Մատչելիության հղումներ

Ռեյտինգային ընտրակարգը «ընտրությունը վերածել է արմունկային պայքարի»


Ապրիլի 2-ի գլխավոր ընտրությունը պատերազմի և խաղաղության միջև է․ այսպես է «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքը սկսեց հանրահավաքը Իջևանում՝ նախ հավաքվածներին ներկայացնելով խաղաղության իրենց ծրագիրը:

«Եկել է պահը, որ մենք ասում ենք՝ պետք է այդ հաղթանակը ամրագրել, ամրացնել, պայմանագիր դարձնել, միջազգային իրավունքի միջոցով փաստաթուղթ ձևակերպել Ղարաբաղի համար և ուժեղացնել Հայաստանը, ուժեղացնել Ղարաբաղը: Որպեսզի մենք կարողանանք հետագա մեր մարտահրավերներին, պրոբլեմներին դիմանանք և ավելի ուժեղ լինենք», - ասաց դաշինքի ցուցակում հինգերորդ հորիզոնականը զբաղեցնող, ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը:

Նրա խոսքով՝ Մինսկի խմբի միջնորդությամբ 20 տարի բանակցված փաստաթուղթը, որով տարածքային զիջումների միջոցով կհաստատվի խաղաղություն, ի վերջո Հայաստանի իշխանությունները պետք է իրականություն դարձնեն, իսկ եթե ի վիճակի չեն, պետք է հեռանան․ - «Վա՜յ հայրենասերները, կենացով հայրենասերները, Կիրովաբադում չայ խմելու ցանկություն ունեցողները չեն կարող խնդիրը լուծել: Ոչինչ, քաշվեք մի կողմ: Կա քաղաքական ուժ՝ Կոնգրես-ՀԺԿ քաղաքական դաշինքը, որը ասում է՝ ես գալիս եմ Ղարաբաղի արժանապատիվ լուծման ծրագիրը իրականացնելու»:

ՀԱԿ կուսակցության փոխնախագահ Լևոն Զուրաբյանն իր հերթին պնդեց, որ Հայաստանը տնտեսական զարգացման տեմպերով հետ է ընկել Ադրբեջանից, ներդրումները իշխող կուսակցության օրոք ավելի քան 1 միլիարդից նվազել են՝ կազմելով մոտ 200 միլիոնի դոլար։ Պատճառը, ըստ Զուրաբյանի, այն է, որ ոչ ոք չի ցանկանում ներդրում կատարել մի երկրում, որտեղ օրեցօր ծաղկում է կոռուպցիան և մեծանում է պատերազմի վտանգը․ - «Ամեն տեղ կորուստներ ունենք․․․ Հիմա այս վարչապետը եկել, ասում է՝ ես ներդրումներ եմ բերելու: Ինչո՞ւ հավատանք: Որովհետև ավելի գեղեցիկ ես, քան նախորդ վարչապե՞տը: Մի քիչ նվագել գիտես․․․ Սա ինչ է գեղեկցության մրցո՞ւյթ է, որ հավատանք: Ժողովուրդ ջան, այս հեքիաթներին երբեք մի հավատացեք: 18 տարի եթե մի կուսակցություն ձախողել է երկրի կառավարման գործը, այդ կուսակցությանը քշում են»:

Նրա խոսքով՝ անգամ Հանրապետականն է խոստովանում իր կարգախոսով, որ երկրի կառավարման գործը ձախողել է․ - «Անվտանգություն և առաջընթաց․․․ Եթե 18 տարի հետո նորից անհրաժեշտություն է իշխող կուսակցության կարգախոսի մեջ դնել անվտանգություն բառը, նշանակում է դու արդեն ձախողել ես ամեն ինչ: Դու ինքդ ընդունում ես, որ պրոբլեմը կապված է անվտանգության հետ: Բա այդ անվտանգությունն ապահովված էր․․․ մենք պատերազմում հաղթել էինք, մենք ունեինք շատ ավելի ուժեղ բանակ»:

ՀԺԿ կուսակցության առաջնորդ Ստեփան Դեմիճյանն անդրադարձավ ծրագրային մեկ այլ դրույթի՝ անհրաժեշտ է Հայաստանում հաստատել արդարություն․ - «Դա նշանակում է արդար ընտրություններ։ Այսօրվա վիճակը հետևանք է շարունակաբար կեղծվող ընտրությունների, իշխանության յուրացման: Արդարության ծրագիրը նշանակում է ապահովել բոլորի հավասարությունը օրենքի առաջ, վերացնել անպատժելիությունը: Անպատժելիությունը խարխլում է մեր պետության հիմքերը: Արդարության ծրագիրը ենթադրում է նաև հետամուտ լինել թալանված միջոցները պետբյուջե վերադարձնելը»:

Դաշինքի ներկայացուցիչները քննադատեցին նաև իշխող կուսակցության նախաձեռնած սահմանադրական փոփոխություններից հետո ներդրված ռեյտինգային կամ տարածքային ընտրակարգը, որը ընտրությունը վերածել է «արմունկային պայքարի»․ - «Դանակով փոր են թափում, կրակում են: Արդեն Մասիսում դեպքերը լիքն են, Արմավիրում դեպքերը լիքն են, Աջափնյակում իրար ուտում են, իրար հոշոտում են: Եվ դա դեռ ծաղիկներն են, կտեսնեք դեռ ինչեր են լինելու: Այս ընտրական աննորմալ համակարգը, որ Հանրապետականը մտցրեց, իրենք գլխին է շուռ գալու» (Արամ Մանուկյան):

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG