Մատչելիության հղումներ

Վարչապետ. «Կանգնած ենք ֆունդամենտալ բարեփոխումների առջև բոլոր ոլորտներում»


Լուսանկարը՝ կառավարության լրատվականի

«Մենք կանգնած ենք ֆունդամենտալ բարեփոխումների առջև բոլոր ոլորտներում, և մեր խնդիրն է առաջին հերթին բարձրացնել արդյունավետությունը: Մենք պատկերացնում ենք ուր ենք գնալու և ունենք կամք՝ մեր ծրագրերն իրականացնելու համար»,- հայտարարել է վարչապետ Կարեն Կարապետյանը այսօր ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնական, ՄԱԶԾ ղեկավարի՝ քաղաքականության և ծրագրերի աջակցության գծով օգնական Մագդի Մարտինեզ Սոլիմանի հետ հանդիպման ժամանակ:

Կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ հանդիպմանը քննարկվել են Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնի և ՄԱԶԾ-ի միջև հետագա համագործակցությանը վերաբերող մի շարք հարցեր: Կարապետյանը շնորհակալություն է հայտնել Սոլիմանին Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնին ցուցաբերած տեխնիկական օժանդակության համար և կարևորել տարբեր ոլորտներում բարեփոխումների իրականացման, տեսլականի ձևավորման, Հայաստանի միջազգային ներկայացվածության բարձրացման ուղղությամբ գործակցությունը: «Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնն այն հարթակն է, որտեղ պետք է մշակվի մեր վաղվա օրը, և մենք շահագրգռված ենք ՄԱԿ-ի հետ համագործակցությամբ», - ասել է նա:

Սոլիմանը նշել է, որ պատրաստ են շարունակել աջակցությունը Հայաստանում բարեփոխումների իրականացման ուղղությամբ, ինչը կնպաստի առողջապահության, հանրային կառավարման և այլ ոլորտների զարգացմանը: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնականը բարեփոխումների կյանքի կոչման գործում կարևորել է Հայաստանի կառավարության, Սփյուռքի և ՄԱԿ-ի համապատասխան կառույցների համատեղ աշխատանքը, կապերի ընդլայնումն ու ներուժի իրացումը:

Հայաստանի կառավարությունը պատրաստ է լսել ու քննարկել կամայական ոլորտի վերաբերյալ յուրաքանչյուր առաջարկություն, ասել է վարչապետը:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG