը չի համապատասխանում մեր բոլոր ցանկություններին, բայց դա իրատեսական է, այսինքն կատարելի ծրագիր է: Նրանցը ոչ միայն կատարելի չէ, նրանցն իրականում շղարշ է՝ ժողովրդին խաբելու, իշխանությունը վերցնելու և նորից կեղեքելու համար»:

Բնակիչներից մեկի խնդրանքով Լևոն Զուրաբյանը ներկայացրեց խորհրդային ավանդները վերադարձնելու վերաբերյալ իրենց առաջարկը, որը, ընդդիմադիր գործչի համոզմամբ, ավելի արագ կիրականացվի: Հիշեցնենք՝ իշխող Հանրապետականի խորհրդարանական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը, ով Լոռու մարզն ընդգրկող թիվ 9 ընտրատարածքում առաջադրվել է ռեյտինգային կարգով, անիրատեսական էր համարել ընդդիմադիրների նախընտրական խոստումներից շատերը, այդ թվում՝ ավանդների վերադարձին առնչվող խոստումը:

«Մենք ավանդները ձևակերպելու ենք որպես պետության պարտք, որպես պարտատոմս, ու այդ պարտատոմսը հնարավոր կլինի վերավաճառել ֆինանսական շուկայում: Դա ի՞նչ է նշանակում, դա նշանակում է հետևյալը, որ այն մարդը, ով ժամանակ ունի սպասելու, որ հետո այդ պարտքի մարումը ստանա պետությունից, ինքը կարող է սպասել, բայց եթե ինչ-որ մեկին պետք է արագ, հենց հիմա փող, նա կարող է այդ պարտատոմսը վաճառել ֆինանսական շուկայում»,- բացատրեց «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքի ներկայացուցիչը:

Ալավերդցիներն «Ազատության» հետ զրույցում հիմնականում ասում էին, թե որևէ քաղաքական ուժի չեն սատարում և չեն վստահում՝ անգամ նրանց նախընտրական ծրագրերին ծանոթանալուց հետո: «Բոլորը մենակ աթոռների համար են կռիվ անում, որ նստենք վերլուծենք: Մենք չունենք այն կառավարությունը, բոլորը միայն իրենց մասին են մտածում, ժողովրդի մասին չեն մտածում»: «Ես վստահ ասում եմ, այն ուժերը կհաղթեն, որոնք կհամախմբվեն»,- ասացին հավաքին ներկա ալավերդցիներից մի քանիսը:

«Ազատության» հետ զրույցում ՀԱԿ-ի փոխնախագահ Լևոն Զուրաբյանն էլ ասաց, որ Ընտրական նոր օրենսգրքով վերացել են ընտրակեղծիքներ կատարելու հնարավորությունները, այս պահին հիմնական խնդիրը, ըստ նրա, ընտրակաշառքի բաժանումն է, ինչը կանխելու մեխանիզմ իրենք չունեն:

«Մենք ժողովրդին ասում ենք ընդամենը հետևյալը՝ իմացեք ովքեր են ձեր թշնամիները: Ընտրակաշառք բաժանողը թշնամի է: Շահախնդիր բարեգործություն չի լինում: Դա չարագործություն է»,- ասաց Զուրաբյանը: Անդրադառնալով հետընտրական հնարավոր զարգացումներին, նա բացառեց Հանրապետականի հետ կոալիցիա կազմելու հեռանկարը: Ինչ վերաբերում է մյուս քաղաքական ուժերին, «դեռ հստակ դիրքորոշում չունեն»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG