Մատչելիության հղումներ

Բելառուսի պնդմամբ՝ Հայաստանից թռչող օդանավում ռադիոակտիվ նյութեր են հայտնաբերվել


Բեռնատար ինքնաթիռ օդանավակայանում, արխիվ

Պաշտոնական Մինսկը պնդում է, որ Հայաստանից չվերթ իրականացնող օդանավում Բելառուսի տարածքում ռադիոակտիվ նյութեր են հայտնաբերվել: Երկրի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հանձնարարել է հետաքննել միջադեպը:

Նախօրեին ռուս-բելառուսական զորավարժությունների կազմակերպման հարցերով խորհրդակցության ընթացքում Լուկաշենկոն, անդրադառնալով բելառուսական սահմանին տեղի ունեցող միջադեպերին, մասնավորապես՝ երկրի սահմանով «զենք և այլ վտանգավոր իրեր ու նյութեր» անցկացնելու շարունակվող փորձերին, հայտարարել է․ - «Մի միջադեպ էլ կապված է Հայաստանից եվրոպական երկրներից մեկն ուղևորվող ինքնաթիռում ռադիոակտիվ նյութերի հայտնաբերման հետ: Խնդրում եմ հետաքննել բոլոր այդ միջադեպերը և արդյունքների մասին զեկուցել ինձ»:

«Այս ամենը վկայում է այն մասին, որ մենք չպետք է կորցնենք մեր զգոնությունը և պետք է աչալուրջ լինենք ու ոչ մի դեպքում մեր երկրի իրավիճակի ապակայունացման առիթ չտանք», - "БелТА" պետական գործակալության փոխանցմամբ` նաև ասել է Բելառուսի նախագահը:

Նրա այս հայտարարությունից քիչ անց պարզաբանումներ է ներկայացրել Բելառուսի սահմանապահ ծառայությունը` նշելով, որ միջադեպը տեղի է ունեցել կիրակի օրը երկրի հարավարևելյան Գոմել քաղաքի օդանավակայանում:

«Հայաստանից Բուլղարիա ուղևորվող օդանավում հայտնաբերված արկղերից մեկի ռադիացիոն ֆոնը նորման գերազանցել է 250 անգամ», - հայտարարել է Բելառուսի սահմանապահ ծառայության ներկայացուցիչ Օլեգ Լյաշուկը:

Ռուսական ТАСС գործակալությունն էլ հայտնում է, որ օդանավը ուղևորատար չէր և մեկնում էր Բուլղարիա:

Մինսկից հնչող այս պնդումների առնչությամբ Հայաստանի քաղավիացիայի վարչությունը նշում է, որ երկրից ներկա դրությամբ դեպի բելառուսական քաղաքներ ուղիղ չվերթներ չեն իրականացվում: Այդ մասին «Ազատությանը» փոխանցեց գերատեսչության խոսնակ Սաթենիկ Հովհաննիսյանը՝ նշելով, որ հավելյալ պարզաբանումները կներկայացվեն ավելի ուշ:

«Արմենպրես»-ի հարցին ի պատասխան՝ Հայաստանի էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնել են, որ դեռևս 2016 թվականի հոկտեմբերի 3-ին, «Հայկական ատոմային էլեկտրակայան» ՓԲԸ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման և հիմնական հանգույցների արդիականացման ծրագրի շրջանակներում աշխատանքների հիմնական պատվիրատու «Ռուսատոմսերվիս» ընկերության կողմից ընտրված կապալառու կազմակերպության` խորվաթական «ԽՐԻԴ» ընկերության կողմից, բելառուսական JSC Aircompany Grodno ավիաընկերության օդանավով Հայաստանի էին ներկրվել համապատասխան սարքավորումներ՝ ծրագրով նախատեսված շահագործման հսկողության աշխատանքների իրականացման նպատակով: Աշխատանքների ավարտից հետո նշված սարքավորումները «ԽՐԻԴ» ընկերության կողմից նույն եղանակով տեղափոխվել են Հայաստանից: Բելառուսական JSC Aircompani Grodna ավիաընկերությունը 2017 թվականի մարտի 15-ին հայտ է ներկայացրել Երևան-Գոմել երթուղով թռիչք իրականացնելու համար: «Բեռի բնույթի վերաբերյալ ուղեկցվող փաստաթղթում տրվել է համապատասխան տեղեկատվություն բելառուսական ավիացիոն իշխանություններին և ստացվել է թռիչքի թույլտվություն: Սարքավորումների տեղափոխման գործընթացը իրականացվել է համապատասխան տրանսպորտային ընկերության հետ կնքված պայմանագրերի և փաստաթղթերի հիման վրա միջազգային բոլոր կարգավորող փաստաթղթերով սահմանված կարգով», - փոխանցել են նախարարությունից:

Հայաստանի և Բելառուսի միջև սա հերթական լարվածությունն է վերջին ամիսներին: Անցած ամիս, հիշեցնենք, Հայաստանի դաշնակից Բելառուսը Ադրբեջանին արտահանձնեց վերջինի պահանջով Մինսկում ձերբակալված բլոգեր Ալեքսանդր Լապշինին, ով Բաքվի բանտում է հայտնվել Լեռնային Ղարաբաղ այցելության համար: Աղմկահարույց այդ իրադարձությունը հաջորդեց Լուկաշենկոյի Բաքու այցին, որտեղ նա ադրբեջանցի գործընկերոջ կողմից պարգևատրվել էր Հեյդար Ալիևի անունը կրող շքանշանով և խոստացել վարձահատույց լինել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG