Ֆրանսիական TF1 հեռուստաալիքի եթերում նախագահական ընտրություններում առաջադրված 11 թեկնածուներից հինգի մասնակցությամբ երեկ երեկոյան կայացած հեռուստաբանավեճիհաղթողը 39-ամյա Էմանուել Մակրոնն է:
BFM հեռուստաընկերության հրապարակած օնլայն հարցման համաձայն, նախկին սոցիալիստ, այժմ կենտրոնամետ դիրքերից հանդես եկող Մակրոնի մոտեցումները առավել համոզիչ են թվացել հարցվածների 29 տոկոսին: Իսկ Փարիզում լույս տեսնող Le Point հանդեսի պատվերով անցկացված հեռախոսային հարցման համաձայն, Մակրոնին կողմ է արտահայտվել բանավեճին հետևած ֆրանսիացիների 25 տոկոսը: Ավելին, մոտ երեք ժամ տևած բանավեճի ընթացքում Google որոնողական համակարգում արված հարցումների առաջատարը ևս Էմանուել Մակրոնն է:
Դեռ դեբատների մեկնարկից առաջ ֆրանսիական մամուլում կանխատեսումներ կային, որ հիմնական բանավեճը ծավալվելու է քարոզարշավի առաջատարների` Էմանուել Մակրոնի և ազգայնական թեկնածու Մարին Լե Պենի միջև: Եվ իրոք, բանավեճի ամենասուր հատվածները հենց Լե Պենի և Մակրոնի մասնակցությամբ էին: Իրադրությունը թեժացավ այն բանից հետո, երբ «Ազգային ճակատի» առաջնորդը կրկնեց նախկինում բազմիցս արտահայտած իր մոտեցումը` Ֆրանսիան պետք է փակի իր սահմանները բոլոր տեսակի ներգաղթյալների առջև:
«Ես ցանկանում եմ վերջ տալ ներգաղթին, դա միանշանակ է: Ես իմ տեսակետը շատ հստակ եմ արտահայտում` մենք պետք է վերջ տանք թե՛ օրինական և թե՛ անօրինական ներգաղթին», - հայտարարել է Լե Պենին:
Հակադարձելով նրան` Էմանուել Մակրոնը Լե Պենին է մեղադրել ֆրանսիական հասարակությունը պառակտելու փորձերի մեջ․ - «Ձեր սադրանքների միջոցով Դուք հայտնվում եք թակարդում, պառակտում եք հասարակությունը: Դուք թշնամանք եք սերմանում իսլամ դավանող և Ֆրանսիայի քաղաքացի հանդիսացող չորս միլիոն մարդկանց շրջանում: Նրանց ճնշող մեծամասնությունը, ի դեպ, իր կրոնական պատկանելությունը քաղաքացիականից բարձր չի դասում»:
Երկուշաբթի երեկոյան կայացած հեռուստաբանավեճի ընթացքում Մարին Լե Պենի հասցեին կոշտ քննադատությամբ աչքի ընկավ նաև աջ պահպանողական Հանրապատական կուսակցության թեկնածու, նախկին վարչապետ Ֆրանսուա Ֆիյոնը: Նրա քննադատության հիմնական շեշտադրումները ազգայնական թեկնածուի տնտեսական ծրագրին էին վերաբերում:
«Տիկին Լե Պենը եվրոյի գոտին լքելու և ֆրանկը որպես ազգային տարադրամ վերականգնելու իր ծրագրերով կարող է դառնալ ֆրանսիացիների գնողունակության յուրատեսակ սերիական մարդասպանը: Ձեռ առաջարկած քայլերից և ոչ մեկը դրական ազդեցություն չի ունենա մարդկանց գնողունակության բարձրացման վրա: Դուք տանում եք երկիրը դեպի տնտեսական ու սոցիալական քաոս», - հայտարարել է Ֆիյոնը:
Մարին Լե Պենի համոզմամբ, սակայն, նախկին վարչապետի քննադատության իրական նպատակը ընտրողների շրջանում իր ծրագրերի հանդեպ անվստահություն սերմանելն է․ - «Պարոն Ֆիյոն, Դուք զբաղված եք վախի մթնոլորտ ձևավորելով: Նույնն էր արվում Բրեքզիթից, նաև Դոնալդ Թրամփի ընտրություններից առաջ»:
Վերջում հիշեցնեմ, որ նախագահական ընտրությունների առաջին փուլը Ֆրանսիայում կայանալու է ապրիլի 23-ին: Վերջին սոցիոլոգիական հետազոտությունների համաձայն, երկրորդ փուլում հայտնվելու ամենամեծ շանսեր ունեն Էմանուել Մակրոնն ու Մարին Լե Պենը` քվեների 26-ական տոկոսով:
Մայիսի 7-ին կայանալիք երկրորդ փուլում, սակայն, Մակրոնն ըստ ամենայնի համոզիչ հաղթանակ կտոնի: Մինչդեռ վերլուծաբանները անակնկալները ևս չեն բացառում: Վերջին հետազոտությունների համաձայն, ֆրանսիացի ընտրողների 40 տոկոսը դեռ չի որոշել, թե առաջադրված թեկնածուներից ում է տալու նախապատվությունը: