Մատչելիության հղումներ

Մերկելի կուսակիցները կոչ են անում արգելել Էրդողանի ու նրա աջակիցների այցերը Գերմանիա


Անգելա Մերկել, արխիվ
Անգելա Մերկել, արխիվ

Էրդողանը, մինչդեռ, շարունակում է Եվրոպայի դեմ ուղղված իր ագրեսիվ ելույթները:

«Ռեջեփ Էրդողանն ու նրա նախարարներն անցանկալի անձ են Գերմանիայում, բավ է արդեն»,- այսօր հայտարարել է Գերմանիայի իշխող կուսակցության առաջնորդներից մեկը՝ Քրիստոնեադեմոկրատական միության փոխնախագահ Ֆոլկեր Բուֆիերը: Կանցլեր Անգելա Մերկելի բարձաստիճան կուսակիցը կրկնել է՝ «Թուրքիայի նախագահն անցել է թույլատրելիի սահմանը, ֆաշիզմի և Գերմանիայի կառավարության միջև ցանկացած համեմատություն կտրականապես անընդունելի է»:

«Նրանք ցանկալի անձ չեն մեր երկրում, և դա այլևս պետք է հստակ լինի թուրք պաշտոնյաների համար»,- ասել է Բուֆիերն, ընդգծելով․ «Եթե գան, անվտանգության խնդիրներ կառաջանան, մինչդեռ մեկը, ով վիրավորում է Գերմանիայի իշխանություններին այդ ձևով, չպետք է ակնկալի, որ մենք հազարավոր ոստիկաններ կհավաքենք նրա անվտանգությունն ապահովելու համար»:

Մերկելի մեկ այլ կուսակից՝ Սաքսոնիա-Անհալթի վարչապետ Ռեիներ Հազելոֆֆն ավելի հեռուն է գնացել՝ կոչ անելով պաշտոնապես արգելել Էրդողանի ու նրա աջակիցների այցերը Գերմանիա: «Մենք ողջունում ենք բոլորին, որ գալիս են որպես հյուր՝ որևէ հարց քննարկելու, բայց ոչ՝ քարոզի, և սա հատկապես վերաբերում է այն մարդկանց, որոնք վարկաբեկիչ հայտարարություններ են անում մեր երկրի հասցեին»,- Die Welt -ին ասել է գերմանացի պաշտոնյան:

Եվրամիության ընդարձակման հարցերով հանձնակատար Յոհանես Հաննը իր հերթին զգուշացրել է, որ Անկարայի անդամակցությունը եվրոպական ընտանիքին հետզհետե դառնում է ավելի ու ավելի անիրատեսական: «Թուրքիան էլ ավելի է հեռանում Եվրամիությունից և եթե արագորեն չփոխի իր քաղաքականությունը, ԵՄ-ին անդամակցությունը կդառնա շատ ու շատ ավելի անհավանական»,- BILD-ին ասել է Եվամիության հանձնակատարը:

Թուրքիայի նախագահի վրա, սակայն, այս նախազգուշացումները կարծես ամենևին չեն ազդում: Ժամեր առաջ ելույթ ունենալով Անկարայում՝ Էրդողանը ոչ միայն կրկնել է զուգահեռներն Արևմուտքի ու ֆաշիզմի միջև, այլև այդ համեմատությունը դարձրել իր կարգախոսներից մեկը՝ սահմանադրական քարոզարշավում

«Եվրոպացիները տմարդի են, ոչ խիղճ ունեն, ոչ երախտագիտություն: Այսօրվա Եվրոպան ֆաշիստ է, երկրորդ համաշխարհային պատերազմի դաժան Եվրոպան, միջնադարյան Եվրոպան, որը թշնամի էր համարում թուրքերին: Սահմանադրական փոփոխություններին այո ասելով՝ դուք ձեր պատասխանը կտաք այդ Եվրոպային»,- հայտարարել է Էրդողանը:

Ապրիլի 16-ին նախատեսված հանրաքվեից հետո Թուրքիան արմատապես կփոխի իր վերաբերմունքը Եվրոպայի հանդեպ, նաև սպառնացել է Էրդողանը, շարունակելով․ «Մենք թույլ չենք տա, որ մեզ հետ այսպես վարվեն: Թուրքիան հաշիվ կպահանջի Ռոտերդամում ցույցի ժամանակ վիրավորված մեր եղբոր՝ Հուսեին Քուրթի համար: Եթե դուք հարվածում եք մեզ, մենք պատասխան կտանք, ինչ ցանեք՝ այն կհնձեք: Այսուհետ եվրոպական երկրների որևէ գործակալի թույլ չի տրվի աշխատել մեր երկրում: Սա վերաբեում է թե՛ անձերին, թե՛ ինստիտուտներին: Մեզ այլևս չեք կարող վախեցնել ոչ Եվրամիության հետ բանակցությունների դադարեցմամբ, ոչ փախստականների գործարքով, ոչ էլ որևէ այլ հարցով: Վերջ, այդ փուլն այլևս ավարտված է»:

Էրդողանի բորբոքված այս ելույթից հետո նրա կուսակցությունը հայտարարել է, թե չեղարկում է սահմանադրական հանրաքվեից առաջ Գերմանիայում նախատեսված բոլոր հանդիպումները: Մայր օրենքի այդ փոփոխությունները քվեարկության կդրվեն ապրիլի 16-ին: Փորձագետներն ու ընդդիմախոսները վստահ են՝ դրանց նպատակն է ամրապնդել ու երկարաձգել բռնապետական կառավարմամբ հայտնի էրդողանի իշխանավարումը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG