Իվանկա Թրամփը Սպիտակ տանը աշխատանքային սենյակ կունենա: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի 35-ամյա դուստրը, սակայն, նախագահական աշխատակազմում որևէ պաշտոն չի զբաղեցնի, հայտնում է Reuters լրատվական գործակալությունը
Հաղորդվում է, որ գրասենյակը տեղակայված է լինելու Սպիտակ տան արևմտյան թևում, որտեղ է գտնվում նաև Օվալաձև սենյակը:
Նախագահ Թրամփի ավագ դուստրը հաճախ է մասնակցում հոր և միջազգային առաջնորդների հանդիպումներին՝ այդ թվում Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյի և Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ բանակցություններին:
Նրա փաստաբան Ջեյմի Գորելիքը լրատվամիջոցների հետ զրույցում նշել է, որ Իվանկայի ներկայությունը Սպիտակ տանը չի հակասում հովանավորչության մասին ամերիկյան օրենսդրությանը, քանի որ նա որևէ պաշտոն չի զբաղեցնում և աշխատավարձ չի ստանում, այլ կամավոր հիմունքներով է կատարում խորհրդականի պարտականություններ:
Politico պարբերականը, վկայակոչելով Գորելիքի խոսքերը, հայտնում է, որ նախագահի դստեր համար հասանելի կլինի գաղտնի տեղեկատվությունը, նրա գլխավոր խնդիրն է՝ լինել հոր «աչքերն ու ականջները»:
Իվանկայի ամուսինը՝ Ջարեդ Քուշները զբաղեցնում է Սպիտակ տան ավագ խորհրդականի պաշտոնը: Նրա լիազորությունների շրջանակում ներառված են առևտրային քաղաքականությանը և Մերձավոր Արևելքին առնչվող հարցերը: