Մատչելիության հղումներ

Ղրիմում դատում են «Ազատության» թղթակցին


«Ազատության» թղթակից Միկոլա Սեմենա, արխիվ
«Ազատության» թղթակից Միկոլա Սեմենա, արխիվ

Միկոլա Սեմենային մեղադրանք է առաջադրվել Ռուսաստանի տարածքային ամբողջականությունը խախտելու կոչերի համար:

Այսօր Ղրիմի մայրաքաղաք Սիմֆերոպոլում մեկնարկել է «Ազատություն» ռադիոկայանի թղթակից Միկոլա Սեմենայի դատավարությունը: Նրա կատարած գործողությունների հիմքով քրգործ էր հարուցվել դեռ անցած տարվա գարնանը: Վերջինս թեև ձերբակաված չէ, բայց իրավունք չունի հեռանալ Ղրիմից, իսկ Սիմֆերոպոլից դուրս գալու համար պետք է թույլտվություն խնդրի:

Դատական այսօրվա նիստից առաջ Սեմենան լրագրողներին ասել է, որ իրեն մեղավոր չի ճանաչում: Այսօրվա նիստը կարճ է տևել: Պաշտպանական կողմը միջնորդություն է ներկայացրել՝ ապահովել դատական լսումերի հրապարակայնությունն ու հասանելիությունը: Փաստաբանը խնդրել է ավելի մեծ դահլիճ հատկացնել, քանի որ բոլոր լրագրողները չէ, որ կարողացել են ներկա գտնվել Սիմֆերոպոլի Ժելեզնոդորոժնի շրջանի դատարանի նիստին: Միջնորդությունից հետո դատավարությունը հետաձգվել է մինչև ապրիլի 3-ը:

66-ամյա Լրագրողին դատում են մի հոդվածի համար, որում նա քննադատել է Ռուսաստանի կողմից Ղրիմի բռնակցումը և աջակցություն հայտնել ուկրաինացի ակտիվիսների՝ Ղրիմը շրջափակելու նախաձեռնությանը: Սեմենային մեղադրանք է առաջադրվել Ռուսաստանի տարածքային ամբողջականությունը խախտելու կոչերի համար: Առաջադրված մեղադրանքով նրան մինչև 5 տարվա ազատազրկում է սպառնում:

Չնայած Ռուսաստանի վրա ԱՄՆ-ի, Եվրոպական երկրների գործադրած ճնշմանը, ինչպես նաև լրագրողական և իրավապաշտպան կազմակերպությունների կոչերին՝ դադարեցել հետապնդումն ու ազատ արձակել լրագրողին, գործը հասել է դատական լսումների փուլ: Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության աշխատակիցների իրականացրած հարցաքննության ժամանակ Միկոլա Սեմենան ասել է, որ իր հրապարակումներով ինքն իրացրել է «ազատ արտահայտվելու իրավունքը»:

Միկոլա Սեմենայի դատավարությունը հաջորդում է մեկ շաբաթ առաջ Եվրախորհրդարանի ընդունած բանաձևին, որում Մոսկվային կոչ է արվում ազատ արձակել Ուկրաինայի ավելի քան երեք տասնյակ քաղաքացիների, որոնք Ռուսաստանում, Ղրիմում կամ Ուկրաինայի արևելքում գտնվում են մեկուսարաններում:

Պարտադիր կատարման ուժ չունեցող այդ բանաձևը Ռուսաստանին հորդորում է նաև բոլոր նշված մարդկանց, այդ թվում Միկոլա Սեմենային, ազատ տեղաշարժվելու հնարավորություն տալ: Վաշինգտոնը ևս անցած շաբաթ Ռուսաստանին կոչ է արել՝ դադարեցնել Սեմենայի դեմ կեղծ մեղադրանքների առաջադրումը, ազատ արձակել նրան և քաղաքական դրդապատճառներով մեղադրվող մյուս բոլոր ուկրաինացիներին:

Անցած շաբաթ լրացավ Ղրիմի բռնակցման երրորդ տարին: Վաշինգտոնը և Եվրախորհրդարանն այդ առթիվ դատապարտեցին Ռուսաստանի կողմից ուկրաինական թերակղու բռնակցումը, որն անօրինական են համարում ՄԱԿ-ի անդամ շուրջ 100 երկրներ:

Ղրիմի նախկին գլխավոր դատախազ Նատալյա Պոկլոնսկայան, որը մեղադրանք էր առաջադրել Միկոլա Սեմենային, ասել է, թե RFE/RL's Krym.Realii կայքը, որում զետեղվել էր հիշյալ հոդվածը, «արդարացնում է սաբոտաժի գործողություններն ու ծայրահեղականությունը, ներառյալ՝ էթնիկ ատելությունը»: Նատալյա Պոկլոնսկայան այժմ Ռուսաստանի Պետդումայի պատգամավոր է:

Միկոլա Սեմենան անցած ամիս «Ազատությանն» ասել էր, որ իր դեմ մեղադրանքներն ապացույց չունեն, որովհետև Ղրիմի կարգավիճակը հստակ չէ նույնիսկ Ռուսաստանի Դաշնության շրջանակներում: «Ղրիմը վիճահարույց տարածք է, ինչը լայն քննարկման առարկա է դարձել ամբողջ աշխարհում, և ըստ միջազգային իրավունքի, ըստ ռուսական օրենսդրության, ես իրավունք ունեմ մասնակցելու այդ քննարկմանը և հայտնելու իմ տեսակետը»,- նշել է լրագրողը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG